Վերջերս Դիլիջանում կայացած հայ-վրացական գործարար համաժողովին, որի ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի խորացմանը, տարածաշրջանային զարգացման ծրագրերին առնչվող հարցեր, մասնակցել են նաեւ «Էկոստեպ» ընկերության տնօրեն, արևային էներգետիկայի փորձագետ Յուրի Կաչաչյանը եւ նրա տիկինը՝ ընկերության մարքեթինգի պատասխանատու Մարիամ Մեյրոյան-Կաչաչյանը:
Նրանք հրավիրված էին Ջավախքի աջակցության հիմնադրամի կողմից եւ, հետեւաբար, ցանկություն ունեին ընդգծելու բազմաթիվ խնդիրներ ունեցող Սամցխե–Ջավախեթի տարածաշրջանի յուրահատկությունը: Aravot.am-ի հետ զրույցում Մարիամ Մեյրոյան-Կաչաչյանը ասաց, թե ինչ հարց է ուղղել վրացական կողմին, որտեղ շեշտադրել է հայաբնակ տարածաշրջանի զարգացման կարեւորությունը ու նոր իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:
Մարիամ Մեյրոյան- Կաչաչյանը նախ նշեց, որ «Էկո Ստեպը» համարվում է գերմանական AE Solar ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որը գործարան է ստեղծել Վրաստանում, այնպես որ բիզնես մակարդակով հայ-վրացական տնտեսական զարգացման համատեքստում արդեն համագործակցություն՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրները, զարգացման հեռանկարների քննարկում վրացական ընկերությունների հետ եւ այլն:
«Քանի որ դա երկու պետությունների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագիր էր, եւ մենք ներկայացնում էին նաեւ Ջավախքի աջակցության հիմնադրամը, իմ հարցը հետեւյալ համատեքստում էր՝ Հայաստան-Վրաստան բիզնես-մակարդակում կա համագործակցություն, սակայն աջակցության ինչպիսի՞ ծրագրեր ունի Վրաստանը՝ ազգային փոքրամասնությունների, մասնավորապես Ջավախքի հայության համար: Մանավանդ տնտեսական զարգացման առումով Ջավախքը հետ է ընկել Վրաստանի մյուս շրջաններից: Հարցրեցի, թե ի՞նչ հեռանկարներ, ներդրումային ծրագրեր ունի Վրաստանի կառավարությունը ՝ Ջավախքի տնտեսության զարգացման առնչությամբ»,- ասաց Մարիամ Մեյրոյան-Կաչաչյանը
Նրանից տեղեկացանք, որ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն շնորհակալություն էր հայտնել բիզնես մակարդակում համագործակցության համար եւ ասել, որ Վրաստանի կառավարությունը փորձում է ուշադրություն արժանացնել Սամցխե–Ջավախեթի տարածաշրջանը, որի զարգացումը տարբեր պատճառներով հետ է ընկնում:
Մարիամ Մեյրոյան-Կաչաչյանը հավելեց, թե իր հարցով փաստում էր, որ բիզնես մակարդակով արդեն կարողանում են զարգացնել տնտեսությունը, մնում է վրացական՝ կառավարությունն էլ կամք դրսեւորի ու տնտեսական ձեռնարկները պետական հովանավորության արժանանան, ջավախահայերի իրավունքները չսահմանափակվեն:
Հավելենք, որ «Էկոստեպը» ստեղծվել է ռուսական կապիտալով, ընկերությունը առաջարկում է այլընտրանքային էներգիայի լուծումներ: «Էկոստեպի» տնօրենը Կրասնոդարի հայ է, որի պապերը Արեւմտյան Հայաստանից ստիպված են եղել գաղթել Ջավախք: Արմատներով Ջավախքից է նաեւ Մարիամը, եւ իրենք երկուսով որոշել են օգտակար լինել հայաբնակ տարածաշրջանին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