Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզային «փոքրիկ քայլից» մինչեւ «միջազգային քայլ»՝ ծայրահեղ լարված իրավիճակում

Հուլիս 08,2019 12:30

Հաճախ չենք հանդիպում, երբ երիտասարդ արվեստագետը մի կողմ է դնում իր կարիերան ու գործունեություն ծավալում մարզային կրթամշակութային ոլորտում: Խոսքը այս տարի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կարմիր դիպլոմով ավարտած դաշնակահար (պրոֆեսոր Կարինե Օհանյանի դասարան) Արտյոմ Հարությունյանի մասին է: Նա դեռեւս 2018թ. Արմավիրի մարզում հիմնեց «Արտպրոգրես» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը: «Առավոտին» հայտնի է միայն մայիսին կազմակերպության անցկացրած «Փոքրիկ քայլ» միջմարզային երաժիշտ կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին Արմավիրի, Արագածոտնի, Արարատի երաժշտական ու արվեստի դպրոցների ավելի քան 360 մասնակից: Ընդ որում՝ փառատոնի մասին մեզ հայտնի դարձավ Արտյոմի պրոֆեսորի հետ զրույցում: Տիկին Օհանյանի հավաստմամբ, փայլուն դաշնակահարը խոստացել է հասարակական գործունեությունը հենց աշնան սկզբից զուգահեռել մարզային ելույթներով՝ մենահամերգի ձեւաչափով:

Մեզ հետ հանդիպման ժամանակ Արտյոմ Հարությունյանը ներկայացրեց իր կազմակերպության մեկ-երկու նպատակները: «Ցանկություն ունեմ նպաստել մարզերի մշակութային համաչափ զարգացմանը: Ռիսկային խմբերի եւ հասարակության միջեւ ստեղծել ամուր կապ արվեստի միջոցով: Էլ ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը: Օրինակ, արվեստը անհրաժեշտ է հասանելի դարձնել զինծառայողներին, մանկատների սաներին, քրեակատարողական հիմնարկներում ժամանակավորապես գտնվող բնակիչներին»,- ասաց մեր զրուցակիցը, հետո էլ տեղեկացրեց, թե մինչ օրս անցկացրել է բարեգործական միջոցառումներ, երեկոներ՝ նվիրված արվեստի հայ մեծերին: Առանձնացրեց հատկապես Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգը եւ Էջմիածնի «Մեր տունը» բարեգործական կազմակերպության սաների համար կազմակերպած միջոցառումը:

Հետաքրքրությանը, թե կազմակերպությունն ունի՞ աջակիցներ, երաժիշտը բարձրաձայնեց միայն Էջմիածնի քաղաքապետարանի անունը. «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնն անցկացվեց Էջմիածնի քաղաքապետարանի միջեւ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Մտադիր եմ 2020թ. այս միջոցառումներն անցկացնել հանրապետության մասշտաբով ու Արցախում: Աջակցության խնդրանքով դիմել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը»:

Հարցին, թե ի՞նչ մակարդակի վրա է կրթությունը մարզերի երաժշտական դպրոցներում, դաշնակահարը պատասխանեց. «Պատկերը հետեւյալն է՝ որքան հեռանում ես մայրաքաղաքից, այնքան նկատելի է երաժշտական դպրոցներում տարվող կոնկրետ ուսումնական մեթոդների որակի նվազումը: Նախ՝ անհրաժեշտ է վերանայել կադրային քաղաքականությունը, դպրոցներում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժները փոքրամասնություն են: Գոնե միջին մասնագիտական կրթություն ունեցող դասատուների հետ անցկացվեն վերապատրաստման դասընթացներ, ծանոթացնելով նրանց նոր մեթոդների հետ եւ այլն»:

Արտյոմ Հարությունյանի պրոֆեսորից տեղեկացել էինք, որ նա վերջերս որպես կոնցերտմայստեր մասնակցել է Վրաստանում կայացած անվանի ջութակահար ու մանկավարժ, Թբիլիսիի եւ Մոսկվայի կոնսերվատորիաների պրոֆեսոր Մարինե Իաշվիլիի անվան առաջին միջազգային մրցույթին, որին մասնակցել են ավելի քան 15 երկրի շուրջ 80 երաժիշտներ: Հայաստանը ներկայացրել են 10 երաժիշտ, հիմնականում Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցից, կոնսերվատորիայից եւ Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջից:

Արտյոմ Հարությունյանն ասաց, որ մրցելույթները ընթացել են ջութակահարների, թավջութակահարների, ալտահարների եւ տավղահարների միջեւ: «Ես նվագակցում էի Ազգային օպերային թատրոնի նվագախմբի արտիստ, ալտահար Հայկազ Կարապետյանին եւ մեր կոնսերվատորիայի ուսանող, թավջութակահար Հայկ Առաքելյանին (պրոֆեսոր Արմեն Մեսրոպյանի դասարան): Հայկազն արժանացավ երրորդ կարգի մրցանակի, իսկ Հայկը դարձավ դիպլոմանտ: Դասական ձեւաչափով անցկացվող մրցույթի ժյուրին եւ հանդիսականը մեծ ոգեւորությամբ ընդունեց հայ երաժիշտների մեկնաբանությամբ Խաչատրյանի թավջութակի եւ Էդուարդ Հայրապետյանի ալտի կոնցերտները: Նշեմ, որ ժյուրին չափից ավելի ընդլայնված կազմով էր: Նախագահը հանրահայտ երաժիշտ, ջութակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոն էր, իսկ անդամների թվում էին Լոնդոնի թագավորական նվագախմբի կոնցերտմայստեր Ռոման Սիմովիչը, Թբիլիսիի կոնսերվատորիայի պրոֆեսոր, լարային ամբիոնի վարիչ Էռնստ Առաքելովը, կային երաժիշտներ նաեւ եվրոպական այլ երկրներից, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներից, նաեւ Հայաստանից, այդ թվում՝ ջութակահար, Բաբաջանյանի անվան քոլեջի լարային բաժնի վարիչ Արամ Հարությունյանը:

Իսկ տավղահարների մրցույթի ժյուրին, բնականաբար, առանձին էր, որը ղեկավարում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտ, վաստակավոր արտիստ Ժաննա Հովհաննիսյանը: Ի դեպ, տավղահարների առաջին օրվա մրցելույթից արդեն իսկ պարզ էր, որ գլխավոր մրցանակին է հավակնում մեկ երաժիշտ՝ Աիդա Մուրադյանը: Այդպես էլ եղավ»,- ասաց մեր զրուցակիցը:

Քանի որ կայացած մրցույթի առաջին օրը համընկել էր Վրաստանում ներքաղաքական լարված վիճակի հետ, հետաքրքրվեցինք՝ չխանգարե՞ց այն արդյոք: «Մտավախություն կար, նույնիսկ խոսակցություններ էին պտտվում, թե հնարավոր է մրցույթը հետաձգվի: Բայց, կարճ ասած, ծայրահեղ լարված ներքաղաքական իրավիճակը չխանգարեց արվեստին»,- փաստեց դաշնակահարը:

Ի դեպ, Արտյոմ Հարությունյանը վրաստանյան մրցույթում լավագույնը ճանաչված 4 կոնցերտմայստերներից մեկն է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

06.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031