Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վկաները վախենում են զրկվել մի ափսե ճաշից, եթե գան, ասեն ճիշտը

Հուլիս 08,2019 13:00

Տարեց կինը լաց եղավ դատավորի վերաբերմունքից

Օֆելյա Հարությունյանի բողոքին մենք անդրադարձել ենք, երբ այն լսվում էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Նախորդ օրը տարեց կինը միայնակ ներկայացել էր Երեւան քաղաքի դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայր: Այս անգամ գործը լսելու է դատավոր Ա. Թադեւոսյանը:

Տարեց կինն ունի լսողության հետ կապված խնդիր, ուստի դատավորի ամեն հարցից հուզվում էր, նեղվում, որ չի կարողանում լսել, իսկ երբ դատավորը նրբանկատ դիմեց նրան, ասելով՝ մի հուզվեք, կինը սկսեց լաց լինել, ասելով, որ վերջապես մեկը փորձում է լսել իրեն:

Օ.Հարությունյանը ռուսախոս է, չէր կարողանում բացատրել իր իրավունքների խախտման մասին:

Դատավորը ճշտեց, որ նա ունի հանրային պաշտպան, ընդմիջում հայտարարեց, կապվեցին կնոջ ներկայացուցչի հետ, որպեսզի հաջորդ նշանակվելիք նիստին նա ներկայանա: Ներկայացուցչից էլ իմացան, որ բողոքը նաեւ դատախազության դեմ է, հետեւաբար, կծանուցվի նաեւ դատախազը:

Մեկ տարի առաջ Ամանորի առթիվ Օ.Հարությունյանին կանչել են օգնություն տալու: Այդ օգնությունը ստանալու ժամանակ հերթում հրել են, նա ստացել է ողնաշարի կոտրվածք:

Համաձայն դատաբժշկի եզրակացության՝ Օֆելյա Հարությունյանը ստացել է աջ բազկի շրջանի արյունազեղման եւ աջից երկրորդ կողոսկրի կոտրվածքի ձեւով առողջությունը տեւական ժամանակով քայքայող միջին ծանրության վնասվածք: Ավագ հետաքննիչը որոշում էր կայացրել նախապատրաստած գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:

Շենգավիթի ոստիկանության ավագ հետաքննիչ Հ. Մկրտչյանի մոտ Օ.Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասին, որ «Առաքելություն Հայաստան» Շենգավիթ համայնքի կենտրոնում սոցիալապես անապահով մարդկանց նվերներ բաժանելու ընթացքում հրել են իրեն, ինչի հետեւանքով նա վայր է ընկել: Նա հրողի անունն էլ էր գրել, պնդել է իր ասածը ոստիկանությունում»:

Սակայն քրեական գործ չեն հարուցել, տիկին Օֆելյան քննիչի որոշման դեմ բողոքել է, դատախազին է դիմել: Նա ասում է, որ վկաները վախենում են զրկվել մի ափսե ճաշից, եթե գան, ասեն ճիշտը:
Դատավոր Ա. Թադեւոսյանը քննիչից պահանջել էր, որպեսզի գործի նյութերն ուղարկեն դատարան: Սակայն դրանք դեռ չէին ստացվել:
Իսկ Օ.Հարությունյանի ձեռքի տակ եղած մի քանի փաստաթղթերը դատարանում պատճենահանվեց, տրամադրվեց նորից նրան:

Բողոքի քննությունը նշանակվեց հուլիսի 15-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
6.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031