Այսօր «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանը, ինչպես նաեւ բացվեց գրադարան՝ ուսանողների եւ զինվորների համար:
ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողներին ասաց, որ այդ սրահներում կիրականացվեն տարբեր միջոցառումներ՝ դասախոսություններ, համերգներ, ցուցահանդեսներ. «Կարծում եմ դա լավագույն մոդելը պետք է լինի ուսանողության մերձեցման եւ մեր զինվոր տղաների եւ յուրաքանչյուրի, ով ցանկություն կունենա շփում ունենալ մշակութային կամ աշխատանքային հարթակներում»:
Մուրադյանի տեղեկացմամբ՝ այդ ամենը ստեղծվել է բուհի շրջանավարտների ջանքերով, 2 տարի առաջ քննարկել են, ապա արտերկրում ճաշկերույթի ընթացքում դրամահավաք է կազմակերպվել:
Կարդացեք նաև
Ռեկտորի խոսքերով՝ անցյալ տարի «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում նշվում էր Ռոբերտ Աբաջյանի ծնունդը. «Եվ այդ ժամանակ տղաների մոտ միտք առաջացավ՝ իրենց ընկերոջ անունով լսարան ստեղծել. Ռոբերտ Աբաջյանը դարձել է հավաքական կերպար՝ մեր նահատակված տղաների, եւ դահլիճն էլ հավաքական կերպարի անունով է»:
Սրահի բացման արարողությանը ներկա էին Ռոբերտ Աբաջյանի հայրը, տատիկն ու պապիկը, ապրիլյան պատերազմում զոհված, հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը: Ներկա էին նաեւ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցող պաատվիրակությունների ներկայացուցիչներ եւ անվանի բժիշկներ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