Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն ռիսկերը պետական գնումների ոլորտում

Հուլիս 06,2019 12:30

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Հասմիկ Ենգոյանը բազմիցս է անդրադարձել պետական գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերին, մրցույթների կազմակերպման ժամանակ հակամրցակցային եւ խտրական պահանջների ներկայացմանը։ Նրա հավաստմամբ՝ այս ոլորտում առկա, սակայն չհանրայնացվող այնպիսի լուրջ ռիսկեր եւ խնդիրներ կան, որոնք հանգեցնում են պետական բյուջեի միջոցների, մեղմ ասած, ոչ արդյունավետ օգտագործմանը, իրականում՝ վատնմանը: Հասմիկ Ենգոյանի պնդմամբ՝ պետական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման համար առանձնահատուկ նշանակություն ունի պետությունում գործող ֆինանսական վերահսկողության արդյունավետ համակարգը, ուստի «Մեկ Հայաստան» կուսակցությունում համակարգի կատարելագործմանն ուղղված հայեցակարգ է մշակվում:

– Որո՞նք են ներկայումս պետական գնումների ոլորտում առկա հիմնախնդիրները:

– Պետական գնումների ոլորտում չափազանց կարեւոր է, որպեսզի պետական գնման արդյունքում պետական մարմինը ձեռք բերի իր կարիքին համապատասխան ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ, ընդ որում՝ ձեռքբերումը լինի համարժեք հատուցմամբ։ Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ, որպեսզի պետական գնումները լինեն տնտեսող, արդյունավետ եւ օգտավետ։ Կարեւորում եմ նաեւ տնտեսվարող բոլոր սուբյեկտների պետական գնման գործընթացներին մասնակցելու իրավահավասարությունը եւ վերջիններիս միջեւ մրցակցության խրախուսումը: Միայն պետական գնման մասնակիցների միջեւ իրական մրցակցության ապահովման միջոցով հնարավոր կլինի ապահովել պետական բյուջեի միջոցների տնտեսող եւ օգտավետ օգտագործումը:

– Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն պետության կողմից Ձեր կողմից թվարկված նպատակներին հասնելու եւ պետական գնումների ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:

– Պետական գնումների ոլորտում օրինականությունը ապահովելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է իրականացնել վերահսկողություն պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտարարված պետական գնումների հրավերների օրինականության եւ հիմնավորվածության նկատմամբ:

Ընդհանուր առմամբ, պետական գնման մրցույթների հրավերները գնահատելիս՝ պետք է վերլուծվեն հրավերների հետեւյալ ասպեկտները.

Հրավերով արդյոք նախատեսվե՞լ է պատվիրատուի կարիքին համապատասխան ապրանք կամ ծառայություն։

Տվյալ դեպքում շատ կարեւոր է բացահայտել, արդյոք գնման մրցույթի հրավերով նախատեսվե՞լ է այնպիսի ապրանք կամ ծառայություն, որը իրականում համապատասխանում է պատվիրատուի կարիքներին։ Բանն այն է, որ հաճախ պրակտիկայում պատվիրատուների կողմից պահանջվում են այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ, որոնք տվյալ պահին գերազանցում են պատվիրատուի իրական կարիքը, ինչը հանգեցնում է պետական միջոցների ոչ արդյունավետ օտագործմանը, անգամ վատնմանը։ Օրինակ, պահանջվում է չարդարացված բարձր տեխնիկական չափանիշներ ունեցող համակարգչային տեխնիկա կամ ընթացիկ օգտագործման համար նախատեսված A4 ֆորմատի թուղթ՝ պատրաստված, օրինակ, էվկալիպտի փայտից։

Լինում են դեպքեր, երբ հակառակը, պետական մարմնի կողմից պահանջվում է այնպիսի ապրանք, որն ակնհայտորեն նվազ է պետական մարմնի իրական կարիքից: Շատ տիպիկ օրինակ է «ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՓԲԸ-ի կողմից հայտարարված «ՀՀԷԵԲՊՆ-Մ-ԳՀԱՊՁԲ-19/5» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում ինքնաթափ բեռնատարների ձեռքբերումը, երբ «ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՓԲԸ-ի կողմից տրված պաշտոնական պարզաբանման արդյունքում ամրագրվեց, որ նշված ՓԲԸ-ին անհրաժեշտ են 1982-1990թթ. արտադրության ինքնաթափ բեռնատարներ եւ փաստորեն պետական բյուջեի միջոցները ուղղվեցին նման հնամաշ տեխնիկայի ձեռքբերմանը: Նման իրավիճակում հասարակության մոտ իրավացիորեն կարող է ստեղծվել տպավորություն, որ պետական գնումը կազմակերպվել է կոնկրետ ընկերության մոտ առկա կոնկրետ ապրանքի (այն էլ հնամաշ) ձեռքբերման նպատակով:

Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի ձեռքբերվող ապրանքը կամ ծառայությունը լինի օբյեկտիվորեն հիմնավորված եւ համարժեք է այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ պետական գնումը։

Արդյոք պետական գնման հրավերում առկա չեն այնպիսի խտրական պահանջներ, որոնք կառաջացնեն մրցակցության սահմանափակում կամ հնարավոր մասնակիցների շրջանակի նվազում։

Այս դեպքում պետք է գնահատվի, արդյոք հրավերում առկա չեն այնպիսի պայմաններ, որոնք խտրական են եւ սահմանափակում են մրցակցությունը` անհիմն կերպով բարդացնում հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին կամ հանգեցրել են գնումների գործընթացում մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտների առաջացմանը։ Պետք է բացահայտել, մրցույթի հրավերով մասնակիցների կարգավիճակի նկատմամբ արդյոք չեն դրվել չհիմնավորված ծանր պահանջներ (օրինակ, տեխնիկայի կամ մասնագետների առկայություն, չհիմնավորված մասնագիտական փորձ), որի արդյունքում պետական գնումների դաշտից դուրս են մնում բազմաթիվ մասնակիցներ։ Օրինակ, պետական մրցույթի հրավերով պահանջվում է այնպիսի ապրանք, որը ՀՀ ներմուծում է միայն մի ընկերություն (հնարավոր է, նաեւ պատվիրատուի հովանավորյալ ընկերությունը)։ Արդյունքում մրցույթին մասնակցում է միայն մեկ ընկերություն, որի արդյունքում վերանում է մրցակցությունը եւ ապրանքի գինը արհեստականորեն բարձրանում է։ Օրինակ, մրցույթի հրավերով նախատեսվում են մեքենայի յուղի այնպիսի պարամետրեր, որը Հայաստան ներմուծում է միայն մեկ ընկերություն: Կամ օրինակ՝ բժշկական սարքավորումների ձեռքբերման մրցույթներով պահանջվում են սարքերի այնպիսի պարամետրեր, որոնք արտադրվում է կոնկրետ մեկ ընկերության կողմից, ով ունի իր պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, եւ միայն այդ ընկերությունն է, փաստորեն, իրավասու վաճառել նման արտադրանք:Կամ՝ պատվիրատուի կողմից հայտարարվել է պատրաստի սննդի մատակարարման գնման մրցույթ։ Տվալ մրցույթի շրջանակներում մասնակիցը պետք է ներկայացնի հայտը ներկայացնելու տարվա եւ դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձեւով իրականացրած նմանատիպ առնվազն մեկ պայմանագիր: Եվ պատվիրատուի կողմից որպես նմանատիպ են սահմանվում ոչ թե հենց պատրաստի սննդի մատակարարման պայմանագիրը, այլ հանկարծ՝ հիվանդների համար պատրաստվող եւ մատուցվող դիետիկ սննդի մատակարարման պայմանագրեր («Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ի կարիքների համար սննդի մատուցման ծառայության ձեռքբերման նպատակով կազմակերպված «ԿՖԲԳՀԻ-ԲՄԾՁԲ-18/3» ծածկագրով բաց մրցույթի հրավեր):

Վերոհիշյալը կարող է տեսականորեն մեկնաբանվել, որ պետական մարմինը նման եղանակով փորձում է նախապատվություն տալ կոնկրետ ընկերությանը:

Մինչդեռ, մասնակցին ներկայացող հակամրցակցային եւ խտրական պահանջի արդյունքում պետական գնման մրցույթի շրջանակներից դուրս են մղվում բազմաթիվ ընկերություններ, որպես հետեւանք նվազում է մրցակցությունը եւ համապատասխանաբար աճում առաջարկվող պետական գնման գինը, որն էլ հանգեցնում է պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ օգտագործմանը, եթե չասենք՝ վատնմանը:

