Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Հուլիս 06,2019 21:36

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝

Գլուխ 1

Գլուխ 2

Գլուխ 3

ԳԼՈՒԽ 4

Մարգարեություն

Ալեքսանդր Գոմեսը թունդ կոնծել էր, սակայն պայծառ էին մտքերը, իսկ խմիչքը բացել էր լեզուն։ Նա տուն էր վերադառնում բարձր տրամադրությամբ, կանխավ վայելելով երջանկության ցանկալի հեռանկարը, կանխավ պատկերացնելով իրադարձություններ, որոնք ճրագ պիտի վառեին իր օջախի ներսում։ Գլխարկը զորամասում էր մոռացել, իսկ շինելը բաց էր, արձակ։ Աշնան ցուրտ քամին կաթիլներ էր ծեփում դեմքին՝ սևորակ մազերը խառնելով, օձիքից ներս սողոսկելով և առագաստի պես ծածանելով փեշերը։

Բնակարանում մեռելային լռություն էր։ Թերեզան անկողին էր մտել և պառկած էր վերմակի տակ կուչուձիգ, մարդկության հետ կապ չունեցող հայացքով։

Ծաղկավաճառից վարդեր գնելով, Ալեքսանդրը մանրադրամ շնորհեց վաճառողուհուն, ճանապարհի մնացորդն անցավ քթի տակ հայրենասիրական մի երգ դնդնալով ու վերջապես հասավ իր բնակարանի դռանը։ Վաղուց արդեն՝ տուն էր մտնում սուս ու փուս, կախ սրտով, ծանր լռությամբ։ Սակայն հիմա, երբ գինին, բարձր տրամադրությունն ու պայծառ մտքերն էին խոսում համերաշխ համաձայնությամբ, Ալեքսանդրը ոտք դրեց բնակարանի շեմին բարձր-բարձր խոսելով և կնոջ ցանկալի ներկայությունը պահանջելով։

– Որտե՞ղ ես, Թերեզա,- որոտաց զինվորականը…- Ախա՜ր ո՞ւր ես գնացել, է՜…- Կոշիկները միջանցքում թողեց, քաջ գիտեր, թե ներսում ինչ է կատարվում, և բոկոտն շարժվեց դեպի ննջարան։ -Թերեզա՜… Ի՞նչ ես պառկել, ա՛յ կին, գիտե՞ս, թե ինչ միտք եմ հղացել…

Գլուխը վերմակի տակից հանելով և բացակա հայացքն ամուսնուն հառելով՝ կինը հանկարծ տեսավ ալ կարմիր վարդերն ու անորոշ մի բան ճայթյունով կոտրվեց նրա կրծքի տակ։ Սիրտը սեղմեց կոկորդը, դողէրոցքի թրթիռ սահեց ազդրերն ի վար։

– Ալեքսանդր,- շշնջաց Թերեզան, սակայն բառը խզված մնաց կոկորդում՝ թողնելով «ա» ձայնավորի երգեցիկ ճիչը։

– Տեսա՞ր ծաղիկները։ Տեսար, չէ՞։ Բայց սրանք չեմ դնելու բարձիդ, որովհետև պիտի վեր կենաս, սուրճ պիտի եփես ինձ համար, կոնյակ պիտի լցնես բաժակիս մեջ և նոր դրանից հետո կարող ես տիրանալ իմ սրտի հույզերին, որոնք այս պարզ, բայց հաճելի ծաղկեփնջով են դրսևորվում։ Դե, շարժվիր։

Հարկավ, տարօրինակ իրավիճակ էր։ Նման օրեր և նման զեղումներ, իհարկե, եղել էին նախկինում։ Եղել էին սիրո ինքնաբուխ երեկոներ, երբ ամուսիններն ընթրում էին մոմերի լույսով, երկար զրուցում էին անկողնում՝ ընդամենը հպանցիկ հպման մեջ միմյաց ցանկանալով և դիտավորյալ ձգձգելով մերձեցման ցանկալի վայելքը։

