Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակոբ Կարապետյանը` Արամի 23-ի մասին. «Իրավական պարտավորություն քաղաքապետարանը չունի»

Հուլիս 05,2019 16:42

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը օրերս կայացած ասուլիսում ահազանգ էր հնչեցրել, որ արդեն մեկ տարի է անցել, ինչ խարխլվել են Արամի 23-ի հիմքերը, եւ ուղիղ 6 ամիս առաջ փլուզվել է շենքի մի հատվածը, սակայն ոչ մի քայլ դեռ չի ձեռնարկվել այս ամենը շտկելու համար: Նաեւ ասել էր, որ «Հայաստանի փոքրիկ երգիչների» շուրջ անորոշություն է, թեեւ ամենաբարձր մակարդակներով խոսվել էր այն մասին, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերի համար պետք է վարձակալել տարածք, իսկ EMC ընկերությունը պետք է վճարի այդ տարածքի համար այնքան ժամանակ, մինչեւ վերակառուցվի Արամի 23-ը, սակայն EMC -ն չի ցանկանում նման պայմանագիր կնքել:

«Երեւանի փոխքաղաքապետ պարոն Վիրաբյանն անընդհատ զանգահարում է EMC-ին, ասում է տվեք գումարը, նրանք էլ ասում են` այսօր, վաղը, բայց առայսօր մեր գումարը չի տրվում: Մյուս խնդիրը Արամի 23 շենքն է ու նրա միջավայրը»,- նշել էր մաեստրոն ու հայտնել, որ բոլոր ատյաններին նամակներ են գրել:

«Ամեն անգամ ասուլիսի ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետը ապատեղեկատվություն է տարածում: Առաջին անգամ ասում էր, որ կա նախագիծ, որ պետք է այս շենքը սարքվի, մինչդեռ ոչ մի նախագիծ էլ ոչ մի տեղ չգտանք: Մայիսի 15-ին կայացած ասուլիսում էլ ասել էր, որ իտալացիներին հրավիրել ենք, նախագիծ է կազմվել, էսքիզը տրվել է քաղաքապետարանին: Ասել է, որ ինքը հաստատել է նախագծի էսքիզը եւ իր բառերով` գնդակը սեփականատիրոջ, այսինքն` մեր դաշտում է»,-շեշտել էր Հեքեքյանը: Հավելել, թե բազմիցս պահանջել են նախագծի հաստատումը, սակայն ապարդյուն:

«Ուղիղ 3 ամիս անց ինձ զանգահարում եւ ասում են` կարող եք գալ եւ վերցնել ձեր նամակի պատասխանը, եւ դա ուրբաթ օրը, երեկոյան 5:50: Ասում եմ` հիմա կարո՞ղ ենք գալ, ասում են` ոչ, աշխատանքային ժամն ավարտվել է, կգաք երկուշաբթի: Գնում է մեր աշխատողը, վերցնում է նամակի պատասխանը, որտեղ տրված է թույլտվություն ամսի 24-ով: Նամակի վրա էլ գրված էր հունիսի 6: Սա մի ձեռագիր է քաղաքապետարանի դեպքում, որի համար շատ ցավում եմ` ասես պատուհաններ են թողում, որ ուշացած նամակները հետին ամսաթվով գրեն: Բայց նույնիսկ այդ հետին ամսաթվով հունիսի 6-ը դառնում է 2 ամիս անց»,-նեղսրտել էր Տիգրան Հեքեքյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այս առնչությամբ նշեց. «Հայտնի է, որ Արամի 23 հասցեում գտնվող շենքը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի սեփականությունն է: Երեւանի քաղաքապետարանն իրավական պարտավորություն չունի շենքի պահպանման, խնամքի եւ այլնի վերաբերյալ: Երեւանի քաղաքապետարանը նկատի ունենալով, որ այն ուղղակի որպես քաղաքում գտնվող, իրենից պատմաճարտարապետական հուշարձան ներկայացնող կառույց է, քաղաքական հայտարարություն է արել. գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը չի անելու որեւէ գործողություն, որը կնպաստի այդ շենքի քանդմանը, չի տալու քանդման, օտարման, տեղափոխման եւ նման այլ կարգի թույլտվություն: Բայց դա չի նշանակում, որ քաղաքապետարանը պարտավոր է պահել եւ պահպանել այդ շենքը: Իրավական պարտավորություն քաղաքապետարանը չունի»:

Հակոբ Կարապետյանն ընդգծեց. «Մյուս կողմից քաղաքապետարանն ունի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» անունով համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, որը չպետք է նույնացնել համանուն ասոցիացիայի հետ, երկուսի ղեկավարն էլ մաեստրո Տիգրան Հեքեքյանն է, բայց դրանք տարբեր կազմակերպություններ են: Համայնքային կազմակերպության բնականոն աշխատանքն ապահովելու համար քաղաքապետարանը առաջարկել է տարածքներ, որտեղ երգչախումբը կարող է բնականոն կերպով անցկացնել իր պարապմունքները: Տարածքի համար պետք է վճարի Արամի 23-ի հարակից տարածքն իրացնող կազմակերպությունը»:

Երբ վկայակոչեցինք մաեստրոյի խոսքերը, որ իրացնող կազմակերպությունը հրաժարվում է պայմանագիր կնքել, իսկ նամակին ուշ են արձագանքել, քաղաքապետարանի մամուլի խոսնակը հայտնեց, որ պայմանագիրը գոյություն ունի եւ այն կնքվել է փետրվար ամսին` քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության միջնորդությամբ, քաղաքապետարանի շենքում:

«Իսկ մայիսի 27-ին քաղաքապետարանը ստացել է Տիգրան Հեքեքյանի անունով ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու դիմում, որին ի պատասխան հունիսի 6-ին, այսինքն` դիմումը մուտքագրվելուց 10 օր անց, ինչը օրենքի սահմաններում է, քաղաքապետ Հայկ Մարությանը տվել է այդ թույլտվությունը»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031