Լրահոս
Օրվա լրահոսը

Հուրգադայում լրագրողները հյուրընկալվեցին բեդուիններին

Հուլիս 08,2019 11:30

Պարզեցին` ինչու եգիպտուհիները չեն աշխատում

Այս տարվա Երեւան-Հուրգադա առաջին չվերթով, արդեն ավանդական դարձած՝ ճանաչողական այցի շրջանակներում, հայաստանյան տարբեր լրատվամիջոցների լրագրողներ մեկնեցին Եգիպտոս:

Նշեմ, որ եթե նախկինում հայ զբոսաշրջիկները ստիպված էին Եգիպտոս թռչել Վրաստանից, ինչը մեծ անհարմարավետություն էր ստեղծում, ապա արդեն երկու տարի է եգիպտական AIR CAIRO ավիաընկերությունը շաբաթը մեկ անգամ Եգիպտոսի Հուրգադա եւ Շարմ էլ Շեյխ քաղաքներից կանոնավոր չվերթներ է կատարում դեպի Երեւան՝ նոր էջ բացելով հայկական տուրիզմի զարգացման գործում:
Թռիչքի տեւողությունը երեք ժամ է:

Ի դեպ, եթե Շարմ էլ Շեյխ մեկնելու համար ելքի արտոնագիր պետք չէ, ապա Հուրգադայում պետք է անձնագրային բաժնում վճարել 25 դոլար ու ստանալ ելքի արտոնագիր:

Ապա ժամացույցի սլաքները հետ տվինք երկու ժամով՝ համապատասխանեցնելով տեղական ժամանակին ու մեզ դիմավորած ռուսախոս էքսկուրսավար Սամիրի ուղեկցությամբ նստեցինք ավտոբուս` ուղեւորվելով հյուրանոց:

Լրագրողների «թեթեւ ձեռքով» մեր էքսկուրսավարն անմիջապես կնքվեց Սամվել, Սամո եւ մի ամբողջ շաբաթ սիրահոժար մնաց մեր «հայ» ընկերը՝ մեծ պատրաստակամությամբ մեզ ծանոթացնելով Եգիպտոսին ու եգիպտացիներին, նրանց կենցաղին, ավանդույթներին, մշակույթին, ներկայացրեց քաղաքը:

Հուրգադան գտնվում է Կարմիր ծովի արեւմտյան ափին, Կահիրեից 500 կմ հեռավորության վրա:

Այն նախորդ դարասկզբին բրիտանացի նավթափորներով ու տեղացի ձկնորսներով բնակեցված մի փոքրիկ գյուղ է եղել: Այնուհետեւ Եգիպտոսի Հանրապետության ու Իսրայելի միջեւ Քեմփ-Դեւիդյան համաձայնության ստորագրումից հետո, այն վերջին 10 տարիներին ռազմական տարածքից վերափոխվել է հանգստավայրի ու Կարմիր ծովի ափի երկարությամբ վեր են խոյացել նորակառույց, ժամանակակից պահանջներին համապատասխան, հարմարավետ հյուրանոցները: Նշեմ, որ Հուրգադայում լողափերն էլ են ավելի հարմարավետ, կորալներից մաքրված, անվտանգ: Լողային սեզոնը տեւում է ութ ամիս:

Ի դեպ, Եգիպտոսի 6-րդ ալիքով կարող ես Հուրգադայի հեռուստատեսության հաղորդումները դիտել եւ այս հանգստավայրի մասին այլ տեղեկություններ էլ ստանալ:

Հուրգադայի քաղաքապետարանի շենքը

Լրագրողներով մեր հանգիստը վայելեցինք հինգաստղանի եւ վեցաստղանի հյուրանոցային համալիրներում: Բացի այդ, այցելեցինք նաեւ մեկ տասնյակից ավելի, Կարմիր ծովի երկայնքով տեղակայված, հյուրանոցներ՝ ծանոթանալով հյուրանոցային ու սպասարկման պայմաններին:

