«Աղջիկը կախված էր մեջքով, ուզեցա հանեմ՝ չկարողացա, բոցը տվեց վրես…Փորձում էինք ամեն ինչ անել, որ դուրս բերեինք մարդկանց այրվող մեքենայից, բայց բոցը թույլ չտվեց: Ահավոր վիճակ էր, չեմ կարող ասել, թե «Գազել»-ում քանի հոգի կար: Օգնությունը ժամանակին հասավ, բայց դե էլ հնարավոր չէր ինչ-որ բան անել, հնարավոր չէր մոտենալ»,-Երեւան-Երասխավան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից լրագրողներին այսպիսի տեղեկություններ փոխանցեց Արարատի բնակիչ Արթուր Նազարեթյանը: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով վեց զոհ կա:
Տղամարդն ասաց, որ մեքենայով է անցնելիս եղել, երբ տեսել է այրվող տրանսպորտային միջոցները. «Ուզում էի «Գազել»-ից կախված աղջկան օգնել, բայց չկարողացա…Կրակը թույլ չէր տալիս տեղաշարժվել: Ուղղակի չեք պատկերացնի, թե ինչ կրակ էր: Ահազանգեցինք շտապօգնությանն ու ԱԻՆ-ին: Անգամ հրշեջները չէին կարողանում մոտենալ եւ ջուրը պահել կրակի վրա»: Ականատեսի խոսքով՝ «Գազել»-ում մեծ պայթյուն չեն տեսել, ուղղակի մեքենան միանգամից բռնկվել է. «Ոչ մի բան չկարողացանք անել: Աչքիս դիմաց մարդիկ վառվում էին, դանդաղ մոխրանում: Մահացած եմ տեսել այդ թվում «Գազել»-ի վարորդին: Սեղմված էր մի կողմում, կարծես ուզեցել է դուրս գալ»:
Արթուր Նազարեթյանի պատմելով՝ ավտովթարի ենթարկված եւ հրդեհված մեքենաներից մեկի՝ «Պիկապ»-ի վարորդը, շտապել է լքել դեպքի վայրը եւ կանգնած անցորդներին չի էլ ասել, որ մեքենայում մարդիկ կան. «Պահեստային անվադողով կոտրել ենք մեքենան, որ կարողանանք ուղեւորներին հանել: Վիրավոր երեխաներ են եղել: Երկուսն էլ երեւի կլինեին 9-10 տարեկան՝ արյունլվա դեմքերով: Նրանց անցորդների մեքենաներով հիվանդանոցներ տեղափոխեցին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