«Գուցե ես իմ աղոթքների պատասխանն եմ ստանում։- Այս միտքը փայլատակեց տիկնոջ գլխի մեջ հանկա՛րծ, անսպասելի՝ շաղափելով բանականությունը։- Աստված իմ, մի՞թե հիշել ես քո աղախնին, մի՞թե պատվելու ես հիմա՛, երբ հույսերիս ճրագն է մարում և չգիտեմ, թե ինչպես եմ հաղթահարելու վաղվա օրը։- Փախստական մի ժպիտ հանկարծ ազատագրվեց դեմքին ձույլ դառնությունից, բայց կոտրվեց շուրթերի վրա։- Սակայն ինչպե՞ս… Ի՞նչ կարող է լինել հիմա, և ի՞նչ կարող եմ ունենալ ես իմ հավիտենական ամլության մեջ»։

Ամուսինը, սակայն, կորցնում էր համբերությունը։ Վերմակը մի կողմ քաշելով, նա գրկեց կնոջ հեզաճկուն մեջքն ու աչքերի մեջ նայելով՝ ասաց.

– Մենք երեխա ենք որդեգրելու։

– Ի՞նչ…- Ճերմակ սարսուռների հոսքը տիրեց կնոջ մարմնին, ճակատին քրտնքի կաթիլներ հայտնվեցին, և նա սկսեց դողալ աշնան տերևի պես։- Ինչ ասացի՞ր։

Այս հանդիպումից դեռ շատ առաջ Ալեքսանդրն արդեն մի քանի անգամ պատկերացրել էր կնոջ արձագանքը, պատկերացրել էր ցնծության, երախտագիտության հառաչանքներ։ Բնավ չէր կասկածել, որ Թերեզան կարբի երջանկության հեռանկարով, կնետվի իր գիրկն ու կհեկեկա՝ ուրախության արցունքներ շռայլելով։ Բայց հիմա, մահճակալին կուչուձիգ կնոջ այլայլմունքը տեսնելով՝ Ալեքսանդրը սկսեց վախենալ։ Նա գտել էր կնոջը հուսահատության հորձանքից կորզելու լավագույն տարբերակը, և ուրիշը չէր կարող լինել։ Այնինչ առաջարկը մերժելով՝ կինը կբարձրացներ պատեր, որոնք այլևս հաստատուն կմնային նրանց փոխհարաբերություններում և կմնային ընդմիշտ։

– Դու ուզում ես երեխա որդեգրել, ես ճի՞շտ հասկացա։ Այսինքն չես հավատում, թե կինդ կհղիանա երբևէ, այսինքն հույսդ կտրել ես ինձանից։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ անմարդկային վիրավորանք ես շպրտում դեմքիս։

– Սպասի՛ր, սպասիր,- Ալեքսանդրը կորցնում էր համբերությունը,- նման անհեթեթություններ միայն կանանց գլխում են ծագում։ Դու տեսնում ես իրականությունը բոլորովին այլ լույսի ներքո։ Անկախ նրանից՝ երեխա կունենաս, թե ոչ, ես քեզ չեմ թողնելու երբեք։ Իմացի՛ր սա։ Բայց գիտեմ, թե ինչ քար է ծանրացել սրտիդ։ Հապա մտածիր։ Մարդիկ երեխաներ են վերցնում մանկատներից՝ գթասրտությամբ առաջնորդվելով, երեխաներ են որդեգրում անգամ ծննդաբերող կանայք։ Ես առաջվա պես սիրում եմ քեզ։ Ուզում եմ, որ մեր համատեղ կյանքում լինի քո կյանքին անհրաժեշտ լույսը։ Չե՞ս հավատում։ Իսկ թե երեխա ունենաս օրերից մի օր՝ շատ ավելի լավ։ Այս հեռանկարն էլ չեմ բացառառում։

Բառեր…

Անհրաժեշտ ու ժամանակավրեպ։

Ընդմիշտ ցանկալի, բայց և հանդուգն։

Ճշմարիտ, սակայն ճշմարտությանն ընդդեմ։

Բառեր, որոնք կարող են սիրտ խոցել կամ դարմանել սրտի խոցը։

Ծաղկեփունջն ընկել էր հատակին, իսկ Ալեքսանդրը ցնցվում էր ստեպ-ստեպ՝ հետխումհարային զկրտոցները զսպել չկարողանալով։

