Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահին տեսել եմ, կուզեմ վարչապետին էլ հանդիպել»

Հուլիս 08,2019 12:00

Չտեսնող տղայի տեսանելի երազանքները

13-ամյա Գոռ Համբարձումյանին հանդիպեցինք «Երեւան, իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնում: Գոռը հաճախում է երգի, դաշնամուրի, լողի, սովորում է Գոգոլի անվան դպրոցի 8-րդ դասարանում, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Չտեսնելը նրան բնավ չի խանգարում գնալ իր երազանքների հետեւից:

Մասնակցել է Դիանա Գուրցկայայի կազմակերպած «Սպիտակ ձեռնափայտ» փառատոնին, որը կայացել է Մոսկվայում, այնտեղ զուգերգ է երգել Ռադիոն Գազմանովի հետ: Նաեւ 2018-ին «Արտմյուզիք» մրցույթին է մասնակցել եւ երկրորդ տեղն է զբաղեցրել:

Գոռը հպարտությամբ է նշում, թե ինչպես է Երեխաների միջազգային օրը հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ասում է` ելույթ է ունեցել, նշել է, որ կուզենար Հայաստանում այնպիսի հարմարություններ լինեին, որ ինքը կարողանար մենակ տեղաշարժվել, ինքնուրույն գնալ երգի, դաշնամուրի, ավելի հարմարավետ միջավայրի մասին է խոսել: Գոռը սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, դասական վոկալի եւ դաշնամուրային բաժիններում, գերազանց է սովորում: Ասում է, որ նախագահը բեմից խոստացել է, որ իրենց երազած փոփոխությունները կիրականանան:

Գոռը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած կոնֆերանսին, որտեղ հնարավորություն է ունեցել խոսել բուլինգից, ինչի մասին թիմով նյութ էին պատրաստել: Երբ երաժշտության մասին խոսեցինք, Գոռն ասաց, որ իր սիրելի կոմպոզիտորները Ռոբերտ Ամիրխանյանն ու Առնո Բաբաջանյանն են, նաեւ երազում է Անդրեա Բոչելլիի հետ զուգերգ երգել: Ներկայումս հանդիպել է Արսեն Սաֆարյանի հետ եւ նրա հետ երգել է ու ձայնագրվել «Ես կամ»-ի շրջանակներում:

«Երազանք ունեի, որ Շառլ Ազնավուրի հետ եւս երգեի, բայց, ցավոք, չիրականացավ»,-ափսոսում է տղան: Ի դեպ, ինքն էլ է երգեր գրում:

«Նախկին դպրոցում ինձ համար համապատասխան գրքեր ու պայմաններ չկային, այս դպրոցում էլ համարյա չկա, բայց սիրում եմ իմ դպրոցը, ուսուցիչներին»,- ասում է Գոռը, որ գիտելիքներ է ստանում բրայլյան համակարգի նյութերով:

Մեր զրույցի ընթացքում ընկերությանն էլ անդրադարձ եղավ, Գոռն ասում է, որ լավ ընկերներ ունի: Իսկ կյանքում երբեւէ ունեցած թանկ նվերը համարում է փոքր եղբոր ծնունդը: Իր ամենաուրախ օրն էլ ծննդյան օրն է: «Շատ ուրախ օրեր եմ ունեցել, բայց ամենասիրելի օրը ծննդյանս օրն է: Երեւի երեխաների 50%-ը սիրում է իր ծննդյան օրը, որովհետեւ նվերներ է ստանում, բայց ես սիրում եմ, որովհետեւ իմ բոլոր հարազատները եւ ընտանիքս այդ օրը հավաքվում են»,- ասում է տղան: Նաեւ հավելում, որ ամեն տարի այդ օրը իր ձեռքով մատաղ է բաժանում բոլորին:

«Որ երազանք ես ունենում, պետք է նպատակ դնես ու հասնես դրան, ես ունեմ իմ կարգախոսը` միշտ շարժվել առաջ, ինչ էլ որ լինի, չվախենալ խոչընդոտներից…Երբ որեւէ խոչընդոտ է լինում, ես իսկույն այս կարգախոսն եմ հիշում, նաեւ գիտեմ, որ երբ Աստված որեւէ փորձություն է տալիս, հաղթարելու ուժ էլ է տալիս… Կյանքը խաղ է, պետք է հաղթահարես…»,-վստահ է Գոռը:

«Ցանկանում եմ մեծանալ ու դառնալ հանրաճանաչ երգիչ, Հայաստանը ներկայացնել հեղինակավոր բեմերում, որ ինձ բոլորը դիտեն, ճանաչեն: Ինձ թվում է եւ դասական երգեր կներկայացնեմ, եւ էստրադա»,-ասում է երեխան:

Ինչ վերաբերում է գրականությանը, սիրելի հեղինակներն են Չարենցն ու Րաֆֆին, ասում է. «Մի քիչ ինձ նման են մտածում, իմ հայացքով են նայում կյանքին: Հատկապես Եղիշե Չարենցը իմ ամենասիրելի բանաստեղծն է… Բայց արկածային գրականություն էլ եմ կարդում»: Նշում է` հաճախ առավոտյան 4-ին, 5-ին արթնանում է, քրոջն արթնացնում է, որ գնան մի այլ սենյակում թաքուն գիրք կարդան: «Մաման չգիտես որտեղից է տեղեկանում ու մեզ ուղարկում քնելու»,-ժպտում է Գոռը:

Նա այլ ցանկություն էլ ունի, չի բացառում, որ գուցե քաղաքականությամբ զբաղվի, հետագայում վարչապետ կամ նախագահ դառնա, բայց երբ պաշտոն չունենա, դարձյալ կշարունակի երգել, քանի որ դա ամենահաճելի զբաղմունքն է համարում: «Նախագահին արդեն հանդիպել եմ, կուզենամ մի անգամ էլ վարչապետին հանդիպել, որովհետեւ ես էլ եմ այդ գործով ուզում զբաղվել… Ուզում եմ լավ կառավարել, եթե չկարողանամ, չեմ պաշտոնավարի, ուզում եմ իմ երկրի համար լավ լինի, բոլորը վերադառնան…Հո Համո Սահյանն իզուր չի՞ գրել` «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ»,-ասում է Գոռը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ,

06.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031