Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց քաղաքապետարանի դիմաց մի քանի օր շարունակ նստացույց անող Արմեն Ալեքսանյանի դժգոհությունների առնչությամբ:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պահանջում է քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականը՝ ասելով, թե վերջինս իր հետ կոպիտ է խոսել, երբ ինքը հեռախոսով ներկայացրել է կոյուղագծերի խնդիրը: «Քաղաքապետը, վստահ եմ, որ կոպիտ չի պատասխանել, այլ գուցե բացատրել է, որ ջրահեռացման եւ ջրամատակարարման համակարգը քաղաքապետարանի իրավասության ներքո չէ: Գուցե դա է ցուցարարին վրդովմունքի առիթ տվել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ քաղաքապետին շատ լավ ճանաչում են որպես քաղաքացիներին մշտապես բարեհամբույր պատասխանող պաշտոնյայի»,-նշեց Մարիամ Պողոսյանը:
Մեկնաբանելով Արմեն Ալեքսանյանի պնդումները, թե քաղաքապետարանում շարունակում են աշխատել «մանվելականները», Մարիամ Պողոսյանն արձանագրեց. «Չգիտեմ, թե «մանվելական» ասելով նա ինչ նկատի ունի, բայց քաղաքապետը կադրային ջարդ չի կատարել: Այն մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են եղել նախորդ քաղաքային իշխանության հետ, իրենց կամքով հեռացել են»:
Ինչ վերաբերում է Արմեն Ալեքսանյանի հայտարարությանը, թե քաղաքապետ Դիանա Գասպարյանից բոլորը դժգոհում են, մեր զրուցակիցն ընդգծեց. «Ցուցարարին մինչեւ այս պահը որեւէ մեկը չի միացել: Եթե նման բողոքի ալիք իսկապես լիներ, միացողներ կլինեին: Արդեն մի քանի օր է անցել, բայց բողոքի ալիք չկա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