– Դու իսկապե՞ս ասում ես հենց այն, ինչը որ մտածում ես։ Սա խաղ չի, Ալեքսանդր, սա իմ վիշտն է։ Դու կարող ես ինձ սպանել մի ակնթարթում, զգո՛ւյշ եղիր։

– Բայց ինչի՞ց զգուշանամ, ախար։ Շատ պարզ բան եմ ասում։ Նորածին մի մանչուկ կորդեգրենք, կմեծացնենք մեր երեխային ու կփայփայենք նրան մեր սիրո մեջ։ Արի ինձ մոտ…

– Մի րոպե…

Եվ հալվեց կինն իր ամուսնու փաղաքշանքի մեջ, և սևագրության էջեր մոխրացան նրանց օջախում, և պապանձվեցին օրեր, որոնք անցյալի տառապանքն էին ղողանջում։ Իսկ հետո եղան արցունքներ, երբ հեկեկում էր Թերեզան՝դեմքը բարձի մեջ կորցնելով, ապա եղան իրարամերժ ճշմարտություններ, որոնք անուրջ արարեցին։

– Ես պիտի խմեմ մի բաժակ,- մահճակալից իջնելով՝ հայտարարեց Ալեքսանդրը։- Կգա՞ս խոհանոցում նստենք, բաներ կան քննարկելու։

– Իհարկե՛։

– Հիմա ճանաչում եմ քեզ։ Վաղուց չէի լսել ձայնիդ նրբանույշ ելևէջը։

– Ալեքսանդր…- Ամուսնու պարանոցին փաթաթվելով՝ Թերեզան սուզվեց նրա աչքերի մեջ, կարծես ստուգում էր իր տղամարդու անկեղծությունը։- Ալեքսանդր… Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, սիրելիս։

– Խնդրեմ։ Բայց չեմ կարծում, թե արածս արտասովոր մի բան է։ Խնդրում եմ, սուրճ պատրաստիր։

Կրակին թափվող հեղուկի թշթշոցը հիշեցրեց, որ սրճեփը գազօջախից վերցնելու ժամանակն է։

Աշնան անձրևն էր թմբկահարում, մերթ ընդ մերթ կլանչում էին անապաստան շներ, իսկ քամին կաղկանձում էր։ Դրսում կյանք կար, և հասունացել էր այդ կյանքից սեփական բաժինը ներս բերելու ժամանակը։

– Ալեքսանդր, դու տղա՞ ես ուզում, թե՞ աղջիկ։

– Համեղ սուրճ ես պատրաստել։ Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Երեխա որդեգրելու միտքն առաջացավ պատահմունքի բերումով, ողբերգական մի պատահարից հետո։

– Ի՞նչ պատահար։- Բաժակը դնելով՝ Թերեզան մոռացավ այն կրկին վերցնելու մասին։

– Հիմա կասեմ։ Բայց նախ հարցիս պատասխանիր։ Իսկ դո՞ւ ինչ ես ուզում, տղա՞, թե աղջիկ։

Այս հարցը ծանր հետք թողեց կնոջ սրտի վրա, սակայն Ալեքսանդրը դա չէր կարող կռահել։ Նա սկսեց հասկանալ Թերեզայի ներսում կատարվողը լոկ այն բանից հետ, երբ վերջինս սկսեց խոսել կատարյալ անկեղծությամբ։

– Գիտե՞ս,- ի վերջո արձագանքեց Թերեզան,- ես չեմ կարող ասել՝ տղա եմ ուզում, թե աղջիկ։ Երբ կինը սպասում է իր արգանդի պտղին, նա չի ընտրում, այլ ընդունում է հենց այն, ինչը որ Աստված է շնորհել։ Ուստի՝ դո՛ւ որոշիր։ Ես կընդունեմ քո որոշումն՝ իբրև պարգև։

