Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմի աշխատանքը հանգեցրել է ԵԱՀԿ-ում հակահայկական ձեւակերպումների դուրսբերման. Շահան Գանտահարյան

Հուլիս 08,2019 13:11

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համար արցախյան հակամարտության մասին պատրաստված զեկույցում օգտագործվել էր այնպիսի եզրաբանություն, որը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը։

Եզրաբանությունը  բնականաբար միակողմանի էր եւ համահունչ չեր հավասարակշռություն պահպանող միջնորդական առաքելության օգտագործած բառապաշարին եւ ասելաձեւերին։

ԵԱՀԿ ԽՎ-ի զեկուցողը նկատի պետք է ունենար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգտագործած եզրույթները իրավիճակի գնահատականը ձեւակերպելիս եւ որեւէ կերպ հակասություն չպետք է  ստեղծեր միեւնույն կառույցի այն խմբի հետ, որը լիազորվել էր միջնորդական առաքելություն իրականացնելու։ Խոսքը  վերաբերում է իռլանդացի զեկուցողի կողմից օգտագործված «ադրբեջանական 7 տարածքներ» ասույթին։

Միակողմանի մոտեցում ներառած զեկույցը բնականաբար չեր կարող հիմք ծառայել բանակցությունների։

Գերակա պիտի նկատվեին համանախագահների մոտեցումները, հայտարարություններն ու կոչերը։ Համանախագահների վերջին իրարահաջորդ հրապարակումները նման եզրույթներ չէին օգտագործել։

Իհարկե, ադրբեջանական կողմը աշխատել էր իրեն հատուկ միջոցներով. եւրոպական կառույցները իրազեկ են այն մեթոդաբանությանը, որ Բաքուն կիրառում էր հերթական անգամ բանաձեւեր որսալու։ Այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակության անդամը նման բանաձեւի նախագիծը համարում էր հավասարակշված, խոսում է արդեն ադրբեջանական ծանոթ միջոցների կիրառման մասին։

Բանաձեւի նախագծում փոփոխություն ներառելու թիրախային աշխատանքը արդյունավորվել է։ Հայկական կողմի բազմաուղղությամբ աշխատանքը հանգել է հակահայկական ձեւակերպումների դուրսբերման. հիմնավորումը պարզ է․ԵԱՀԿ-ի առնչված որեւէ բանաձեւ չի  կարող խախտել համանախագահների ստեղծած միջնորդական հավասարակշռությունը։

Մանավանդ, որ ամբողջ բանակցային գործընթացը շարունակում է ընթանել Հելսինկյան սկզբունքների հիման վրա՝ որոնք բացառում են ուժի կիրառումը, հարգում են իրավահավասարությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։

Չմոռանանք, որ ԵԱՀԿ ԽՎ-ի անդամ է 57 երկիր, որոնք ունեն 350 պատգամավոր. հետեւաբար բազմաթիվ ուղղություններով աշխատանքը հանգել է արդյունքի եւ ԵԱՀԿ-ն փաստորեն մերժել է ինքնահակասական ընթացքը։

Մի դիտարկում-տեղեկություն այս առիթով կարող է  որոշ լույս սփռել զեկուցաբերի մասին։ 2013-ին Ալան Ֆարելը սոցիալական ցանցերով անհարմար գրառում էր կատարել մի երգչի  մասին եւ ապա իր կայքով ներողություն խնդրել։

Մնալով ԵԱՀԿ-ի շրջանակներում՝ զուգահեռ զեկուցումից հակահայկական ձեւակերպումները դուրս բերելու փաստին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ողջունում էր Իտալիայի  խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից Ապրիլի 24-ի սահմանումը , որպես հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Հայկական կողմը առաւելություններ է արձանագրում թե՛ Անկարայի եւ թե՛ Բաքվի ուղղությամբ։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031