Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հուլիսի 7-ին ազդարարվեց 16-րդ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային փառատոնի բացումը, ավելի վաղ Շառլ Ազնավուրի հրապարակում կայացել էր հոբելյանական պատվո աստղերի տեղադրում՝ Բագրատ Հովհաննիսյանի եւ Արման Մանարյանի ծննդյան 90 եւ Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով:
Կարդացեք նաև
Ապա այս ամենին հաջորդել է Կարմիր գորգի արարողությունը: Կարմիր գորգից հետո փառատոնի բացման բուն արարողությունն է, իսկ բացման ֆիլմն է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը:
Փառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 14-ը: Փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Հավելենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, նաեւ ընտրվել են մի շարք ֆիլմեր աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի:
«Ոսկե ծիրանի» հիմնադիրներից կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը նշեց, որ նոր կազմով է փառատոնն աշխատել եւ վստահ է, որ հաջողելու են: «Ամեն ինչ նոր է, բացի մեր հին բարեկամ ՎիվաՍել-ՄՏՍ»-ից»,-ասաց նա: Նաեւ նշեց, որ լավ ֆիլմեր են ընտրվել ու ամեն ինչ ճաշակով է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