Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկները պատկերավոր ներկայացրին արգանդի պարանոցի քաղցկեղը եւ թե ինչու պետք է պատվաստվել

Հուլիս 05,2019 18:08

«Ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմի հետ. կինը գալիս է սեռական օրգաններից արտադրությամբ, ահավոր հոտով, եւ դու արդեն գիտես, որ դա քայքայվող ուռուցք է»,-այսօր այսպես պատկերավոր ներկայացրեց արգանդի պարանոցի քաղցկեղի հետեւանքները բժիշկ-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը: Բժիշկն իր ելույթի նյութին բավականին ազդեցիկ լուսանկարներ էր կցել, որոնք արտացոլում էին քաղցկեղը՝ հիվանդության տարբեր փուլերում: Վահե Տեր-Մինասյանը պատասխանում էր մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի բոլոր այն ընդդիմադիրներին, որոնք դեմ են, որպեսզի Հայաստանում ներդրվի այս պատվաստանյութը՝ Գարդասիլը:

Պատվաստանյութին դեմ արտահայտվողները պնդում են, որ այն առաջացնում է անպտղություն, գարդասիլն արագացնում է նախաքաղցկեղային փոփոխությունները եւ այլն: Այսօր սակայն արտերկրից ժամանած հեղինակավոր մասնագետները, որոնք մասնակցում էին 5-րդ Միջազգային բժշկական համագումարին, քննարկման ժամանակ հերքեցին այդ տեսակետները՝ ներկայացնելով մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) պատվաստման համաշխարհային փորձը:
Վահե Տեր-Մինասյանն ասաց, որ ստիպված է այդպիսի օրինակներով խոսել, որպեսզի մարդիկ պատկերացնեն ինչ հետեւանքներ կարող է ունենալ հիվանդությունը: Նրա համոզմամբ, հենց մեր երկրում պետք է կատարվի այդ պատվաստումը, որովհետեւ հիվանդների 60 %-ից ավելին հիվանդության 3-րդ 4-րդ փուլերում է դիմում բժշկի, երբ արդեն մի քանի ամսվա կյանք է մնացել. «Հիվանդը գալիս է արյունահոսությամբ: Նրանք, հիմնականում երիտասարդ կանայք են, որոնք ունեն փոքր երեխաներ ընտանիք, եւ, դու չգիտես ոնց նայես այդ հիվանդի, նրա հարազատների աչքերին ու ասես այդ ամենը: Արգանդի պարանոցի քաղցկեղը, եթե չի ստանում մասնագիտացված բուժում, իսկ շատ հիվանդներ հրաժարվում են, որովհետեւ արդեն հայտնաբերվում է 4-րդ փուլում, նրանց միջին ապրելիությունը տեւում է 5-ից 22 ամիս: Ապրել ասածը շատ հարաբերական է, որովհետեւ 5-ից 22 ամիս դա տանջանք է, ցավ է, անընդհատ արյունահոսություն է»:

 

Բժիշկ Տեր-Մինասյանը հորդորեց, ոչ թե չոր վիճակագրությունը հաշվի առնել, այլ՝ թե նրանցից ամեն մեկն ով էր, ինչ անհատականություն էր:

ԱՄՆ-ից ժամանած վերարտադրողական առողջության եւ գինեկոլոգիայի մասնագետ Վիգեն Սեփիլյանը կարծիք հայտնեց՝ այն կանայք, որոնք պատվաստված են, ավելի պտղաբեր են, քան նրանք, որոնք չեն ստացել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը. «Դուք շատ տեղերում կարող եք գտնել վատ որակի հետազոտական նյութեր այս թեմայով, բայց, հիշեք, որ աշխարհում միլիոններով դոզաներ արդեն տրված են եւ որեւէ հակառակն ապացուցող ոչ մի հիմնավոր փաստարկ չկա դրա վնասակարության մասին եւ ԱՄՆ-ում մինչեւ 45 տարեկան մարդիկ անպայման պատվաստվում են»:

Բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Օկոեւի խոսքով՝ «Ամենացավոտն այն է, որ օգտագործվում է թեզ, որ այս պատվաստանյութը հետագայում անպտղության է բերում: Դա ծնողների ամենաթույլ տեղն է եւ բոլոր ծնողները միանգամից դրան ենթարկվում են: Բազմաթիվ հետազոտություններ կան, որ երկրները երկար տարիներ օգտագործել են այս պատվաստանյութը եւ որեւէ մի հիմնավորված, հավաստի ցուցանիշ, որ անպտղության ցուցանիշը բարձրանում է՝ չկա»:

Բժշկի խոսքով, լավ չէ, որ պապիլոմա վիրուսի պատվաստման դեմ խոսում են մեր գործընկերները:

 

Ըստ նրա,Ավստրալիան այս պատվաստանյութը կիրառում է 2007 թվականից եւ սկսել են պատվաստել նաեւ տղամարդկանց, ավելին՝ տարիքային ցենզն ավելացրել են: Օկոեւը վկայակոչեց նաեւ ԱՄՆ-ի մանկաբույժների ասոցիացիայի լայնածավալ հետազոտության արդյունքները, որոնց համաձայն, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստված 200 հազար կնոջ հետազոտել են եւ նրանց մոտ չի հայտնաբերվել ձվարանների գործառույթների խանգարում:

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ է տղամարդկանց պատվաստել, եթե չկա ապացուցողական բավարար հենք ունեցող հետազոտություն:

 

ԱՄՆ-ից ժամանած բժիշկ-ուրոգինեկոլոգիայի մասնագետ Սամուել Բադալյանը պատասխանեց, որ կա տպագրված աշխատանք,որ 26-ից 45 տարեկան տղամարդկանց պատվաստելը լրիվ ապահով է:

 

Սամուել Բադալյանը խորհուրդ տվեց «ճ կլասի» ամսագրեր չկարդալ: Եվ պատվաստանյութի մասին տեղեկությունները ստանալ հեղինակավոր աղբյուրներից:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031