Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Արմեն Ալեքսանյանը արդեն մի քանի օր է՝ իր մի քանի մտերիմների հետ, որոնց թվում է նաեւ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, պահանջում են քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականը: Նրանք պնդում են, որ Գասպարյանը քաղաքը չի զարգացնում: Նրանք նաեւ Գասպարյանին հրապարակավ հրավիրել են փողոց՝ իրենց հետ հանդիպման:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասաց, որ սուբյեկտիվ գնահատական է, թե քաղաքը չի զարգանում. «Քաղաքում բազմաթիվ գործեր են արվում եւ տարօրինակորեն դրանից մեկ օր առաջ ամբողջ համացանցով էր ընդ որում դա տարածված: Բոլոր քաղաքների բնակիչներն էին շատ ոգեւորված, որ Էջմիածին նոր մարդատար փոխադրամիջոցներ են գալիս Ֆրանսիայի Նիցցա քաղաքից: Առհասարակ քաղաքում անընդհատ աշխատանքներ են տարվում եւ դա նկատելի է»:
Անդրադառնալով ցուցարարին՝ Գասպարյանն ասաց. «Ես իրեն չեմ ճանաչում, երբեւէ այդ մարդը որեւէ հարցով քաղաքապետարան չի դիմել: Ինձ համար անհասկանալի է այն պահանջը, որը բարձրաձայնում է եւ այն բողոքը, որ բարձրաձայնում է, թե իբր չի կարողանում իր խնդիրների լուծումը ստանալ, չի կարողանում հանդիպել քաղաքապետին: Դա բացարձակ սուտ է եւ մանիպուլյացիա, որովհետեւ ես ամեն հինգշաբթի՝ նշանակման, այնուհետեւ ընտրության օրվանից սկսած քաղաքացիների ընդունելություն եմ անցկացնում: Լինում են օրեր, որ 50-60 քաղաքացի եմ ընդունում, բոլորին հատ հատ լսում եմ եւ բոլորի խնդիրներին փորձում ենք ընթացք տալ: Չգիտեմ՝ այլ համայնքի ղեկավարներ ամեն շաբաթ հաճախականությամբ քաղաքացիներին ընդունո՞ւմ են, թե՝ ոչ: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես անհասկանալի ակցիա: Եթե ունի հարցեր՝ կարող է գրանցվել, կարող է գալ ընդունելության»:
Գասպարյանը նշեց, որ այդ մարդուն առաջարկվել է գնալ քաղաքապետարան, ժամ է նշանակվել, որպեսզի գնա եւ ներկայացնի իր դժգոհության պատճառը. «Այդ մարդը համաձայնվել էր, բայց երբ եկավ ժամանակը, չգիտես ինչ ազդեցությունների տակ, փողոցում հայտարարեց՝ թող քաղաքապետը գա: Ես չեմ կարող յուրաքանչյուր քաղաքացու պահանջով քաղաքի այս կամ այն վայրում հայտնվել, եթե կա ֆիքսված օր: Բացի այդ կոնկրետ այդ մարդուն երեկ ընդունելու առաջարկ է արվել: Ես չեմ հասկանում այդ պահանջը, որ քաղաքապետը ինքը գնա եւ ցուցարարի հարցին պատասխանի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ո՞րն է նրանց իրական պահանջը, Գասպարյանը պատասխանեց. «Ես դա ավելի շատ պատվեր եմ ընկալում կամ առնվազն ոչ գիտակից քայլ մեկ մարդու կողմից: Ըստ էության, մարդիկ ազատ են ցանկացած հարց բարձրաձայնել, բայց այստեղ կառուցողական որեւէ հարցի մասին խոսք լինել չի կարող: Ես չեմ հասկանում, երբ մարդն ունի խնդիր եւ կարող է ընդամենը 2 քայլ քայլել դեպի քաղաքապետարան, բայց այդ անհասկանալի ճանապարհն է ընտրում: Դա ավելի շատ ուղղորդված եւ անհասկանալի բան եմ համարում»:
Գասպարյանն ասաց, որ վրանը առավոտյան դեռեւս կար, 1-2 հոգու է նկատել այդտեղ: «Առհասարակ հնարավոր չէ, որ քաղաքական գործչից բոլորը գոհ լինեն: Եթե կատարվում է աշխատանք, բնականաբար ինչքան շատ ես աշխատում, այդքան շատ ես ունենում դժգոհողներ, դա օրինաչափություն է աշխարհի բոլոր երկրներում: Հետեւաբար, ես չեմ կարող հայտարարել, որ դժգոհներ չկան: Իհարկե կան, բայց դժգոհությունը արտահայտելու ձեւեր կան, ու եթե դա 1 կամ 2 հոգի է, չի նշանակում, որ պետք է լրագրողներ հրավիրվեն, պետք է քաղաքապետի հրաժարական պահանջեն: Եթե նստացույց լինի, հացադուլ լինի, որեւէ մեկի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնա, ես իհարկե խնդիր չեմ տեսնում ինքս գնալու եւ խոսելու, բայց քանի դեռ այդ ամենը չկա, պարզապես կամակորություն է քաղաքացու կողմից, որ քաղաքապետը գնա իր նշած վայր՝ իրեն տեսնելու: Ես դա այդքան էլ ճիշտ չեմ համարում»:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում