ՀՀ Ոստիկանության պետ՝ Վ․Օսիպյանին
ՀՀ Գլխավոր դատախազ՝ Ա․ Դավթյանին
ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին
Մեղավորության կանխավարկածի հիմքով ոստիկանության ապօրինի գործողություններ
Կարդացեք նաև
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի բաց նամակը
8 Հուլիս, 2019
2019 թ․ հուլիսի 6-ին, ժամը 18։00-21։00 Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան իրավապաշտպան Աննա Շահնազարյանը համաձայն սոցիալական ցանցերում նախապես հայտարարվածի՝ Երևան քաղաքում աջակիցների հետ միասին դրամահավաք էր իրականացնում Ամուլսարի պաշտպանության համար։
Ժամը 20։50-ի սահմաններում նրան են մոտենում ոստիկաններ և պահանջում ներկայացնել դրամահավաք իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանից, ինչպես նաև պայմանագիր քաղաքապետարանի հետ և քաղաքապետարանի կողմից դրամահավաքի արկղի դրոշմակնքում։
Ոստիկանները հրաժարվում են ներկայացնել, թե նման պահանջներ ներկայացնելու համար իրենք ինչ օրինական հիմքեր ունեն։ Այնուհետև նրանք ոստիկանության մեքենայով Աննա Շահնազարյանին հարկադրաբար տեղափոխում են ոստիկանության Կենտրոն բաժին, որտեղ տեղեկացնում են, թե նյութեր են նախապատրաստում խարդախության կասկածանքով։ Աննա Շահնազարյանին ժամը 23։00-ի սահմաններում բաց են թողնում, տեղեկացնելով, թե ընթանում է խարդախության կասկածանքով հետաքննություն։
ՀՀ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է․
«Պարզաբանենք, որ հուլիսի 6-ին’ ժամը 21.40-ի սահմաններում, պարեկային ոստիկանները Արամ Խաչատրյանի արձանի մոտ նկատել են դրամահավաքությամբ զբաղվող մի խումբ անձանց։ Նրանցից Աննա Շահնազարյան ներկայացած անձը հայտնել է, որ դրամահավաքն իր նախաձեռնությամբ է։ Քաղաքացին ոստիկաններին չի ներկայացրել նման գործունեություն ծավալելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն, ուստի խարդախության կասկածանքով ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Համապատասխան ստուգումներից և անհարժեշտ պարզաբանումներից հետո Աննա Շահնազարյանը բաց է թողնվել։»
Ոստիկանության գործողությունները մի շարք հարցեր են առաջացնում, մասնավորապես.
- Աննա Շահնազարյանը բերման է ներկայացվել ոստիկանություն։ Ոստիկանություն կիրառում է անձին ազատությունից զրկելու նոր տերմին «ներկայացվել է բաժին»։ Սա անընդունելի է։
- Քաղաքացին բերման է ենթարկվել ակնհայտ անհիմն հիմքերով. ի՞նչն է հիմք հանդիսացել հնարավոր խարդախության կասկածի։
- Ի՞նչ է պարզվել բերման ենթարկելուց հետո, որ թույլ է տվել քաղաքացուն ազատ արձակել, ինչո՞ւ դա հնարավոր չէր անել տեղում։
«Դրամահավաքները, նաև փողոցում, հանրային համերաշխության կարևոր գործիքներից է։ Ոստիկանության «պարզաբանումը» ոչ օրինական գործողությունների նկարագրություն է, բայց ոչ իրավական հիմքերի հիմնավորում։ Քաղաքացին զրկվել է ազատությունից, նրա առջև խնդիր է դրվել ապացուցելու, որ իր գործողությունները չեն կրում հակաօրինական բնույթ։ Հետագայում նրա առջև խնդիր է դրվել ապացուցել նաև խարդախության բացակայության փաստը։ Փաստացի ՀՀ Ոստիկանությունը տվյալ դեպքում առաջնորդվել է սովետական տոտալիտար տարիներին բնորոշ «մեղավորության կանխավարկածով»»․ – նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի տնօրեն, Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Արտակ Կիրակոսյանը։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում․
- ՀՀ Ոստիկանությանը դադարեցնել քաղաքացիների անօրինական հետապնդումները
- ՀՀ Դատախազությանը կատարել համապատասխան քայլեր ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ապահովելու և ՀՀ Ոստիկանության ապօրինի գործողությունների կասեցման, մեղավորներին պատժելու ուղղությամբ,
- ՀՀ իշխանություններին իրավական և քաղաքական գնահատական տալ ՀՀ Ոստիկանության գործողություններին։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