Նրանք զրուցում էին դեմ առ դեմ, հին և լուսավոր օրերի մտերմությամբ, դիմացինին բարձրացնելու միտումով։

«Կինս արդարացի էր իր սկզբնական ըմբոստության մեջ,- մտածում էր Ալեքսանդրը,- ես պիտի նախապատրաստեի նրան, բայց հիմարաբար դուրս տվեցի գլխումս եղածը։ Անիծյա՛լ խմիչք։ Դե լավ, ինչ եղել՝ եղել է»։

– Դու տեսնում ես այս իրականությունն իր ողջ խորությամբ,- ի վերջո խոսեց Ալեքսանդրը,- և բացահայտում ես ճշմարտություններ, որոնց մասին չեմ մտածել երբեք։ Մեր երեխան տղա է լինելու, բայց դա իմ ընտրությունը չի, այլ այդպես եղել է ինքնաբերաբար։ Օրերս զոհվեց լեյտենանտ Գասպար Սուրենյանցը։ Նրա կինը՝ Կատարինեն, մահացել էր երեք ամիս առաջ, ծննդաբերության ժամանակ։ Հիմա նրանց երեխան որբ է։ Երբ զոհվեց ընկերս, լեյտենանտ Գասպարը, առաջին բանը, որ մտածել եմ, երեխային որդեգրելն է եղել։ Տղա՛ է։ Երեք ամսական։ Անունը՝ Միքայել։

– Միքայե՜լ… Գիտե՞ս այդ անվան մեկնությունը։

– Հապա՛։

– Միքայել նշանակում է՝ ով է Աստծո նման։ Բայց ես ուրախություն չունեմ հիմա և վիշտ էլ չունեմ։

– Իհարկե՛։ Այս անիծյալ կյանքում զոհվում են լավագույն ընկերները, հեռանում են սիրելի՛ կանայք, խափանվում են բարեգործություններ, ճշմարտությունները լռում են, իսկ չարը հնձում, հավաքում և դիզում է՝ դիակների վրա խրախճանք կազմակերպելով։ Դե լավ, թքա՛ծ։ Իրականությունը չես փոխի։ Մտածենք մեր անելիքների մասին։

Խավար էր ծորում սուրճի մրուրից, իսկ ժամանակը չէր շարժվում բնավ։ Կար տագնապ, կար հավատ, և տարակուսանք կար ափսեի վրա խոնարհված կնոջ աչքերում։

Թերեզան փորձում էր պատկերացնել օտար երեխայի ներկայությունը, փորձում էր հասկանալ, թե ինչպես են երեխամայր դառնում այն կանայք, ովքեր չեն մայրացել երբեք և չգիտեն որդեծնության քաղցրությունը։ Ապա, ուրեմն, ի՞նչ բնազդներ կան ամուլ կնոջ էության խորքում և ինչպե՞ս են դրանք արթնանում հետո…

Օտար երեխա՜…

Ի ծնե դժբախտ։

«Զավակները պարգև են Աստծուց, որովայնի պտուղը՝ շնորհ աստվածային2»։ Ահա թե ինչ է վկայում Աստվածաշունչը։ Այնինչ մանկատները լեփ-լեցուն են ակամա դժբախտ արարածներով, որոնք բոլորն էլ, ըստ էության, անհասցե նվերներ են։

Պարգևներ Աստծո՛ւց։

Անհասցե ու որբ։

Ասում են՝ մահն անարդար է։ Սակայն մահն արդարություն չի կարող ճանաչել իր կուրության մեջ։ Մահն ընդամենը գործիքն է անարդարության, որը շատ ավելի զորեղ է մարդ արարածից։ Ու եթե Աստված զավակ է պարգևում ծնողին, պետք է նաև ծնող պարգևի բոլոր նրանց, ովքեր բնավ չեն վաստակել լքված լինելու դժբախտությունը։

Միքայե՜լ…

Ո՞վ ես դու, փոքրիկ կյանք։

Կար կսկիծ, կար մոլորանք և թերահավատություն կար ափսեի վրա խոնարհված կնոջ աչքերում։

