Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԲ նախկին հրամանատարը սեփակա՞ն տեսակետ է հայտնում, թե՞ սպասարկում է ուժային որեւէ կենտրոնի շահեր»

Հուլիս 06,2019 13:30

«Չեմ կարծում, թե ՊԲ նախկին հրամանատարը Ռուսաստանի զինվորականությանը, այն էլ՝ բարձրաստիճան, հայտնի անձնավորություն է: Նման խոսակցություններ, երեւի, նրա համախոհներն են տարածում՝ իրենց երեւակայությանը լրջություն տալու համար». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

– Դուք ահազանգել էիք, որ Սամվել Բաբայանի թիմակիցները`սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքի ժամանակ բռնության կոչեր են անում, ներխուժում են մարդկանց տներ, գումար են առաջարկում եւ ոչ քաղաքակիրթ տարբեր մեթոդներով փորձում են իրենց կողմ ներգրավվել: Ի՞նչ ընթացք ստացավ ահազանգը, պատկան մարմինները զբաղվեցի՞ն խնդրով:

– Ոչ, պատկան մարմիններն իմ ահազանգումներին չեն արձագանքել: Երեւի բավարարվել են նախաձեռնող խմբի՝ ձեր թերթին տված մեկնաբանությամբ: Բայց որ ստորագրահավաքն անցնում է սահմանված կարգի խախտումներով՝ ակնհայտ իրողություն է: Այդուհանդերձ, նախաձեռնողներին չի հաջողվել հասնել նպատակին: Դրանով ես լիովին բավարարված եմ:

– Արցախում, նաեւ բնակչության շրջանում, կա՞ն մտավախություններ, որ եթե սահմանադրական այդ փոփոխությունը տեղի ունենա, դրանից կարող են օգտվել նաեւ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Նման սցենարների կյանքի կոչումը հավանակա՞ն են:

– Նման մտավախություններ եւ կասկածներ չկան: Ակնհայտ է, որ գործընթացը չի հասնի հանրաքվե նշանակելու որոշման: Հարցը կարելի է համարել փակված, նախաձեռնությունը՝ հիմնավորապես ձախողված:

– Վերջերս Սամվել Բաբայանը խոսել էր Արցախը մանդատային տարածք դարձնելու մասին, մասնավորաբար, ՌԴ-ի ներքո: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

– Որքան հիշում եմ, նա կոնկրետ Ռուսաստանի մանդատի մասին չի խոսել, ասել է ընդհանրական: Կարծեմ նույնիսկ ակնարկել է, որ դա կարող է լինել միջազգային ինչ-որ կազմակերպության մանդատ: Երեւի ԵԱՀԿ-ն նկատի ուներ: Բայց դրանից մոտեցման իմաստը չի փոխվում: Դրա հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել: Ես այդտեղ վտանգավոր ոչինչ չեմ տեսնում: Եթե, իհարկե, չկա աշխարհաքաղաքական ինչ-որ նախագծի հետք: Խնդիրն այստեղ է՝ ՊԲ նախկին հրամանատարը սեփակա՞ն տեսակետ է հայտնում, թե՞ սպասարկում է ուժային որեւէ կենտրոնի շահեր: Անկեղծ ասած, կուզենայի, որ նա արտահայտած լիներ զուտ անհատական մոտեցում: Հակառակը չեմ ուզում մտքիս անգամ անցկացնել:

– Այդ համատեքստում, խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանին ֆինանսավորում եւ հովանավորում են ռուսական բարձրաստիճան զինվորական շրջանակներից: Հավատո՞ւմ եք այդ խոսակցություններին, ռուս բարձրաստիճան զինվորականներն ի՞նչ հետաքրքրություններ կարող են ունենալ այս հարցում, թե՞ նրանք ՌԴ քաղաքական իշխանության հետաքրքրություններն են իրացնում:

– Չեմ կարծում, թե ՊԲ նախկին հրամանատարը Ռուսաստանի զինվորականությանը, այն էլ՝ բարձրաստիճան, հայտնի անձնավորություն է: Նման խոսակցություններ, երեւի, նրա համախոհներն են տարածում՝ իրենց երեւակայությանը լրջություն տալու համար: Որքան ես եմ տեղյակ, ստորագրահավաքին աջակցում են մեկ-երկու ծագումով արցախցի ռուսաստանաբնակ անձինք, որ գործարարի համարում ունեն: Նրանց հնարավորությունը, սակայն, սահմանափակվում է իրենց ծանոթների, բարեկամների շրջանակով: Այսքան բան:

– Խոսակցություններ կան, որ Սամվել Բաբայանին հովանավորում են նաեւ հայաստանյան շրջանակներից: Հայաստանյան ի՞նչ շրջանակներ կարող են հետաքրքրված լինել Սամվել Բաբայանի`Արցախ վերադարձով, իբրեւ իշխանություն, արդյոք իշխանական, քանի որ ակնհայտ են ՀՀ եւ Արցախի իշխանությունների սուր հակասությունները, իսկ Սամվել Բաբայանը կալանքից ազատ արձակվեց հեղափոխությունից հետո, այսպես ասած, ՀՀ նոր իշխանությունների շնորհիվ:

– Ստորագրահավաքին եւ Սամվել Բաբայանի քաղաքական ծրագրերին Հայաստանի իշխանությունների աջակցության թեման, կարծեմ, նոր է շրջանառվել: Ես դրան լուրջ չեմ վերաբերվում: Բացառված է, որ պաշտոնական Երեւանը խաղադրույք դնի Սամվել Բաբայանի վրա: Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների հետ «հակասություններին»՝ ապա, համոզված եմ, այդ մասին խոսակցությունները խիստ ուռճացված են:

– Ի՞նչ ֆորս-մաժորներ են հավանական Արցախի ընտրություններից առաջ, ուժերի ի՞նչ վերադասավորումներ եք կանխատեսում:

– Ֆորս-մաժորի հավանականությունը շատ քիչ է: Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում: Ուժերի վերադասավորություն, իհարկե, տեղի կունենա: Չի փոխվի, սակայն, հարաբերակցությունը: Նախագահի պաշտոնի ֆավորիտ թեկնածուն «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է: Նրա քաղաքական կապիտալն աճի ակնհայտ միտումներ ունի: Այս համատեքստում չեմ բացառում, որ մյուս ուժերը համախմբվեն եւ առաջադրեն, այսպես կոչված, միասնական թեկնածու: Ինտրիգն այն է, թե ո՞վ կլինի նա:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

05.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031