ԱԺ-ում պատգամավորներն այսօր քննարկում են ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած՝ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ ուղղիչ հիմնարկներում գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալներին տրամադրվում է կարճաժամկետ մեկնում՝ սոցիալական ինտեգրման նպատակով. մասնավորապես, խոսքն ամսական մեկ գիրք կարդալու եւ կարդացածի մասին հանձնաժողովի հարցերին պատասխանելու գործընթացի մասին է: Օրինագծի վերաբերյալ կառավարության տեսակետը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, որը մի շարք հարցադրումներ արեց:
«Ովքե՞ր են որոշելու՝ դատապարտյալն իրապես զբաղվե՞լ է ընթերցանությամբ, թե ոչ: Կարծում եմ՝ այդ հանձնաժողովում մասնագետներ՝ հոգեբաններ եւ սոցիոլոգներ պետք է ներգրավված լինեն, որոնք կարող են արձանագրել ընթերցանության փաստը: Պետք է նաեւ արձանագրել, թե որ գրքերն ունեն սոցիալական ինտեգրման առաքելություն: Գրքերի ցանկ պետք է սահմանել: Կարեւոր է, որ գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չլինեն, որովհետեւ հանձնաժողովի ձեւավորումը ենթադրում է հայեցողական բաղադրիչ: Պետական մարմիններում խնդիր ենք դրել բացառել անհարկի հայեցողական բաղադրիչը, որը չի բխում խնդրի իրավակարգավորումից»:
Տիգրան Խաչիկյանը նաեւ հավելեց, որ նախարարությունն առաջարկ ունի. «Կարճաժամկետ արձակուրդ արդեն իսկ տրվում է օրենքով՝ անձնական բացառիկ հանգամանքներով եւ սոցիալական վերականգման նպատակներով պայմանավորված: Այն տրամադրվում է ոչ թե մինչ այդ դրսեւորած խրախուսական վարքագծի համար, այլ սոցիալական վերականգնման նոր փուլի մեջ մտնելու համար: Ուստի ձեր նախագիծը խաթարում է կարճաժամկետ արձակուրդի մեկնելու գաղափարը»:
Ըստ Տիգրան Խաչիկյանի՝ Բագրատյանի օրինագծի հիմքում ավելի ճիշտ է դնել ոչ թե գիրք կարդալու հիմքով կարճաժամկետ արձակուրդ մեկնելը, այլ կարճաժամկետ կամ երկարաժամկետ տեսակցության տրամադրման հնարավորությունը: Այս գաղափարը Սերգեյ Բագրատյանին դուր եկավ. «Կդիտարկենք, հոգեբանների հետ կխոսենք: Գործընթացում կարող են ներգրավվել նաեւ դիտորդական կազմակերպությունները»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է հայտնվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, քննարկվի եւ քվեարկվի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