– Չգիտե՛մ,- խոր մտքերից սթափվելով՝ շշնջաց Թերեզան։- Մի տեսակ վախ կա սրտումս։

– Գիտեմ, գիտե՛մ, թե ինչ ես ասում։- Ալեքսանդրը վերցրել էր կնոջ ձեռքն իր ափերի մեջ ու փաղաքշում էր։- Ես այդ վախը կկոչեի՝ տագնապ։ Քանզի տագնապում եմ ես էլ, երբ սկսում եմ պատկերացնել երեխային վերցնելու իրավիճակը։ Սակայն այս պարագայում, կարծում եմ, մենք ուժեղ պիտի լինենք։

– Վստա՞հ ես։

– Մի րոպե…

Խոհանոցից դուրս գալով՝ Ալեքսանդրը մտավ աշխատասենյակ։ Ձայներից դատելով՝ ինչ-որ բան էր որոնում։ Վերադարձավ ակնթարթներ անց։ Ձեռքին լուսանկարներով ալբոմ ուներ։

– Հապա նայիր։- Ալբոմը սեղանին դնելով՝ զինվորականը սկսեց թերթել։- Ահա այստեղ ես քսան տարեկան եմ։ Տեսնո՞ւմ ես ինձանից աջ կանգնած տղամարդուն։ Գասպար Սուրենյանցն է։ Մի քանի օր անց նա կորավ լեռներում։ Հատուկ առաջադրանքի էր գնացել, կողմնացույցն ընկել էր գրպանից ու քարին բախվելով՝ փշրվել։ Հետո շատ ժամանակ անցավ, հույսներս կտրել էինք։ Չէինք բարձրաձայնում մեր մտքերը, բայց և չէինք հավատում, թե լեյտենանտը կգտնվի երբևէ։ Իսկ նա, այնուամենայնիվ, վերադարձավ։ Ջեկ Լոնդոնը մի պատմվածք ունի, «Կյանքի սերը», կարդացե՞լ ես։

– Իհարկե։ Կարծում ես միայն Աստվածաշո՞ւնչ եմ ընթերցում։

– Ես դա չասացի, սիրելիս։ Ուրեմն կհասկանաս, թե խոսքս ուր է գնում։ Երբ վերադարձավ, մենք բոլորս խրտնել էինք ուրախությունից։ Իսկ նա մեզ պատասխանեց ընդամենը մեկ նախադասությամբ. «Տղերք, դուք դեռ չգիտեք, թե ինչ է կյանքի սերը»։

– Ի՜նչ ցավալի բաներ ես պատմում, Ալեքսանդր։- Թերեզան լսում էր՝ շառագույն այտերն ափերի մեջ առած, կիսով չափ տխուր, կիսով չափ բացակա։

– Իսկ ահա այս լուսանկարում Գասպարը արդեն լեյտենանտ է։ Նոր էր նշանվել ապագա կնոջ՝ Կատարինեի հետ։ Կոնծեցինք մի լավ։ Հետո լողացանք գետում, երբ արդեն կեսգիշերն անց էր։ Ամառ էր, արտասովոր մի գիշեր, որ փշատի բույր ուներ և ասուն էր ճռիկների երգով։ Պառկել էինք ծփիների տակ, իսկ լուսինը խճճվել էր չիչխանի փշերում։

– Լսիր, Ալեքսանդր, քեզ մի գաղտնիք եմ ուզում վստահել,- ասաց ընկերս։

– Գաղտնի՞ք,- պատասխանեցի ես։- Հապա կիսվիր ընկերոջդ հետ, տեսնեմ ի՞նչ մտքեր են մտել գլուխդ։

