Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. 2018-ի «Մեծ Համահայկական Ընդվզումը» չծառայեց իր նպատակին, այլ հանգեցրեց ավտորիտարիզմի արդիականացմանը

Հուլիս 05,2019 15:03

Հայ ազգը երկար ժամանակ զրկված է եղել իր ազգային-պետական ճակատագիրը որոշելու իրավունքից: Շուրջ երեսուն տարի առաջ ունենալով հնարավորություն` ինքնուրույն որոշելու ազգային-պետական ճակատագիրը, մենք բախվեցինք սահմանադրական ամրագրմամբ`
– ազգային պետականություն ունենալու հիմնարար սկզբունքների անտեսմանը, համազգային նպատակների մերժմանը,
– Հայրենիքում ազատ և բարեկեցիկ ապրելու սերունդների իրավունքի զրկմանը:

Սահմանադրությամբ սկիզբ դրվեց նախկին Խորհրդային Հայաստանի, նրա անբաժանելի մաս կազմած Արցախի, ինչպես նաև Սփյուռքի համընդհանուր համերաշխության խաթարմանը:

1988-ի ազդարարած շարժումը հայ ազգային-ազատագրական պայքարի ոգու վերածնունդն էր: Հավաքական հայի շուրջ հազարամյա կարոտն էր դեպի Հայկական պետականության վերականգնում: Բագրատունյաց, Կիլիկիո թագավորությունների կորստից և Առաջին Հանրապետության անկումից հետո մեծ էր սպասումը` ունենալու անկախ ազգային պետականություն: Շատ երկար ընդմիջումից հետո հայ ազգն անհամբեր սպասում էր, որ, վերջապես, տեսնելու է իր ազգային պետությունում իր իրավունքների երաշխավորումը: Սակայն նորից դավաճանություն և նորից ձախողում` ազգային պետություն ունենալու գործում:

Հայաստանի Հանրապետության իշխանության անունից որոշ անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (այդ թվում` Արցախի, որը դե-յուրե շարունակում է մնալ ոչ որպես Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր, ոչ էլ Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված պետություն, թեպետ Արցախի բոլոր բնակիչները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ) և սփյուռքահայությանը 1995 թվականի հուլիսի 5-ին զանգվածային կեղծիքներով պարտադրեցին ազգային պետություն չունենալու սահմանափակումները` ՀՀ Սահմանադրությունը:

Այն կարելի է բնորոշել որպես` Լևոն Տեր-Պետրոսյանի պատվերով գրված հայ ազգի քաղաքացիական ու քաղաքական իրավունքների կոշտ սահմանափակման, ազգային պետականության համակարգում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի բացառման և հավաքական հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնման բացառության Սահմանադրություն: Այս սահմանափակումները մեր ազգի հիմնական հատվածին ուղղակի զրկեցին իրենց ազգային պետության հետ քաղաքացիական և քաղաքական կապերից: Այս իրավակարգը սկսեց գործել 1995-ից (որոշ փոփոխությունների ենթարկվելով 2005-ին և 2015-ին, որոնք նույնպես տեղի էին ունեցել զանգվածային կեղծիքների ու պարտադրանքի պայմաններում) և հասավ այսօրվան: Այս Սահմանադրությամբ ուղղակի սահմանափակվեցին սփյուռքահայության և արցախցիների քաղաքական իրավունքները հայրենի պետության նկատմամբ` ընտրելու և ընտրվելու իրավունքը նրանց համար մնաց անհասանելի (այս իրավակարգը միայն մեկ մարդու համար կատարեց բացառություն` այդ մարդը Ռոբերտ Քոչարյանն էր): Իսկ ուղղակի քաղաքացիական և քաղաքական իրավունքներով օժտվածների համար ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ նրանք չկարողանան իրացնել այդ իրավունքները: Այս իրավունքների վերականգնման երաշխավորման համար պետական իշխանության կարևորագույն թևը` դատական իշխանությունը, իշխանության տարանջատման և հավասարակշռության սկզբունքի բացակայության պայմաններում մատնվեց իր առաքելության համատեքստում անգործության: Իսկ իշխանության թևերը հակակշռող և միմյանց զսպող կառուցակարգերի կարևորությունը հասարակական իրավագիտակցության և իրավական մշակույթում չդարձան արժեք: Հասարակությունը շարունակեց ապրել մեկ` գործադիր իշխանական կենտրոնից արձակված հրամանների պայմաններում, որին հնարավոր չէր հակակշռել և զսպել: Արդյունքում ստացանք ոչ անկախ ու ոչ ինքնավար դատական համակարգ և միայն գործադիր իշխանության նախագծերը հաստատող օրենսդիրի իշխանություն:

