Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Հուլիս 05,2019 20:51

«Ընդհանրապես նման մեկնաբանություններ հնչեցնողներին խորհուրդ կտայի՝ մեկ անգամ եւս ուշադիր կարդային գրառումս, այնուհետև գնահատականներ տային։ Ես ոչինչ չեմ մոռացել, իրենք են երևի մոռանում, շատ հստակ գրել եմ, որ և՛ մեր իշխանության օրոք և՛ այսօր ու վաղը եղել եմ ու կլինեմ ավանդական ու քրիստոնեական արժեքների ու ավանդական ընտանիքի ջատագով։ Այո, նաև մեր իշխանության ժամանակ, երբ ընդունվում էր «Ընտանեկան բռնության» մասին օրենքը, ինքս եղել եմ իշխանության այն քիչ ներկայացուցիչներից, որը կատաղի պայքար է մղել և հրապարակային քննադատել այդ օրենքի նախնական տարբերակը։ Իմ ու իմ կուսակցական որոշ ընկերների, ինչպես նաև հանրային առողջ հատվածի պայքարի արդյունքում, անորակ ու հակազգային դրույթներով լի օրինագիծը փոխվել է և բերվել նորմալ տեսքի, որից հետո միայն ընդունվել է Ազգային ժողովի կողմից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով իրեն ուղղված այն մեղադրանքներին, թե Ստամբուլյան կոնվենցիան ընդունվել է ՀՀԿ-ի իշխանության օրոք։

Այդ աղմուկը բարձրացել էր Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումից, որում նա, մասնավորաբար, անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, նշել էր, ավանդական ընտանիքի մոդելն այլընտրանք չունի. «Հարգելի հայրենակիցներ, թե՛ մեր իշխանության ժամանակաշրջանում, և թե այսօր, որպես ընդդիմադիր գործիչ՝ պայքարել եմ հանուն ազգային և ավանդական արժեհամակարգի պաշտպանության: Լինելով իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ՝ երբեք չեմ խուսափել իմ խիստ գնահատականները հնչեցնել հակապետական, հակաազգային և օտարամոլ բարքերի դեմ: Ի տարբերություն այսօրվա ղեկավարության, որը չունի իզմեր, ես ունեմ իզմեր, և այդ իզմն ազգային կոնսերվատիզմն է՝ խարսխված ազգային-ավանդական և քրիստոնեական արժեքների վրա: Դատապարտում եմ ցանկացած բռնություն և բռնության քարոզ: Հայաստանում ուժեղանում է հակապետական և օտարամոլության քարոզը:
Օրինակնե՞ր եք ուզում, խնդրեմ…

Վեհարանի գրավման փորձեր, Վեհափառի վրա հարձակում, կրթության տխրահռչակ նախարարի կողմից անհանդուրժող կեցվածք՝ դպրոցում Առաքելական եկեղեցու սպասավորների այցելության հետ կապված, տրանսգենդերության քարոզ ԱԺ ամբիոնից, Բոլթոնի կոչը՝ հրաժարվել ազգային կաղապարներից… Շարքը երկար է:

Սա քիչ էր, հիմա էլ հրապարակ են բերել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը: Հայաստանը չպետք է վավերացնի այդ տխրահռչակ կոնվենցիան: Այն չի բխում մեր արժեհամակարգից, և վերջ: Ավանդական ընտանիքի մոդելը Հայաստանում չպետք է այլընտրանք ունենա: Սա ոչ թե կուսակցական, այլ արժեհամակարգի հարց է և լակմուսի թուղթ է լինելու բոլորիս համար: Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը»,- գրել էր նա ։

«Այն ժամանակ էլ, այսօր էլ բոլոր այն նախագծերին, որոնք դեմ են եղել ավանդական արժեքներին՝ դեմ եմ, անկախ այն հանգամանքից՝ դրանք վավերացվել են Լևոն Տեր-Պետրոսյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի օրոք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ այդ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանության շրջանում, բայց այն ժամանակ չի վավերացվել և Ազգային ժողով չի եկել. «Եթե գար, ապա ԱԺ մեծամասնությունն իր գնահատականը կտար։ Մեր իշխանությունն անսխալական չի ղել, բայց այսօրվա իշխանությունը մեկ տարվա ընթացքում ավելի շատ սխալներ է արել, քան ՀՀ բոլոր իշխանությունները միասին։ Սուտի ժողովրդավարության ջատագովները, ավելի լավ կլինի՝ լռեն, քանի որ այդ ամենն ընդհանրապես կապ չունի ժողովրդավարության հետ»:

Էդուարդ Շարմազանովն ասաց նաեւ, որ բռնություն կիրառողներին պատժելուն ոչինչ չի խանգարում. «Մենք քրեական օրենսգիրք չունե՞նք։ Ես բռնության կոչ չեմ անում, բռնության կոչ են անում այն մարդիկ, որոնք հորդորում են վավերացնել այդ կոնվենցիան, քանի որ այն բռնություն է ազգային արժեքների նկատմամբ, և նրանք, որոնք կողմ կքվեարկեն վավերացմանը, նրանք բռնություն են գործադրում ազգային արժեքների դեմ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031