Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեթինգ» անողներին ո՞վ է «վեթինգ» անելու

Հուլիս 06,2019 14:00

Քանի դեռ ներկայացված չէ դատական համակարգի բարեփոխումների ամբողջական փաթեթը, դժվար է վերջնական գնահատականներ տալ: Սահմանադրական իրավունքի փորձագետ Արտաշես Խալաթյանն այս պահի համար մատնացույց է անում միայն բարեփոխումների հատվածայնությունը, ասել է թե՝ ինստիտուցիոնալ ամբողջականության բացակայությունը: «Նպատակը, միանշանակ, ընդունելի է: Այո, դատավորների շրջանում կան անբարեխիղճ եւ կոռումպացված դատավորներ, իսկ հանրության մոտ՝ կասկածներ, բայց այն միջոցները, որոնցով փորձ է արվում խնդիրը լուծել, որոշակիորեն խնդրահարույց են»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Արտաշես Խալաթյանը: Նա շեշտում է, որ դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հայտարարությունները երբեմն իրար հակասում են. «Նախ, խոսվում էր «վեթինգի» առանձին մարմին ստեղծելու մասին, իսկ այսօր մոտեցումն այլ է: Միջազգային փորձն էլ է փաստում, որ այդ մարմինը պետք է լինի խառը կազմով՝ ներառելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փաստաբանների, դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների, որպեսզի այդ կերպ ապահովվի օբյեկտիվությունը: Բայց այսօր կարծես մոտեցումներ են փոխվում, եւ կարծես՝ լիազորությունների առյուծի բաժինը տրվելու է Բարձրագույն դատական խորհրդին, որի մի մասն իրավաբան-գիտնականներ են, մյուսը՝ դատավորներ: Ընդ որում, նրանց ընտրում է Ազգային ժողովը: Այսինքն, «վեթինգ» անողները պարփակվելու են քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված լինելու փաստով: Չեմ պնդում ասածս, որովհետեւ ԲԴԽ մի շարք անդամների ճանաչում եմ որպես բանիմաց եւ պարկեշտ մասնագետների, բայց, ամեն դեպքում, որեւէ մեկը չի կարող ապահովագրված լինել որոշակի ճնշումների ենթարկվելուց, եթե պաշտոնի բերումով չունի ինստիտուցիոնալ պաշտպանիչ մեխանիզմներ: Ողջամիտ կասկած բոլորս կարող ենք ունենալ: Ես չեմ կարող պնդել, որ այդպես էլ կլինի, բայց ինստիտուցիոնալ հակակշիռները կասկածները վերացնելու համար են: Եթե քաղաքական մեծամասնությունից է կախված ԲԴԽ կազմը, հնարավոր է չէ՞ ենթադրել, որ ԲԴԽ անդամի պաշտոնում այս կամ այն անձի ընտրությունը կարող է կապվել «վեթինգի» գործընթացում իշխանության համար որոշակի ցանկալի վարքագիծ ապահովելու հետ: Իսկ եթե լիներ իմ մատնանշած՝ «վեթինգի» մեկ մարմինը՝ խառը կազմով, պաշտոնի ակնկալիքներ չէին լինի, հակառակը, կլիներ վերահսկողություն իշխանության հանդեպ»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ անգամ Վենետիկի հանձնաժողովն է ասում՝ «վեթինգը» որպես երեւույթ իրավաչափ է որոշակի դեպքերում, բայց երկու պայմաններ կան՝ չպետք է լինի քաղաքական նպատակահարմարության գերակայություն իրավունքի գերակայության հանդեպ, եւ «վեթինգը» պետք է ունենա հստակ ժամանակային սահմանափակվածություն: Սահմանադրագետի բնորոշմամբ՝ առաջինի դեպքում ունենք խնդիր. «Նախ, Բարձրագույն դատական խորհուրդը քննադատվում էր որպես ոչ բավարար լեգիտիմություն ունեցող մարմին: ԲԴԽ-ի հանդեպ համընդհանուր անվստահություն կա, եւ դա այն դեպքում, երբ կազմն ամբողջովին չի «թարմացվել»: Հասկանալի չէ, թե ԲԴԽ անդամների մի մասն ինչու հրաժարական տվեց, իսկ մյուսները՝ ոչ: Նման պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք ԲԴԽ-ի նկատմամբ իշխանության մատնանշած անվստահությունը վերացե՞լ է, որ նման մեծ պատասխանատվություն ենթադրող գործառույթներ են ցանկանում վերապահել: Այլ խնդիր էլ կա: ԲԴԽ-ն ինքը «վեթինգի» ենթարկվելո՞ւ է նախքան իր գործառույթներն իրականացնելը, ԲԴԽ անդամների քաղաքական կապերն ու անաչառությունը ստուգելո՞ւ են: Այդ անձանց ո՞վ է «վեթինգ» անելու, այսինքն, «վեթինգ» անողներին ո՞վ է «վեթինգ» անելու: Սա իսկապես լուրջ խնդիր է: Միջազգային փորձում ընդունված է, որ «վեթինգ» անող անձինք նույնպես ենթարկվում են որոշակի ստուգման: Որպես կանոն, դա լինում է խորհրդարանի կողմից՝ հրապարակայնության պայմաններում, կամ առանձին՝ ստուգող հանձնաժողով է ձեւավորվում: Այդ մասին որեւէ խոսք չկա, ինչը մտավախություններ է առաջացնում»:

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ավելի վաղ հայտարարել էր, որ «վեթինգը» վերապահվելու է ստեղծվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովին, Բարձրագույն դատական խորհրդին եւ Դատավորների ընդհանուր ժողովին: Սա, ըստ Արտաշես Խալաթյանի, մտահոգիչ է. «Ինչո՞ւ այդքան թվով մարմիններ ներգրավել այդ գործառույթի իրականացման համար: Շատ ավելի պարզ կլիներ, եթե սրանով զբաղվեր մեկ մարմին, որը կունենար լայն ներկայացուցչության բարձր մակարդակ, որպեսզի հանրության վստահությունը վայելեր: Այլ է հարցը, որ այդ մարմինն աշխատանքային գործընթացում կարող է ստանալ այլ կառույցների օժանդակությունը, օրինակ՝ ԱԱԾ-ի կամ ոստիկանության, հարկային մարմինների: Բայց նշվում է երեք մարմին, որոնք ունենալու են ոչ միայն խորհրդատվական, այլեւ որոշումներ կայացնելու գործառույթներ: Սա, իմ կարծիքով, բարդացնելու է գործընթացը»: Մեր նկատառմանն ի պատասխան, որ կառավարությունը նաեւ «վեթինգի» մասին առանձին օրինագիծ է մշակում, Արտաշես Խալաթյանը նկատեց. «Ինստիտուցիոնալ խառնաշփոթ ենք ունենում: Ընթացակարգերը հնարավորինս պարզ պետք է լինեն, որպեսզի ստեղծեն վերահսկողության, հաշվետվողականության եւ թափանցիկության որոշակի մակարդակ: Դրա արդյունքում է, որ հանրությունը կարողանալու է հստակ ընկալել «վեթինգ» անող այդ մարմնի գործառույթները»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031