Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազագույն աշխատավարձի բարձրացման` կառավարության առաջարկը կարող է ազդել բազային աշխատավարձի վրա

Հուլիս 06,2019 13:00

Նվազագույն աշխատավարձի բարձրացումն այն չափով, որով առաջարկում է կառավարությունը, որոշ ռիսկեր է առաջացնում՝ եթե այն ԱԺ-ն ընդունի: Այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը: Բայց, նա դրական է գնահատում նվազագույն աշխատավարձի բարձրացումը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծ էին ներկայացրել կառավարություն, առաջարկելով՝ նվազագույն աշխատավարձը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն 63 հազար դրամ սահմանել: Կառավարությունն էլ իր կողմից փորձեց «լավություն» անել, եւ 63 հազարին մի քանի հազար էլ ավելացրեց, առաջարկելով նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Կառավարության հենց այս տարբերակն էլ կառավարության նիստում հավանություն ստացավ: Այս նախագիծը ԱԺ-ում դեռ պետք է քննարկվի:
Արտակ Մանուկյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց՝ Աժ պատգամավորների ներկայացրած նախագծով այլ հավասար պայմաններում որեւէ կերպ բազային պետական աշխատավարձի վրա ազդեցություն չէր ունենա. «Իսկ կառավարության առաջարկած եւ ընդունած տարբերակը՝ 68 հազար դրամը, եթե այդպես ընդունվի եւ հավելյալ կանոնակարգումներ չմտցնեն, ապա ազդեցություն կունենա: Իհարկե, կառավարությունում էլ է ասվել, որ այն չպետք է ազդեցություն ունենա բազային ախատավարձի վրա, բայց կարգավորում չեն առաջարկել»:

Մանուկյանի խոսքերով՝ նախագծի նպատակը աշխատող, բայց սոցիալապես խոցելի խմբերի համար բարեկեցության որոշակի մակարդակ ապահովելն է:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունից էր բխում:

Պատգամավորը հիշեցրեց՝ վերջին անգամ նվազագույն աշխատավարձը 2015 թվականի հուլիսի 1-ին է բարձրացվել եւ սահմանվել 55 հազար դրամ. «Բայց Եվրոպայի խորհրդի՝ Եվրոպական սոցիալական կանոնադրությամբ ամրագրված Հայաստանի պարտավորություններով՝ արդարացի, արժանապատիվ աշխատավարձի դրույթով աշխատավարձի այդ ցուցանիշը չէր համապատասխանում չափորոշիչներին, այսինքն՝ խզում կար: Ավելացնենք, որ միջին ամսական աշխատավարձն է աճում, գնաճ կա եւ այլն, այդ նույն 55 հազար ստացողի գնողունակությունը նվազում էր, եւ ուստի տրամաբանված է, որ աշխատավարձը պետք է բարձրացվեր»:

Ինչ վերաբերում է նախագծի ռիսկերին, ապա Մանուկյանն օրինակներ բերեց.նվազագույն աշխատավարձ ստացող սեգմենտն ասենք՝ գրադարանավարներն են, ՏՏ մասնագետը, որը ամիսը մեկ անգամ որեւէ ընկերությունում համակարգիչներ է ստուգում կամ մարդ, որը ժամավճարով է աշխատում, մաքրուհիները եւ այլն. «Կարծիքներ են հնչում, թե պետք է ավելի շատ բարձրացնել նվազագույն աշխատավարձը, բայց եթե այս սեգմենտի աշխատավարձը շատ բարձրացնես, մասնավոր բիզնեսը կսկսի մտածել ժամերի տեւողությունը կրճատելու մասին կամ փոխարինել նրանց: Հետեւաբար նվազագույն աշխատավարձի կամայական բարձրացումը մեծացնում է այս խավի փոխարինելիությունը, եւ հետեւաբար որպես կանոն, նրանց շրջանում գործազրկության հավանականությունը կմեծանա: Շատ զգույշ է պետք մոտենալ: Եթե ամսական 40 ժամի դիմաց վճարվում է նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձ, հիմա եթե դարձնեն 68 հազար դրամ, հատկապես փոքր ու միջին բիզնեսը կարող է ցույց տալ, որ 30 ժամ է աշխատել տվյալ անձը ու նույն գումարը վճարի, մանավանդ, որ իմ նշած սեգմենտի աշխատանքային գրաֆիկը չափելի չէ»:

