Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը «Ճամփաբաժանին» ձեռագրի շուրջ հետաքրքիր քննարկում է ծավալել հեղինակների հետ

Հուլիս 06,2019 00:02

Հուլիսի 4-ին Հանրային խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Ճամփաբաժանին» ձեռագրի հեղինակներ Ռուբեն Վարդանյանի, Նունե Ալեքյանի, ինչպես նաև հայեցակարգի համահեղինակ Նուբար Աֆեյանի հետ։ Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը նախաձեռնել է հուլիս ամսին, ընթացիկ հարցերին զուգահեռ, քննարկումներ անցկացնել Հայաստանի իրավիճակի, ապագա ծրագրերի, հեռանկարների ու տեսլականի շուրջ։

«Ճամփաբաժանին» ձեռագրում ուշագրավ վերլուծություններ ու հարցադրումներ են ներկայացված հայ ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ։ Ձեռագրի նպատակն է հայ հասարակության շրջանում երկրի ու ազգի ապագայի շուրջ լայն քննարկում ու հանրային բանավեճ ծավալելը, որի արդյունքում կձևավորվի հստակ ճանապարհ ու տեսլական, ինչը կարևոր է հատկապես այսօր` 21-րդ դարում, երբ ողջ աշխարհը, այդ թվում և հայ ժողովուրդը կանգնած են բեկումնային սահմանագծի և ընտրության առաջ։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր ելույթում կարևորել է աշխատության մեջ բարձրացված հարցերի արծարծումը՝ նշելով, որ 88-ի շարժումից հետո գալով իշխանության ՝ իրենք այդ հարցերն առաջ են քաշել, անգամ վիճել այն հարցի շուրջ՝ արդյոք պետությունը կառուցելիս առաջնորդվելու են «համաշխարհային ազգ» գաղափարի տեսլականո՞վ, թե՞ գնալու են սովորական պետություն կառուցելու ճանապարհով։

«Այս ձեռագրում ներկայացված ապագայի տեսլականը զարգացած, ժամանակակից աշխարհին համապատասխանող այն երազանքն է, որը մենք ունեինք անկախ պետության ստեղծման ակունքներում, և ես կարծում եմ, որ այն հնարավորություն է տալիս գնալ ակունքներ, ապա շարժվել առաջ շատ ավելի զարգացած վիճակում»,- նշել է Մանուկյանը։

Գրքի համահեղինակ Ռուբեն Վարդանյանն իր հերթին կարևորել է հանդիպումը խորհրդի անդամների հետ՝ նշելով, որ ձեռագրում բարձրացված հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների մեկնարկը Հայաստանում տալիս են Հանրային խորհրդից։ Նրա խոսքով՝ աշխատության մեջ բարձրացված հարցերը մի մասն են այն բազմաթիվ հարցերի, որոնք կան և կբարձրացվեն թեմայի շուրջ բանավեճերի ու քննարկումների ընթացքում, և իրենց նպատակն է սկսել անկեղծ երկխոսություն բոլոր նրանց հետ, ովքեր անտարբեր չեն մեր երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ։

Հանրային խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել քննարկվող հարցի վերաբերյալ, մատնանշել խորքային խնդիրներ, առաջարկել լուծման ուղիներ, որոնք նաև գրավոր տեսքով կփոխանցվեն ձեռագրի հեղինակներին՝ դառնալով հետագա քննարկումների նյութ։

Ուշագրավ դիտարկումներով ու առաջարկներով են հանդես եկել խորհրդի անդամներ Հարություն Մեսրոբյանը, Արծրուն Պեպանյանը, Կարինե Դանիելյանը, Հայկ Սարգսյանը, Աշոտ Հակոբյանը, Ռուզան Ղազարյանը, Հովիկ Մուսայելյանը, Արշակ Սադոյանը, Արմեն Բալդրյանը, Բաբկեն Պիպոյանը և Վազգեն Սաֆարյանը։

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031