Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասը չափահաս դարձավ, քրեական պատասխանատվության ժամկետն էլ անցավ

Հուլիս 08,2019 13:30

Անչափահաս Ա. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սպառնալով Ֆեյսբուք սոցիալական կայքի միջոցով տարածել անչափահաս Թ.Հ.-ի մերկ լուսանկարները, նրան հարկադրել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Մեղադրող Տ.Պողոսյանը դեռ ապրիլից վերաքննիչ բողոք էր բերել դատարան, հունիսի 10-ին քրեական վերաքննիչ դատարանի կազմը հաստատվել է, հուլիսի վերջին կլսվի «անչափահասների» գործը:

Մեղադրողը պահանջում է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, համաձայն որի՝ Ա. Խ.-ի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճվել է եւ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, եւ գործն ուղարկվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Ընդհանուր իրավասության դատարանում 25 դատական նիստ է տեղի ունեցել:

Պարզվել է, որ անչափահաս ամբաստանյալը Ֆեյսբուք սոցիալական կայքում երկու տարբեր անուն-ազգանուններով (կնոջ) անձնական էջ է ունեցել, շփվել է նամակներով անչափահաս Թ. Հ.-ի հետ, ստացել է տուժողի մերկ լուսանկարները, ապա շանտաժի միջոցով՝ սպառնացել է ՖԲ ընկերների շրջանում տարածել նրա մերկ լուսանկարները:

Նրանք հանդիպել են «Սասունցի Դավիթ» կայարանում՝ որպեսզի «լուսանկարները չհրապարակելու դիմաց՝ հարկադրաբար սեռական հարաբերություն ունենան», սակայն «հանդիպման վայրից սեռական հարաբերության հարկադրելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին»:

Երկու անչափահասներն էլ՝ ամբաստանյալն ու տուժողը, դատարանի որոշմամբ ունեցել են ներկայացուցիչներ:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից որոշում էր կայացվել քրեական գործով տուժողի կողմից ՖԲ սոցիալական կայքից ներբեռնված եւ ոստիկանության աշխատակիցներին տրամադրված իր եւ կեղծանմամբ հանդես եկած օգտատիրոջ միջեւ փոխանակված հաղորդագրությունների բովանդակությունը եւ լուսանկարները պարունակող էլեկտրոնային կրիչը՝ լազերային սկավառակը, բջջային հեռախոսահամարների վերծանումները պարունակող թղթային կրիչները ապացույց ճանաչելու մասին:

Ապացույց է ճանաչվել անչափահաս մեղադրյալի՝ Ա. Խ.-ի բնակարանի խուզարկության ժամանակ նրա ներկայացրած համակարգիչը:

Դատաքննության ընթացքում անչափահասի պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը եւ կարճել քրեական գործի վարույթը՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, ինչին չի առարկել տուժողի օրինական ներկայացուցիչը:

Դատարանը վերացրել է նաեւ Ա. Խ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` հսկողության հանձնելը:
Իրեղեն ապացույց ճանաչված համակարգիչը ոչնչացվել է:

Մնացած ապացույցները դատարանի որոշմամբ «պետք է թողնել քրեական գործի նյութերին կցված՝ դրա պահվելու ամբողջ ժամանակաշրջանում»:

Ինչ վերաբերում է պատասխանատվությունից ազատել վաղեմության ժամկետի հետ կապված, դատարանն իրավական գնահատականներով հանգել էր հետեւյալին. «Մինչեւ տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս սույն օրենսգրքի 75-րդ եւ 81-րդ հոդվածներով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են կիսով չափ:

Նկատի ունենալով, որ Ա. Խ.-ին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն եւ նրան վերագրվող արարքի վաղեմության ժամկետը կրճատվում է կիսով չափ, դատարանի տրամադրության տակ առկա փաստական տվյալների համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքը կասեցվելուց եւ վերսկսվելուց հետո՝ կատարված հանցագործությունը ավարտված համարելու օրվանից անցել է կեսը՝ 2 տարի 6 ամիս ժամանակ, ինչպես նաեւ Ա. Խ.-ն չի առարկում վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր վերաբերյալ քրեական գործի կարճման ու քրեական հետապնդման դադարեցման դեմ, ուստի դատարանը գտնում է, որ պետք է քրեական գործի վարույթը կարճել եւ Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը անցնելու հիմքով»:

Դատարանը բողոքը կլսի հետեւյալ կազմով՝ նախագահող Սերգեյ Մարաբյան, դատավորներ Ռուզաննա Բարսեղյան եւ Տիգրան Սահակյան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
6.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031