Դատավորներ նշանակելու, նրանց նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելու դրույթը Լևոն Տեր-Պետրոսյանն ամրագրեց ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում: Նա իրեն էր վերապահել գլխավորել դատական խորհուրդը, իրեն տեղակալներ էր նշանակել արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին, ինքն էր նշանակում դատական խորհրդի տասնչորս անդամներին: Այս դատական խորհուրդն էր ընտրում և նշանակում դատավորներին, հանդես գալիս դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին և ենթարկում դատավորներին կարգապահական պատասխանատվության:

Այս դրույթով սկիզբ դրվեց իշխանության տարանջատումը բացառելու հայեցակարգի ներդրմանը: Այն ապահովեց ազգային ավտորիտար աշխարհայեցողության վարչակարգի և միջավայրի ստեղծում, որի հիման վրա հնարավոր դարձավ իշխանությունների երեք թևերի գործառույթների միաձուլում` մեկ անձի ձեռքում: Ձևավորվեց ավտորիտար քաղաքականություն, որը բացառում էր դատական գործընթացներով իրավունքի վերականգնումը: Այս հայեցակարգը կյանքի կոչելու ընթացքում կուտակված փորձը (մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարումները, ընտրությունների կեղծումը, ազգային հարստության տնօրինումը խմբերի և մենաշնորհների կողմից) և գործնական արդյունքները (իշխանության պարբերաբար յուրացումը) հանգեցրեցին Հայաստանի Հանրապետության ձախողմանը:

Քաղաքական մշակույթը, որի բաղկացուցիչ մասը դարձավ իշխանության երեք թևերի մեկտեղման հայեցակարգը, ի վերջո հանգեցրեց հայկական քաղաքական ծրագրի չեզոքացմանը` չկայացած Հայաստանի Հանրապետության:

Ավտորիտար պետական-իրավական հայեցակարգերի զարգացումը և նրա շուրջ 30-ամյա կյանքը պատահական չէին: Այս շրջանն արձանագրեց, որ մեր ազգային իղձերը կյանքի կոչելու համար մենք` որպես ազգ, դեռ չէինք հասունացել: Ունենալով բռնատիրական համակարգերում, անկախ պետականությունից զուրկ, որպես կրոնական, ազգային համայնք ապրելու դարավոր պատմական փորձը` մենք չգիտակցեցինք մեզ տրված հնարավորության արժեքը: Մենք մնացինք որպես ավանդական ստրկամտական հասարակություն, թույլ չտվեցինք, որ սոցիալական, տնտեսական և քաղաքական արդիականացումը մուտք գործի մեր առօրյա կյանք: Պետական կառավարման ողջ կառուցվածքը, ըստ էության, կրեց միջնադարյան կառավարման բնույթ: Մենք չյուրացրեցինք լուսավորական շարժման արժեքները:

Կարելի է փաստել` քաղաքական մրցակցությունը հենց սաղմնավորման փուլում վերացվեց (քաղաքական սպանություններ` Արցախի Գերագույն Խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյան` 1992, Լեոնիդ Ազգալդյան`1992, և շատ այլոք, լրատվամիջոցների փակում` «Ազատություն» ռադիոկայան, «Գոլոս Արմենիի», «Երկիր» թերթեր, «Ա1+» հեռուստաընկերություն և այլն` սկսած 1994-ից, կուսակցության (ՀՅԴ) փակում` 1994, զանգվածային կեղծիքներով Սահմանադրության ընդունում` 1995, 2005, 2015, և սկսած 1995-ից` զանգվածային կեղծիքներով խորհրդարանի և նախագահի ընտրությունների անցկացում):

Մեր հասարակությունը իրավական-քաղաքական և սոցիալ-տնտեսական գաղափարական արդիականացում չպահանջեց: Իհարկե, եղան ընդվզումներ բազմաթիվ կեղծված ընտրություններից հետո, եղան 2016-ի «Սասնա Ծռեր» ապստամբությունը և 2018-ի «Մեծ Համահայկական Ընդվզումը», սակայն «Մեծ Հայկական հեղափոխություն» այդպես էլ տեղի չունեցավ:
2018-ի «Մեծ Համահայկական Ընդվզումը» չծառայեց իր նպատակին, այլ հանգեցրեց ավտորիտարիզմի արդիականացմանը և ավտորիտար վարչախմբի սերնդափոխությանը: Ավտորիտարիզմի արդիականացման անցումը ապահովելու համար ավտոկրատ համակարգը ծերացած և իրեն սպառած բանասեր Սերժ Սարգսյանին փոխարինեց երիտասարդ լրագրող Նիկոլ Փաշինյանով, ով երկար ժամանակ արդեն գործարքի մեջ էր Սերժ Սարգսյանի հետ: Այս գործարքի տերերը, ի հակադարձում վաղուց սպասված «Մեծ Հայկական Հեղափոխության», փորձեցին իշխանության ժամանակավոր փոխանցումը մատուցել որպես «Թավշյա հեղափոխություն», և Նիկոլ Փաշինյանին նշանակեցին ավտոկրատի տեղապահ` ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն հայ հանրությունն արդեն հասկացել է կեղծիքի բնույթը, և դրա վառ ապացույցը ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչին` շրջափակել դատարանները` հանրության կողմից անտեսումն էր:
Հայ հանրության լայն շրջանում հասունանում է նոր ընդվզման ալիք: Հանրային հակամարտության սրումը արագության թափ ստացավ 2019 թվականի մայիսից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն իրեն հրապարակավ հռչակեց որպես դատարանները փակող և դատավորներին ահաբեկող ավտոկրատ և հայտարարեց, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք ցանկանում են հող հանձնել:

2018 թվականի թավշյա ավանտյուրան, հայ հասարակությանը խաբեության և մոլորության մեջ գցելով, ակնհայտ նպաստավոր պայմաններ ստեղծեց այնպիսի խորհրդարանի ձևավորման համար, որը ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատարին հնարավորություն է տալիս առանց խորհրդարանի` բացարձակ միանձնյա կառավարում: Այս ընթացքում չափազանց սրվել են հայ ազգի արտաքին և ներքին քաղաքական խնդիրները: Այս խնդիրներն ի զորու չէ լուծել ո՛չ ավտորիտարիզմը, ո՛չ էլ ավտոկրատ տեղապահը: Ի վերջո, առկա խնդիրները ստիպելու են արտահերթ` խորհրդարանի և նոր կառավարության ընտրության անցկացում: Առաջացել է պահանջ հեղափոխական լուծումների, հեղափոխական զարգացումներն անխուսափելի են, արդեն գործող գործադիրին և օրենսդիրին ձևավորվում են հակադիր ուժեր: Արցախի բնակչությունը, սփյուռքահայությունը և ուղղակի ընտրվելու իրավունք ունեցող քաղաքական ակտիվ և փորձառու ներկայացուցիչները գիտակցում են գործուն ծրագրով հանդես գալու անհրաժեշտությունը: Այս ամենին զուգահեռ` տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, որն առաջացրել է լրացուցիչ լարվածություն գործող ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատարի և ավտորիտար ռեժիմի գերհարուստ խավի ներկայացուցիչների միջև:

Ակնհայտ է, որ ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետները սպառվում են: Ի վերջո, ավտոկրատ Սերժ Սարգսյանն իր fake Նիկոլ Փաշինյանով այս խաղը չի կարող վերջնական հաղթել: Ինչպես նա ջարդեց իր իսկ կողմից ձևավորված խորհրդարանը և իր կողմից հրավիրված Կարեն Կարապետյանին, այս անգամ հերթը հասել է ջարդելու իր fake Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից ձևավորված խորհրդարանը: Որպես ազգային քաղաքական գործընթացների մասնակիցներ և արդեն հմտացած հանրություն` կարևոր է, որ մենք ջարդենք ոչ թե մեզ անցանկալի անձանց, այլ` ավտորիտարիզմի հիմնասյուն հանդիսացող իրավա-քաղաքական կառուցակարգը: Մինչև հերթը չհասնի Լևոն Տեր-Պետրոսյանի պարտադրած, Ռոբերտ Քոչարյանի կողմից փոփոխված և Սերժ Սարգսյանի կողմից իր fake-րի համար կարված Սահմանադրության վերացման` սահմանների, սահմանումների ու սահմանափակումների` հայ ազգի բոլոր հատվածների քաղաքական մանդատի վերականգնման և հակակշիռների ու զսպումների մեխանիզմի սահմանադրական ամրագրման` մենք չենք կարող կյանքի կոչել «Մեծ Հայկական Հեղափոխությունը»:

«Մեծ Հայկական Հեղափոխությունը» առջևում է:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

5 հուլիսի 2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031