Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիրաբյանի վստահեցմամբ՝ Նիգոյանի պնդումներից որեւէ մեկը չի համապատասխանում իրականությանը․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 06,2019 10:45

Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին հուլիսի 4-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարել էր Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը:

Տիգրան Վիրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ գաղափար չունի, թե որտեղից են արվել այն հաշվարկները, թե իբր Կենդանաբանական այգին 8 միլիոն դրամի վնաս է կրել: Նրա վստահեցմամբ՝ կենդանաբանական այգին իր ծառայությունների եւ տոմսերի միջոցով 10 միլիոնից ավելի եկամուտ է ունեցել 2018 թվականի միայն մայիս ամսվա համեմատականով:

Նիգոյանի պնդմամբ՝ այսօր քաղաքապետարանի տված այն խոստմանը, թե մրցույթը կհայտարարվի մեկ շաբաթից, ապա կստացվի, որ մեկ շաբաթ անց հայտարարված մրցույթին մասնակցելու համար տնտեսվարողներին կտրվի միջինում 15 աշխատանքային օր, դրանից հետո մրցութային հանձնաժողովը եւս 10 աշխատանքային օր կքննի հայտերը, ապա կհայտարարի հաղթող ընկերության անունը և ևս 10 աշխատանքային օրում կկնքի վարձակալական պայմանագիրը, հետևաբար կստացվի, որ տարածքները շահագործման կհանձնվեն ամենաշուտը 1 ամիս 12 օր անց, այսինքն օգոստոսի 16-ին:

«Որեւէ ընկերություն չի գնա նման մեծ ֆինանսական ռիսկի՝ հուսալով թե հետագա 2 պասիվ ամիսներին կարող է վերադարձնել ներդրումը, ստացվում է, որ տարին կփակվի՝ այդպես էլ տարածքները շահագործման չհանձնված, իսկ եթե որեւէ բարերար, տնտեսվարող, այնուամենայնիվ, համաձայնվի գնալ այդ ռիկսին և երկու ամսով վարձակալի տարածքները, ապա կստացվի, որ քաղաքային բյուջեն կորցրեց 4 ամսվա վարձակալական գումար, նույնն է թե 8․000.000 ՀՀ դրամ, որը վստահ եմ՝ Տիգրան Վիրաբյանը չի վերադարձնի, ընդհակառակը, ողջ այդ ամիսներին իր հանցավոր անգործության համար կշարունակի քաղաքային բյուջեից ստանալ իր աշխատավարձը»,-հայտնում է նա:

Վիրաբյանը նկատում է, որ եթե կենդանաբանական այգու աճուրդները կայանան ոչ թե պայմանավորված, այլ նորմալ գներով, ապա այդ բացը շատ արագ կվերականգնվի. «Երկար տարիներ հսկայական տարածքները չնչին գներով են տրվել վարձակալության»:

Փոխքաղաքապետը նշեց, որ Նիգոյանի գրառումից հետո, երեկոյան երկար հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հետ, մանրամասն բացատրել, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչպես է Երեւանի քաղաքապետարանը պատկերացնում Կենդանաբանական այգու տարածքի վարձակալության հիմունքները:

«Ես ամեն ինչ բացատրեցի Նիգոյանին, հույս ունեմ՝ նա մոտակա ժամանակներս մեկ այլ համոզմունքով հայտարարությամբ հանդես կգա: Զրպարտության դեմն առնելու ամենակարճ ճանապարհը դատարան դիմելն է, բայց տրոյլերին կերակրելն էլ ժամանակի անիմաստ վատնում է»,-ասաց Տիգրան Վիրաբյանը:

Վիրաբյանի վստահեցմամբ՝ Նիգոյանի պնդումներից որեւէ մեկը չի համապատասխանում իրականությանը, մասնավորապես այն, որ ինքը մինչեւ թատրոն ղեկավարելը որեւէ ձեռնարկատիրությամբ չի զբաղվել եւ չգիտի, թե ինչ է ձեռնարկատիրոջ ռիսկերը. «Նրա այդ ասածից կարելի է ենթադրել, որ Նիգոյանի մոտ կա ինֆորմացիայի լուրջ պակաս: Մինչեւ թատրոնի տնօրեն լինելը ես երկար տարիներ ղեկավարել եմ իմ սեփական պրոդաքշնը, այնպես որ շատ լավ գիտեմ, թե ինչ է տնտեսական գործունեություն ծավալող մարդու ռիսկերը»,-ասաց նա:

Ավելին՝ փոխքաղաքապետի վստահեցմամբ՝ որեւէ աճուրդային գործընթաց իր համակարգային տիրույթում չէ. «Գործողություններից եւ խնդրից քաջատեղյակ եմ: Գիտեմ, որ տարածքները նախկինում վարձակալության են տրվել կարճաժամկետ: Մենք հանդիպել ենք բոլոր տնտեսվարողների հետ, որոնք մեկ տարվա պայմանագրեր են ունեցել եւ չիմանալով իրենց հետագա անելիքները՝ միլիոնների ներդրումներ են արել: Աճուրդներն ավելի թափանցիկ դարձնելու համար մենք չենք ուզել մեկ ամսով տարածք տրամադրել մարդկանց: Այդ մեկուկես ամսիները մենք դիտավորյալ ենք ազատ թողել, որպեսզի մարդկանց մոտ կաշկանդվածություն չլինի, որ այդ տարածքն արդեն ինչ-որ մեկն է շահագործում, որ ինչ-որ մեկից բիզնես են խլում: Թողել ենք ազատ, որպեսզի ամեն ինչ ավելի մասնակցային լինի, գան նայեն ու երկարաժամկետ պայմանագրեր կնքեն»:

 

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031