Հուրգադայի քրիստոնեական Ղպտիական եկեղեցին

Բեդուինների ընտանիքը

Բոլոր հյուրանոցներում սպասարկող անձնակազմը չափազանց սիրալիր էր, ուշադիր: Արվում էր ամեն ինչ հանգստացողների համար հագեցած հանգիստ կազմակերպելու համար՝ առավոտյան ցամաքային եւ ջրային մարզանքներ, պարերի ուսուցում, բազմազան խաղեր, յոգա, աերոբիկա, իսկ երեկոյան շոու ծրագրեր՝ փոքրերի ու մեծերի համար:

Երկրորդ օրը մեկնեցինք անապատներ, վարեցինք չորս անիվանի մոտոցիկլը: Այստեղ հյուրընկալվեցինք մի բեդուին ընտանիքի, որտեղ ամուսինն իր չորս կանանց ու 14 երեխաների հետ էր ապրում: Սամիրը պատմեց, որ բեդուիններն ապրում են անապատներում, հեռու կապի միջոցներից ու քաղաքակրթությունից:

Բեդուինն ամուսնանում է միայն բեդուինի հետ, ում համար կին ընտրում է տղայի մայրը: Մինչեւ ամուսնությունը տղան ու աղջիկն իրար չեն ճանաչում:

Իսկ համաձայնության գալու համար, երբ հարսնախոսները գալիս են պատասխանն իմանալու, աղջիկը հյուրերին հյուրասիրում է թեյով՝ եթե այն քաղցր է, ուրեմն պատասխանը դրական է, հակառակը նշանակում է մերժում: Ի դեպ, ընդունված է ամուսնությունը երկրորդ սերնդից սկսած՝ հորաքույր, հորեղբայր, քեռու աղջիկ եւ այլն: Ըստ որում, կնության են առնում վճարելով:

Միսս բեդուինը արժե 25 ուղտ, կամ 75 հազար դոլար:

Արտաքնապես ոչ այնքան գեղեցիկը՝ մի քանի ոչխար կամ հավ: Առեւտուրը կարելի է իրականացնել նաեւ դոլարով կամ իրենց ազգային դրամով` եգիպտական ֆունտով: Նրանք ունենում են չորս կին, որոնք ծածկված են ոտքից գլուխ, միայն աչքերն են բաց:

Բեդուինները չունեն քաղաքացիություն, հաշվառված չեն, քանի որ անձնագիր չունեն, ուստի եւ մոտավոր է նրանց թիվը՝ Եգիպտոսի բնակչության մոտ 5 տոկոսն են կազմում: Նրանք դպրոց չեն գնում, տառաճանաչ չեն: Հետաքրքիր է նաեւ բեդուինների ապրելու վայրի ընտրությունը՝ քանի որ բնակվում են բնակավայրից հեռու անապատներում, ուստի անհրաժեշտ պայմանը ջրի առկայությունն է:

Որպեսզի անապատում իմանան ջրի տեղը, ուղտերին մի քանի օր ջուր չեն տալիս, այլ միայն աղով համեմված սնունդ ու բաց են թողնում անապատ՝ հեռվից հետեւելով:

Ուղտերը հոտոտելով գտնում են ջրի տեղն ու նստում իրար մոտ: Բեդուինները համոզված, որ այդտեղ ջուր կա, վրան են խփում ու փորում, կառուցում ջրհորը:

Տապից նեղված, խմեցինք ջրհորի սառցե պաղությամբ ջուրը, վայելեցինք բեդուինական խոտաբույսերից պատրաստված թեյը, որն ի դեպ առանց շաքարի էր ու ադրենալինի չափավոր բաժնով վերադարձանք հյուրանոց:

