Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտության հետ կապված խնդրահարույց դրույթներով բանաձև՝ ԵԱՀԿ-ում. «Պարո′ն Գուլիև, Դուք հակասում եք Ձեր իսկ ԱԳ նախարարին»

Հուլիս 05,2019 15:55

Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան ամառային 28-րդ նստաշրջանը:

Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը: Այստեղ կան խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես բանաձևի 10-րդ կետում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջև, մասնավորապես Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լուգանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Սևաստոպոլում և Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»:

19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այս խնդրահարույց ձևակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ: Մասնավորապես այլ երկրների պատվիրակները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակամարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին և առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս մտահոգություն հայտնեց, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է, և դրան պետք է մոտենալ առանձնահատուկ կերպով, ինչը չի նկատվում զեկույցում. «Մենք կգնահատեինք, եթե զեկույցը պատրաստվեր՝ հաշվի առնելով մարդու իրավունքներն անվտանգության հարցում: Մենք կարծում ենք, որ մարդու իրավունքները պետք է հակամարտության կարգավորման կենտրոնում լինեն՝ հիմնված անձի կամարտահայտության իրավունքի վրա: Զեկույցում հղում է կատարվում աշխարհագրական տերմինների, որոնք հակասում են ԵԱՀԿ տերմինաբանությանը, ինչպես նաև հակասության մեջ են հակամարտության էության հետ: Ղարաբաղյան հակամարտությունն իրական մարդկանց մասին է, որոնք ապրում են իրենց ծննդավայրում, իրավունք ունեն որոշելու իրենց և իրենց հայրենիքի ապագան ու ճակատագիրը: Սա հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքն է: Սա ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ հղում կատարելով ազգերի ինքնորոշման իրավունքին և անձերի հավասար իրավունքներին: Ի դեպ, Ադրբեջանը ևս ընդունել է այս սկզբունքները՝ միանալով 2009-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում ընդունված ԼՂ հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը»:

Հայկ Կոնջորյանը հորդորեց զեկույցի հեղինակին այն ավելի հավասարակշիռ դարձնել, լեզուն համապատասխանեցնել այն բառապաշարին, որն ընդունված է ԵԱՀԿ շրջանակներում: Հայկ Կոնջորյանը հավաստիացրեց՝ հայկական պատվիրակությունն այս պարագայում միայն իր երկրի առաջնահերթությունները առաջ չի տանում, այլ ուզում են մտնել կառուցողական երկխոսության մեջ՝ ԵԱՀԿ հանձնառությունների շրջանակում:

Այնուհետև ելույթ ունեցավ ԵԱՀԿ ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիևը: Նա զեկույցը հավասարակշռված համարեց և շնորհակալություն հայտնեց զեկուցողին այն բանի համար, որ ամրագրել է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում «յոթ ադրբեջանական շրջանների հարցը կարևոր նախապայման է»:

ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության անդամ Անի Սամսոնյանը ԵԱՀԿ ամբիոնից հայտարարեց ՀՀ նոր իշխանությունների ջանքերի մասին երկխոսություն ծավալել հակամարտության կարգավորման համար: Նա շեշտեց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները բավականին ակտիվ երկխոսություն են ունեցել, շփման գծում լարվածությունը նվազել է, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի վերաբերյալ պայմանավորվածություններ կան, ինչը վերահաստատեցին նաև երկու երկրների ԱԳ նախարարներն իրենց հանդիպման ընթացքում: Այս առիթով Անի Սամսոնյանը, արձագանքելով Ազայ Գուլիևին, հայտարարեց. «Այդ ջանքերը բոլորն են տեսնում, և պարո′ն Գուլիև, Դուք հակասում եք նաև ինքներդ Ձեր երկրի ԱԳ նախարարին»:

Անի Սամսոնյանը հավաստիացրեց՝ խաղաղությունը բխում է արժեքներից՝ ազատ ընտրություններ, ազատ մամուլ, մարդու իրավունքների պաշտպանություն և կրկին հուզական արտահայտություններով դիմեց ադրբեջանցի գործընկերոջը. «Պարո′ն Գուլիև, մենք կարևորում ենք ոչ թե հազարավոր կիլոմետրերը, այլ հազարավոր մարդկանց կյանքերն ու նրանց իրավունքները»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ վստահեցրեց. «Մենք հակամարտությունները պետք է մեկ զամբյուղում չդնենք: ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի համաձայնեցված բառապաշար, շրջանակ, մոտեցում, որը հավասարակշռված է և համաձայնեցված բոլոր կողմերի հետ: Մենք պետք է այս զեկույցում ևս հավատարիմ մնանք այդ սկզբունքներին»:

Նշենք, որ այս դրույթները և առաջարկները կքննարկվեն ու քվեարկության կդրվեն ԵԱՀԿ ԽՎ վաղվա լիագումար նիստին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031