– Սա կատակ չի, եղբայր,- սրտնեղեց Գասպարը։ – Լրջանալո՞ւ ես, թե ոնց։

– Դե լավ, ծերուկ, օղին երակներս խուտուտ է տալիս։ Լսում եմ ուշադիր։

– Երբ երիտասարդ էի,- շարունակեց լեյտենանտը,- տատս դեռ կենդանի էր։ Մեր գյուղում հայտնի էր պառավ Թամարը, քանզի գիտեր խոտերով ցավ դարմանելու գաղտնիքն ու կախարդություններ գիտեր։ Պատկերացնո՞ւմ ես. չբեր կանայք գալիս էին տատիս մոտ, իսկ մեկ տարի անց զուռնա-դհոլ էր հնչում նրանց տներում։ Շնորհապարտ ամուսիններն ամեն տեսակ նվերներ էին բերում հետո։ Մի օր իմ հետաքրքրությունն էլ արթնացավ, կպա տատիս, թե՝ ինձ էլ պիտի մի խոսք բացես, ուզում եմ իմանալ, թե ճակատիս գրվածը ինչ գիր է լինելու, լա՞վ, թե՞ վատ։ Պառավը նայեց աչքերիս մեջ, երկար նայեց, բայց մնաց լուռ ու անկոտրում։ Ինչքան էլ խնդրեցի, ինչքան էլ համոզեցի՝ բան դուրս չեկավ։ Հետո վախճանվեց Թամարա տատս։ Երբ անկողինն էինք կապում, ներքնակի տակից տետր գտանք։ Օրագիրն էր։ Հազար ու մի բան էր գրված հազար ու մի մարդկանց մասին։ Բայց էջերից մեկում կարմիր մատիտով նշում կար. «Գասպարին երեսուներկու տարի որոշվեց ի վերուստ։ Ձեռքս չորանար՝ չգրեի էս տողը»։

– Այ քեզ անհեթեթություն,- ըմբոստացա ես,- և դու դրան հավատո՞ւմ ես։

– Չգիտեմ,- մտասույզ արձագանքեց Գասպարը։- Ուզում էի, որ սա իմանաս։

Անքուն մարդու զգացողությունները սրվում են, վախը չոքում է ոտքերի մոտ, իսկ ահալի խոսքն ահաբեկում է՝ եռապատկելով տպավորության ցնցումը։

Թերեզան փշաքաղվել էր ողջ մարմնով, պաղ սարսուռներ էին սողում ողնաշարն ի վար։

– Ի՞նչ ես պատմում,- ի վերջո շշնջաց կինը,- հորինո՞ւմ ես…

Քաջ գիտենալով, որ ասվածը հորինվածք չի կարող լինել, Թերեզան այնուամենայնիվ փորձում էր չհավատալ։

– Ո՛չ, սիրելիս, ոչ։ Գասպար Սուրենյանցը զոհվեց, երբ երեսուներկու տարեկան էր։ Ու հիմա ես չգիտեմ, թե ինչ կարող եմ անել այս ճշմարտության հետ։ Երկար եմ մտածել, բայց գերբնական բաներից գլուխ չեմ հանում։ Իսկ մարդկային իմ խիղճը վկայում է ճշմարտություններ, որոնք չբարձրաձայնված մնացին Գասպարի խոսքերում։ Ըստ իս, իր գաղտնիքն ինձ վստահելով, Գասպարն ուզում էր իմանալ. կլինե՞մ արդյոք ես այն մարդը, ում վրա կարելի է հույս դնել։ Քո կարծիքով, ճի՞շտ եմ հասկացել ընկերոջս խոստովանությունը։

Թերեզան մտածում էր՝ քաջ գիտենալով, որ հիմա կանգնած է սեփական խղճի առջև և պատասխանով չպետք է դավաճանի ո՛չ իրեն, ո՛չ ամուսնուն։

– Այո, Ալեքսանդր, Գասպարը ունեցել է քեզ հետ կապված հույսեր։ Կասկած չի կարող լինել։ Խե՜ղճ մարդ։ Ապա մենք ինչպե՞ս պիտի ապրենք այս ողբերգության հետ։ Եվ նրա կնոջ մահն էլ առանձնահատուկ կարևոր է դառնում մեզ համար։ Նրանք կիսատ են ապրել կյանքը՝ իրենց մեկ մարմին երջանկությունը կիսատ գտնելով։