Այցելության երրորդ օրը տեղափոխվեցինք մեկ այլ հյուրանոց ու կարծես հայտնվեցինք Հայաստանում՝ շուրջն ամենուրեք հայեր էին: Այդ հյուրանոցը ոչ միայն շատ գեղեցիկ էր՝ երփներանգ ծաղկած ծառ ու ծաղիկներով, այլեւ շատ հարմար, հատկապես` երեխաների հետ հանգստացողների համար:

Վերջին երկու օրը հյուրընկալվեցինք BARON PALACE Sohi Hasheesh վեց աստղանի հյուրանոցում: Հյուրանոցը անվանը հարիր էր՝ այստեղ դու քեզ իսկապես բարոն կամ բարոնուհի էիր զգում՝ սպասարկում անհատական մոտեցմամբ՝ աշխարհի բոլոր երկրների ազգային ռեստորաններով՝ համերկրացի խոհարարներով:

Ի տարբերություն նախորդների, այս հյուրանոցը մեծ չէր, ուներ ընդամենը 635 համար, որոնցից, ինչպես տեղեկացա ռուս մենեջեր Աննա Մերեժկոյից, 50% էր զբաղեցված, ինչը պայմանավորված է Եգիպտոսի համար հյուրանոցի օրավարձի բարձր գնով՝ 400 դոլարից սկսած: Ըստ մենեջերի, փետրվար-մարտ ամիսներին հյուրանոցը համարյա դատարկ է լինում:

Ի դեպ, ոչ միայն այս, այլ առհասարակ բոլոր հանգստավայրերում է վիճակը վերջին երեք տարիներին վատացել է՝ հայտնի ավիավթարից հետո, երբ ռուսական իշխանությունները փակեցին օդային ուղին ու իրենց քաղաքացիներին արգելեցին հանգստանալ Եգիպտոսում, մեծ վնաս պատճառելով տեղի տուրիստական բիզնեսին: Նրա պատմելով, եթե նախկինում իրենց հյուրանոցում միայն եվրոպական ու ռուսական խմբեր էին հյուրընկալում, ապա այժմ ընդլայնել են աշխարհագրությունն ու խմբեր են ընդունում Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Չինաստանից:

Ինչպես տեղեկացանք, վերջին երեք տարում, Հուրգադայում առկա մոտ 200 հյուրանոցներից 30-ը չկարողանալով դիմանալ մրցակցությանը, սննկացել են, փակվել:
Եգիպտոսի հանգստավայրերն էլ հայտնի են հուշանվերների առատությամբ:

Քանի որ լրագրողներիցս մի քանիսը նախկինում էլ էինք եղել այս երկրում, արդեն գիտեինք եւ մյուսներին էլ «լուսավորեցինք», որ մեզ հարկավոր է լավ սակարկել, «գին քցել»: Եգիպտոսում առեւտուրը կարող ես անել ինչպես իրենց ազգային դրամով՝ ֆունտով, այնպես էլ դոլարով կամ եվրոյով՝ ինչը այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ եվրոն հաշվում են դոլարի կուրսով:

Նշեմ, որ եթե անգամ չեք տիրապետում օտար լեզվին, Հուրգադայում բոլոր հյուրանոցների աշխատակազմը տիրապետում է ռուսերենին: Բոլոր հյուրանոցներում հավաքարարից սկսած մինչեւ մատուցող, խոհարար տղամարդիկ են աշխատում:

Միայն հատուկենտ ռուս կամ եվրոպացի կանանց տեսանք աշխատող՝ ադմինիստրատիվ կազմում, որոնք տարիներ առաջ ամուսնացել են տեղացու հետ ու ապրում են Հուրգադայում:

Եգիպտուհիները չեն աշխատում ու չեն էլ ուզում, քանի որ, ըստ իրենց, իրենք թագուհի են ու ամոթ է աշխատելը:

Ամուսինը պարտավոր է աշխատի ու ապահովի ընտանիքի կարիքները: Իսկ իրենք շատ երեխաներ են ունենում ու զբաղվում նրանց դաստիարակությամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ
Հուրգադա-Երեւան

«Առավոտ» օրաթերթ
6.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031