Պատգամավորը նաեւ նկատեց՝ երբ կառավարությունը նվազագույն աշխատավարձի շեմ սահմանեց 68 հազար դրամ, սա նշանակում է, որ, այսպես ասած՝ կեղտոտ աշխատավարձը պետք է լինի մոտ 88 հազար դրամ. «Իսկ օրենքն ասում է՝ կեղտոտ աշխատավարձի եւ բազայինի խզումը պետք է լինի 20%: Մինչդեռ կառավարության առաջարկով այդ խզումը 23% է, ԱԺ պատգամավորների առաջարկած տարբերակով՝ 20% էր:Այդ խզումը ազդելու է բազային աշխատավարձի վրա, իսկ պետական ծառայողների աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձի՝ 66 հազար դրամ դրույքաչափով, ասենք՝ իմ աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձի տասնապատիկով, եւ ուստի կառավարության առաջարկած 68 հազարն ընդունելով, ավտոմատ կազդի, ասենք՝ մեր աշխատավարձերի վրա, իսկ մեր նպատակը սա չէ, մեր նպատակը սոցիալապես խոցելի խմբերի վիճակը բարելավելն է, նվազագույն աշխատավարձ ստացողների աշխատավարձը բարձրացնելն է: Իմ կարծիքով, նման կամայական բարձրացումը պետք է հենված լինի առաջին հերթին արտադրողականության աճի վրա»:

Պատգամավորը վստահեցրեց՝ կառավարության առաջարկած տարբերակը ԱԺ-ում քննարկելու են, եւ փոփոխություններ կամ այլ կարգավորումներ կառաջարկեն, որպեսզի ասենք՝ պատգամավորների, նախարարների եւ այլ պաշտոնյաների աշխատավարձի վրա ազդեցություն չունենա, չբարձրանա:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանյա Դումանյան says:

    Շատ լավ է, երբ խոսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին, սակայն շատ ցավալի է, որ տարանջատվում են պետական և մասնավոր սեկտորներում աշխատողները: Ես կարող եմ կոնկրետացնել իմ խնդիրը: Ունեմ բարձրագույն կրթություն, սակայն աշխատում եմ որպես օպերատոր քաղ. պայմանագրով, որովհետև որպես հիմնական աշխատող չեն ընդունում պատճառաբանելով, որ կարող են ինչ-ինչ խնդիրներ առաջանալ: Ասում են աշխատավարձը որքան էլ բարձրանա, իմը կմնա նվազագույն 55000-ը, ինչ ծավալի աշխատանք էլ, որ կատարեմ: Միթե այդ նվազագույն շեմի խնդիրը ինձ նմանները չեն կարող ունենալ, թե մենք որպես պատժվածներ կամ չգիտեմ ինչ անվանել, պիտի միայն այդ 55000-ը ունենանք: Միթե չի կարելի օրենքը ձևակերպել այնպես, որ գործատուն անկախ իր մասնավոր լինելուց, չկարողանա մեզ նսեմացնել և վճարել իր ցանկացած գումարը՝ այսինքն նվազագույնից ցածր աշխատավարձ, և ամեն անգամ սպառնա, եթե համաձայն չես, դիմում գրիր և ազատվիր: Ստացվում է, որ հասարակությունը բաժանված է երկու խմբի, պետական հոգածություն ստացողների և մասնավորի կամայականությանը նետված անպաշտպանների

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031