ՀՀԿ-ականների ուխտագնացությանն այսօր մասնակցում էր նաեւ Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Արամ Սիմոնյանը:
Լրագրողները Արամ Սիմոնյանին խնդրեցին գնահատել ԵՊՀ-ում այժմ տիրող վիճակը: «Առաջիկա ամիսներին կերեւա: Ընդհանուր առմամբ՝ սովորական է, ինչպես եղել է, այնպես էլ կա: Որեւէ առանձնակի բաներ չկան, ժամանակը դեռ չի հերիքել, որպեսզի ինչ-որ փոփոխություններ լինեն: Այնպես որ, հետագա ընթացքը ցույց կտա»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Հարցին` ի վերջո իր հրաժարականը քաղաքական հայացքների պատճառո՞վ էր, թե՞ այլ պատճառներ էլ կային, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ շատ հանգամանքներ կային. «Բայց ես պետք է իմ ցանկությամբ տայի հրաժարական, այլ ոչ թե ուրիշների: Ուզեցի, հրաժարական տվեցի: Տեսա, որ իմ մնալը վտանգում է համալսարանի հետագա ընթացքը եւ նրա 100-ամյակի տոնակատարությունը, դրա համար որոշեցի, որպեսզի համալսարանը քավության նոխազ չդառնա»:
Արամ Սիմոնյանն իր հրաժարականի համար չի ափսոսում, բայց կիսատ թողած գործերի համար ափսոսում է: «Ես հիմա գիտական աշխատանքով եմ զբաղվում, իմ դասախոսական աշխատանքով, նոր, շատ հաճելի պահեր եմ ապրում՝ ազատ հոգսերից»,- ասաց Արամ Սիմոնյանը` հավելելով, որ համալսարանում իր դեմ եղած խմորումներով չի հետաքրքրվում. «Չեմ հետաքրքրվում այդ բոլորով, քանի որ ունեմ կոնկրետ աշխատանք հայագիտական հետազոտությունների ինստիտուտում: Այդտեղ շատ կա աշխատանք անելու, ընդ որում՝ շատ հետաքրքիր աշխատանք: Ես զբաղված եմ այդ աշխատանքը կազմակերպելով եւ ինքս էլ անմիջապես մասնակից եմ այդ աշխատանքին»:
Կարդացեք նաև
Հարցին`ո՞ւմ կվստահեիք ռեկտորի աթոռը, նա պատասխանեց. «Ում կընտրի հոգաբարձուների խորհուրդը: Ես վստահելու խնդիր չունեմ, ազատ եմ ամեն ինչից»:
Լրագրողներից մեկը հարցրեց` նախկինում ասում էին, թե համալսարանը կուսակցականացված է, ի՞նչ վիճակ է հիմա այս առումով: «Երբեք չի եղել այդ խնդիրը, հիմա էլ չկա: Արհեստածին, մտացածին բան է»՝ պատասխանեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