– Միքայելը սիրո ծնունդ է, Թերեզա։ Իմ կարծիքով, մենք պետք է երեխային վերադարձնենք այն երջանկությունը, որին ծնողներն էին ձգտում։ Հիմա ասա ինձ, մենք դա կարո՞ղ ենք անել։ Խոսիր անկեղծորեն, ես կփորձեմ հասկանալ թե՛ դրականը, թե՛ բացասականը։ Դու քո մեջ գտնո՞ւմ ես երեխա մեծացնելու ուժը, նրան սեր պարգևելու զորությունն ու հանուն նրա զոհողության գնալու կամքը։

– Ալեքսա՜նդր… Ես արդեն իսկ սիրում եմ նրան։ Չգիտեմ, թե ինչ են զգում, չգիտեմ, թե ինչ են ապրում խորթ մայրերը երեխա մեծացնելիս, բայց դա այնքան էլ կարևոր չի։ Չափազանց նուրբ, չափազանց անհասկանալի ինչ-որ բան արթնացրիր իմ ներսում։ Անուն չեմ գտնում, բայց և իսկապես կամենում եմ, որ չմարի էությանս խորքում սաղմնավորվող անհայտը։ Այլ կամենում եմ, որ գոյանա ու գոյատևի։

Խավարում ծպտյալ լույսն էր ավետում օրվա գալուստը, իսկ անձրևի մեջ աշնան թրթիռն էր թևածում։

– Երեխա որդեգրելու գործընթացը մի քանի օրվա քաշքշուք կենթադրի։ Մենք ունենք տուն, մանկասենյակ։ Դու, բնականաբար, խնամելու ես պստիկին, դեռ թոշակ էլ կստանաս պետությունից, իսկ ես գործող բանակի կապիտան եմ։ Երկուսս էլ պարկեշտ ենք, վնասակար սովորություններից զերծ։ Խոչընդոտներ չկան։ Երեխային կորդեգրենք առանց բարդությունների։ Վաղը մաքրուհի հրավիրիր, թող հիմնահատակ լվանա բոլոր սենյակները։

– Կատարինեն գեղեցի՞կ էր։

– Ո՞վ։

– Կատարինեն, Գասպարի կինը։

Թերեզայի աչքերին նայելով՝ Ալեքսանդրը բառեր չէր գտնում մի պահ։

– Ախ, հա՜, Կատարինեն…- Դառնաղի ժպիտը թերևս ծամածռություն էր հիշեցնում։- Այո, գեղեցկուհի էր՝ սլացիկ, նրբակազմ, զմրուխտագույն աչքերով։ Ի դեպ, Միքայելը ժառանգել է մոր աչքերի գույնը։

– Իսկապե՞ս։ Ես ինձ ստիպելով չեմ կարող ուրախանալ, Ալեքսանդր, բայց հասկանում եմ, որ երեխա ենք փրկում մանկատան միջավայրից, և այդ գիտակցությունն արդեն իսկ ջերմացնում է սիրտս։

– Իհարկե, սիրելիս, իհարկե։ Գլուխս չի ենթարկվում այլևս, գոնե մի ժամ քնեի։ Եվս մի բան։ Երբ թղթերը պատրաստ կլինեն, մենք գնումներ պիտի կատարենք։ Տակաշորեր, հագուստ, օրորոց… Մենք մեր երեխային ընդունելու ենք՝ շնորհելով նրան ամենաընտիրն ու երբեք չօգտագործվածը։ Նրա ողջ ունեցվածքը կմնա անցյալում։

– Իսկ Գասպարի տո՞ւնը։

– Իրավաբանը բացատրեց, որ տունը Միքայելի սեփականությունն է։ Նա կարող է տնօրինել իր անշարժ գույքը ըստ հայեցողության՝ չափահաս դառնալուն պես։ Իսկ մինչ այդ մենք բնակարանը կհանձնենք վարձակալության։ Փողերը կկուտակվեն բանկում։ Երեխան բավական  կլորիկ դրամագլուխ կունենա։ Նա կլինի սեփականատեր՝ համեստ հարստությամբ, որն անչափ անհրաժեշտ է կյանք մտնող երիտասարդին։

(Շարունակելի)

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 «Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել