Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». «Կարծում եք՝ իմ շները գիտե՞ն, որ ես Ալեն Դելոնն եմ»

Հուլիս 06,2019 11:00

Թատրոնի եւ կինոյի աշխարհահռչակ դերասան, կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Ալեն Դելոնը երիտասարդության տարիներին միտումնավոր կրում էր զինվորական վերարկուներ, որպեսզի գրկում տաքացներ բոլոր անօթեւան շան ձագերին, որոնց նա հանդիպում էր…

83-ամյա դերասանը ֆինանսավորում է թափառող շների ու կատուների 5 կացարան: Դելոնի առաջին շունը «Գալա» անունով դոբերմանն էր: «Մի անգամ ես շատ բարձր գոռացի նրա վրա, անգամ՝ հարվածեցի հետույքին…նա նստեց եւ նայեց աչքերիս: Ես տեսա, որ Գալան լացում է: Այդ օրից ես ամեն ինչ հասկացա, եւ իմ շներն այժմ միշտ ժպտում են»,-հարցազրույցներից մեկում անկեղծացել է Ալեն Դելոնը:

Նա ասում է. «Կարծում եք՝ իմ շները գիտե՞ն, որ ես Ալեն Դելոնն եմ…նրանց համար մեկ է: Նրանք սիրում են ինձ եւ չգիտեն, թե ով եմ ես եւ ինչով եմ զբաղված: Դա անշահախնդիր սեր է՝ առանց մտածմունքների, լիարժեք ու իսկական սեր»:

Մինչ օրս Ալեն Դելոնը մոտ 50 շուն է ունեցել: Տեւական ժամանակ նա ապրել է Շվեյցարիայում, որտեղ խնամել է իր շներին: «Շվեյցարիայում վաղուց քննարկվում է շներին փաստաբանի ծառայություն հատկացնելու հարցը: Եթե մարդասպաններն ու գողերը կարողանում են անվճար օգտվել փաստաբանի ծառայություններից, անպաշտպան կենդանիները եւս պետք է ունենան այդ իրավունքը: Որպես կանոն, շներն ունեն մարդուն բնորոշ բոլոր հատկությունները, միայն թե՝ թերությունները շատ քիչ են: Մարդկային թերությունները երբեմն աննկարագրելի են, իսկ շները սիրում են տիրոջը, անկախ նրանից, թե ով է նա»,-շեշտել է Ալեն Դելոնը:

2009թ.-ին Ֆրանսիայի Պերպինյան քաղաքի հարակից գյուղերից մեկում սարսափելի դեպք է գրանցվում: Երկու երիտասարդներ բենզին են լցնում մի շան վրա եւ այրում, ապա քրքջում՝ հետեւելով կենդանու տանջանքներին: Պատմությունը ցնցել է Ֆրանսիան: Մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Ալեն Դելոնն ու Բրիջիդ Բորդոն, հասնում են մինչեւ դատարան: «Պատկերացնո՞ւմ եք՝ դեռահասները շուն են այրում զվարճանալու համար: Եթե այդ ամենը տեղի ունենար իմ աչքի առաջ, գուցե կյանքիս մնացած մասը ճաղերի հետեւում անցկացնեի: Շներն իրար վրա հարձակվում են ուտելիքի համար, բայց ոչ՝ զվարճանալու»,-վրդովմունքն այսպես է արտահայտել Ալեն Դելոնը:

«Մամբո» անունով ողջակիզված շան համար Ալեն Դելոնը տրամադրել է իր անասնաբույժին: Նա հասել է նրան, որ տուժող Մամբոն ներկա լինի դատական նիստերի դահլիճում: Շանն այրած երիտասարդները դատապարտվել են 6 տարվա ազատազրկման: Տեղաբնակ մի ընտանիք որդեգրել է Մամբոյին: Այնպես ստացվեց, որ սիրող տերեր ունեցողի կարգավիճակում Ալեն Դելոնը Մամբոյին առաջին անգամ տեսել է իր ծննդյան օրը: «Սա ուղղակի հրաշալի նվեր էր ինձ համար: Տանել չեմ կարողանում նրանց, ովքեր կենդանիներին ցավ են պատճառում»,-ասել է Դելոնը՝ ընտանիքին այցելելուց հետո:

Շվեյցարիայի առանձնատանը Դելոնը, ի թիվս այլ կենդանիների, խնամել է եռոտանի կատվի. «Երեխաներս նախկին կնոջս հետ եղել են անասնաբույժի մոտ, երբ կլինիկա են բերել այդ կատվին: Նրան ինչ-որ մեկը կապել է մեքենայից եւ քարշ տվել: Մի ոտքը փրկել հնարավոր չէր: Ես ուղղաթիռով նրան փոխադրել եմ տվել Փարիզի իմ անասնաբույժի մոտ, որպեսզի նա անդամահատի կենդանու թաթը»,-պատմել է դերասանը:

Ներկայում Ալեն Դելոնի հետ ապրում է միայն «Լուբո» անունով գերմանական հովվաշունը: «Ես շատ եմ կարոտում նրան, երբ գործուղման եմ լինում: Նրա հետ իմ հարաբերություններն առանձնահատուկ են: Շունը գիտի, որ դու գնում ես, բայց նա չգիտի՝ վերադառնալո՞ւ ես»,-հարցադրում է անում դերասանը: Մի առիթով նա ասել է, որ իրական միայնությունը դա այն է, ինչ ինքը տեսնում է իր շան աչքերում, երբ պատրաստվում է հեռանալ:

Դելոնի առանձնատան հողատարածքներից մեկում 1975թ.-ից ամփոփվել են նրա 50 սիրելի շները…այդ գերեզմանատանը Դելոնը փոքրիկ մատուռ է կառուցել եւ դժվարությամբ պետությունից թույլտվություն ստացել հուղարկավորվել այդտեղ՝ իր սիրելի կենդանիների կողքին: Դելոնն ասել է. «Մի անգամ հարցրին, թե հաջորդ կյանքում ինչ կուզենայի լինել: Շուն…իմ բոլոր շները երջանիկ են եղել»: 2018թ.-ի հունվարին հանրահայտ դերասանն իր հարցազրույցում ցնցող հայտարարություն է արել՝ ասելով, որ ուզում է իր հովվաշան հետ մահանալ:

Ֆրանսիայում առողջ կենդանուն քնեցնելը պատժվում է Քրեական օրենսգրքով, բայց գրանցվել են դեպքեր, երբ կենդանին քնեցվել է տիրոջ մահանալու կամ նրա կողմից լքված լինելու դեպքերում: «Եթե նա հեռանա ինձանից առաջ, ինձ էլ ոչինչ պետք չի լինի: Իսկ եթե ես հեռանալիս լինեմ, կխնդրեմ քնեցնել նրան, որպեսզի միասին հեռանանք՝ իրար գրկում: Ավելի լավ է այդպես լինի, քան նա մահանա վշտից՝ գերեզմանիս վրա»,-մտադրությունն այդպես է բացատրել Ալեն Դելոնը:

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031