– Տիկին Ենգոյան, պատկերացնենք, որ ստեղծվել է իրավիճակ, երբ պետական մարմինը պետական գնման արդյունքում ստիպված կնքել է պայմանագիր իր համար անընդունելի մասնակցի հետ։ Ի՞նչ կարող է այս դեպքում սպասվել ընկերությանը։ Կբերե՞ք օրինակներ:

– Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ պետական մարմնի կողմից անընդունելի հաղթող մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման փուլում ստեղծվում են խոչընդոտներ՝ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարման համար: Խնդիրը կայանում է նրանում, որ տվյալ դեպքում ընկերությունը ոչ միայն զրկվում է հնարավորությունից կատարելու պայմանագիրը եւ վճարվելու դրա դիմաց, այսինքն՝ կրում է նյութական վնաս, այլ նաեւ կանգնում երկու տարով պետական գնումներին մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի առջեւ: Այդ իսկ պատճառով հաճախ ընկերությունները զերծ են մնում մասնակցելու այնպիսի պետական գնումների, որոնց պարագայում կարող են դառնալ «անընդունելի» գործընկեր պետական մարմնի համար: Արձանագրվում են նաեւ դեպքեր, երբ պետական մարմնի կողմից պայմանագիրը միակողմանի լուծվում է ՀՀ քաղաքացիական օրենսդրության պահանջների խախտմամբ, ինչը նույնպես տնտեսվարող սուբյեկտի համար հանգեցնում է 2 տարով պետական գնումներին մասնակցելու իրավունքից զրկվելուն:

Օրինակ, ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց կողմից կայացրած թիվ ՍՑ-ԱՄ-2018/210 եւ ՍՑ-ԷՍ-2019/14 որոշումներով արձանագրվեց, որ «Վանարխ» ՍՊԸ-ի եւ «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջեւ կնքած «ՀՀՔՊԿ-ԳՀԱՇՁԲ-18/5» ծածկագրով պայմանագիրը, ինչպես նաեւ 2018թ. մայիսի 31-ին «Սարգիս եւ Մարիաննա» ՍՊԸ-ի եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ կնքված «ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-18/34-1» ծածկագրով պայմանագիրը պետական մարմինների կողմից միակողմանի լուծումը իրավաչափ չէ:
Կցանկանայի նշել, որ պետական գնման ոլորտում վերոթվարկված եւ բազմաթիվ այլ հիմնախնդիրներին բազմիցս անդրադարձել եմ նաեւ իմ գիտական հրապարակումներում՝ առաջարկելով դրանց լուծման ուղիները (նաեւ`«Առավոտում»-Ռ.Մ.):

Բացի այդ, քանի որ պետական միջոցների օգտագործման համատեքստում վերջինիս արդյունավետության բարձրացման համար առանձնահատուկ նշանակություն ունի տվյալ պետությունում գործող ֆինանսական վերահսկողության արդյունավետ համակարգը, ուստի տեղեկացնում եմ, որ ներկայումս «Մեկ Հայաստան» կուսակցության կողմից վերոհիշյալ համակարգի կատարելագործմանն ուղղված հայեցակարգ է մշակվում:

Հարցազրույցը` ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

05.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Anna says:

    Հետո էլ ասում են իրավիճակա փոխվել, փաստորեն ոչ մի բան էլ չի փոխվել, ոնց ուտում էին, նենց էլ շարունակում են ուտել: Վարչապետի ականջը կանչի…

  2. Ալլա Հարությունյան says:

    Հիմա որ կոնկրետ դեպքեր են նշվել, որոնք հնարավոր է հանցակազմ են պարունակում, բա իրավասու մարմինները դրանցով չեն զբաղվելու?

  3. Ռուբեն Սաֆրազյան says:

    Արա դուք վերջն եք, 25 տարվա բեռնատար առնելը որնա )))))))))))))))

  4. Lara says:

    Գտնում եմ, որ այսօրվա պայմաններում պետք է բոլորի ուշադրության կենտրնում լինի պետական գնումները, պետք է ուժեղացվի պետական գնումների նկատմամբ վերահսկողությունը, որ պատվիրատուների կողմից բացառվի կոռուպցիոն որևէ գործողության իրականացումը:

  5. Lara says:

    Գտնում եմ, որ այսօրվա պայմաններում պետք է բոլորի ուշադրության կենտրոնում լինի պետական գնումները, պետք է ուժեղացվի պետական գնումների նկատմամբ վերահսկողությունը, որ պատվիրատուների կողմից բացառվի կոռուպցիոն որևէ գործողության իրականացումը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031