Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանալ աշխարհի մեծությունը

Հուլիս 06,2019 10:00

Առաջիկա երկու շաբաթն ապրելու եմ առանց սոցիալական ցանցերի եւ առանց լուրերին հետեւելու: Դա, ինձ համար, ինչ խոսք, հաճելի ժամանակաշրջան է: Բայց ցանկացած մարդ, կարծում եմ, պետք է նման հնարավորություն ունենա, որովհետեւ դա նաեւ օգտակար է:

Երբ կտրվում ես տեղական լրահոսից, հասկանում ես, զգում ես, որ աշխարհը մեծ է, աշխարհն իր ամբողջականության մեջ եւ ամեն մի երկիրն առանձին ապրում են իրենց հոգսերով: Հայ իրականությունից դուրս ոչ մեկին առանձնապես չեն հետաքրքրում մեր հեղափոխությունը, «հակահեղափոխական» դատավորների վեթինգը, սահմանադրական դատարանի անդամ/դատավոր երկընտրանքը կամ Քոչարյանի ճակատագիրը: Երկու շաբաթով կտրվելով այդ՝ մեզ համար «ճակատագրական» թվացող թեմաներից, հետո, երբ ստիպված վերադառնում ես դրանց, արդեն ծանոթ իրավիճակի մեջ տեսնում ես նոր երանգներ, նոր պատճառահետեւանքային կապեր:

Իրավիճակի մեր գնահատականի վրա ազդում է նաեւ այն, որ իրականության ընկալումը Հայաստանում խիստ բեւեռացված է: Տարբեր ճամբարներին հարող մարդիկ հակառակ ճամբարում ոչ մի լավ բան չեն ուզում տեսնել, շփման եզրեր, ընդհանուր շահեր չեն ցանկանում ձեւակերպել, իրար մերժում են, ինչպես ասում են, «մինչեւ վերջ»: (Ի դեպ, նրանք, ովքեր ադեկվատ են ներկայանում, իրականում այնքան էլ ադեկվատ չեն): Օրինակ, ագրեսիվ «նիկոլական» մեծամասնությունը եւ նույնքան ագրեսիվ «քոչարյանական» մի քանի տասնյակ մարդ պարունակող «բանակը» չեն ընդունում, որ հակառակ ճամբարի մարդիկ կարող են առաջնորդվել ինչ-ինչ սկզբունքներով եւ իրար համարում են «ծախված», զուտ նյութական շահերով առաջնորդվող:

Ես համաձայն չեմ այդ ծայրահեղական մոտեցումների հետ, բայց ամեն օր ֆեյսբուքում նրանց գրառումները կարդալն ազդում է ցանկացած, անգամ շատ առողջ մարդու հոգեկան վիճակի վրա, եւ այդ մթնոլորտից երկու շաբաթով կտրվելը պարզապես բարեբախտություն է:

21-րդ դարի ամենատարածված հիվանդությունն է ամեն ժամ, ամեն վայրկյան «կապի մեջ» լինելը: Մարդկանց թվում է, որ եթե նրանք մի քանի րոպե նորություններին չհետեւեն կամ մի քանի ակնթարթ «ֆեյսբուքով» ծանուցում չստանան, դա կնշանակի, որ նրանք «կտրվել են կյանքից», բաց են թողել ինչ-որ կարեւոր բան, առանց որի իրենց ներաշխարհը կաղքատանա: Բայց իրականում նման զգացողությունը թմրանյութի նման մի բան է, առանց որի ապրելակերպը շատ ավելի առողջ է եւ անվտանգ: Տարիքիս բերումով, ես այդ կախվածությունը չունեմ: Սակայն ավելի երիտասարդներին շուտով պետք կլինեն հատուկ բժիշկ-հոգեբաններ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031