Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդար Կոմանդոսի 80-ամյակը․ Անիի ավերակների դիմաց նա բարձրացրեց Հայոց Եռագույնը (Ֆոտոշարք)

Հուլիս 06,2019 23:27

Այսօր Գյումրու Հայորդաց տանը (նախկինում կոչվել է Սպայի տուն) մեծ տոնակատարությամբ նշվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի 80-ամյակը։ Նրան շնորհավորելու էին եկել հոգևորականներ, արվեստագետներ, ռազմական գործիչներ, դասախոսներ․․․

Այն կազմակերպել էր «Շիրակ հայրենակցական միությունը», որի անդամ է նաև լեգենդար Կոմանդոսը։ Նրա ծննդյան տոնը սկսվեց աղոթքով, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Ավագյանի օրհնությամբ ու շնորհավորանքով։ Գեղանկարիչ, լուսանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան Կոմանդոսին նվիրեց իր իսկ նկարը։ Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը նույնպես նկար նվիրեց՝ նշելով, որ ավագանու առաջին  նիստում Կոմանդոսին  Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում կշնորհեն։

Ցուցադրվեց ֆիլմ հերոսի կյանքի մասին։

Նշենք, որ մինչ Գյումրիում ծննդյան տոնը նշելը,  լեգենդար հերոսը եղել էր իր պապական գյուղում՝ Խարկով կամ Նոր Շենում, որը Անիի ավերակներից ընդամենը մեկ ձորով  է բաժանված։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի վարչական տարածքում գտնվող այս գյուղը դատարկված է․ ընդամենը մեկ բնակչուհի ունի՝ Վահանդուխտ Վարդանյանն է, որն արդեն 83 տարեկան է։ Գյուղ հասնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը․ ամեն անգամ անցագիր հանելն էլ այնպիսի տհաճություն է պատճառել տեղացիներին, որ նրանք ճարահատյալ լքել են հայրենի բնակավայրը։ Այստեղ տները կիսավեր են,  եկեղեցին խոնարհված է, եկեղեցու քահանան եղել է Արկադի Տեր Թադևոսյանի պապը՝ Տեր Թադևոսը։

Կոմանդոսն այսօր եկեղեցու կողքին՝ Անիի պատմական մայրաքաղաքի դեմ-դիմաց ծածանել է Հայոց Եռագույնը։

«Շիրակի հայրենակցական միության» նախագահ Վարազդատ Ավոյանն այսօր լեգենդար հրամանատարին շնորհավորելիս՝ վերհիշեց բնակիչների կողմից լքված Խարկով գյուղն ու նրա միակ հերոս բնակչուհուն։ Դահլիճը թնդաց ծափահարություններից՝ լսելով գյուղին շունչ տվող միակ բնակչուհու մասին։ Տիկին Վահանդուխտը կատարել է թուրքական յաթաղանից փրկված իր սկեսրոջ պատգամը, որը մահից առաջ հորդորել է հարսին․ «Հաց թխելու ալյուր էլ չունենաք՝ թոնիրը վառեք, թող ծուխ դուրս գա, ու թշնամին տեսնի, որ գյուղում մարդ է ապրում, չուրախանա դատարկվելուց»։

Վարազդատ Ավոյանը, ներկաներին պատմելով այս մասին, ասաց․ «Այդ գյուղը Արկադի Տեր-Թադևոսյանի պապենական գյուղն է, նա իր մանկության տարիներն անցկացրել է այդ գյուղում, ոչինչ որ այսօր համանգամանքների բերումով լքյալ է, բայց մենք բոլորս այս նոր իրողությունների պայմաններում պիտի մտածենք ինչպես անել, որպեսզի այդ գյուղը վերակենդանանա։ Մենք Արկադի Տեր-Թադևոսյանի 80-ամյակի  կապակցությամբ մշակել ենք մի փոքրիկ աշխուժացնող քայլ․ Երևան-Խարկով-Գյումրի զբոսաշրջային երթուղի ենք կազմակերպելու, որին մասնակցելու են պատանիներն ու երիտասարդները, որոնք ռազմահայրենասիրական դասը պիտի վերցնեն Արկադի Տեր-Թադևոսյանից։

Խարկով գյուղ մեր այցելությունը նման էր ուխտագնացության․ ավերակ գյուղ, դիմացը մեր հնամենի Հայոց մայրաքաղաքը, այդ գերության մեջ խոնարհված եկեղեցին, այդ գյուղին շունչ տվող մի կին՝ հերոսուհի հայուհի Վահանդուխտ Վարդանյանը»։

Վարազդատ Ավոյանը նշեց, որ խորհրդանշական էր Արկադի Տեր- Թադևոսյանի ձեռքով Հայոց մեծ դրոշի բարձրացումը եկեղեցու կողքին՝ ի տես հարևանների։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ Կարապետյան says:

    Քաջ առողջություն ու երկար կյանք պանծալի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031