Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ նամակն ի վերջո իրավական գնահատական է ստանալու՝ առնվազն կարգապահական տեսանկյունից». սահմանադրագետ

Հուլիս 05,2019 14:35

«Ճգնաժամ չկա եւ նման տեսակի մասնագիտական կարծիքների արդյունքում չի էլ կարող լինել: Նույն տրամաբանությամբ, մեկը կարող է վեր կենալ եւ ասել, որ Սահմանադրության մեջ «կառավարության անդամ» եզրույթը հստակ բացահայտված չէ, ուստի գործադիր իշխանությունում սահմանադրական ճգնաժամ ունենք: Իհարկե, չունենք, եւ նման ցանկացած մեկնաբանություն ոչ լուրջ սահմանադրաիրավական վերլուծության արդյունք է»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր, անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակին, որում նա ՍԴ-ում ճգնաժամ է տեսնում եւ լուծումներ մատնանշում, ասաց սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը:

Նա նշեց. «Ստիպված եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ այդ նամակն այնքան իրավական խնդիրներ է պարունակում, որոնք ի վերջո մի օր իրավական գնահատականի են արժանանալու՝ առնվազն կարգապահական տեսանկյունից, քանի որ ՍԴ դատավորը չունի լիազորություններ դիմելու մարմինների, որոնց գործողությունների վերաբերյալ ինքը հետագայում կարող է գնահատական տալ: Այս իրավիճակում դա է ամենամեծ խնդիրը: Եթե, օրինակ, ՍԴ դատավորը նամակով որեւէ խնդիր է ներկայացնում ՀՀ նախագահին, եւ որոշակի ժամանակ անց նախագահի որեւէ հրամանագիր ՍԴ-ում դառնում է քննության առարկա, շահերի բախումն ինչպե՞ս է հաղթահարվելու»:

Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ ՍԴ դատավորներն օրենքով կաշկանդված են զսպման խիստ մեխանիզմներով. նրանք չեն կարող, օրինակ, հասարակական-քաղաքական հայտարարություններ անել: «Սա զսպվածության պահանջի խախտում է»,-դառնալով վերոնշյալին՝ եզրափակեց Արամ Վարդեւանյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/656881188149425/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031