Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի ԱԺ նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ

Հուլիս 06,2019 11:20

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ արձանագրվող հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքի ամրապնդման կապակցությամբ: Տեղյակ եմ, որ երեկ արդյունավետ և բաց քննարկումներ եք ունեցել մեր երկրի վարչապետի հետ»,-ասել է Նգույեն Թխի Քիմ Նգանը` ավելացնելով, որ Ազգային ժողովը ևս ամեն կերպ կաջակցի երկկողմ կապերի զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ արդյունավետ բանակցություններ է ունեցել Վիետնամի իր գործընկերոջ հետ` ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ: «Աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվի հարցերի լայն շրջանակ և կընդունվեն արդյունավետ որոշումներ` վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման և այլ ուղղություններով: Պայմանավորվել ենք նիստի շրջանակում անցկացնել նաև բիզնես ֆորում, որը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանին ու Վիետնամին միմյանց են կապում ավանդական հարաբերությունները: Վարչապետը նշել է նաև, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի Մինի` 1959 թվականի Հայաստան այցից մեր ժողովրդի մոտ մնացել են ջերմ հիշողություններ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և տիկին Նգույեն Թխի Քիմ Նգանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի` Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է:

ՀՀ վարչապետը և Վիետնամի ԱԺ նախագահը բարձր են գնահատել միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը և անհրաժեշտ համարել շարունակել քննարկումները` միմյանց դիրքորոշումներին համահունչ գործունեությունը շարունակելու նպատակով:

Զրուցակիցներն ընդգծել են, որ ՀՀ վարչապետի` Վիետնամ այցի արդյունքում երկու երկրների միջև ձևավորվել է համագործակցության բարենպաստ մթնոլորտ և կողմերը պետք է շարունակեն ակտիվ գործակցությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031