«Մարդկանց իրավագիտակցությունը տարիների ընթացքում բարձրացել է, բայց այն չպետք է հանգեցնի այն վիճակին, երբ բոլորը վերածվում են սահմանադրագետների եւ արհեստավարժ մասնագետների: Առաջին բուժօգնության միջոցները բոլորս պարտավոր ենք իմանալ, բայց դա մեզ չի դարձնում սրտի վիրաբույժ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ «Երբ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները սոցիալական ցանցերում տարածում են դատավոր Արմեն Դանիելյանի դիմանկարով ոչ պարկեշտ բովանդակության լուսանկարներ, ցույցերի ժամանակ միջամտում են լրագրողի մասնագիտական գործունեությանը, սա որքանո՞վ է փաստում իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին»:
Արամ Վարդեւանյանը, որը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ է եւ նրա շահերի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում, նշեց. «Կարծում եմ՝ կենտրոնանալ մեկ խմբի կողմից նման գործողությունների վրա առնվազն անկեղծ չէ, որովհետեւ կարծում եմ՝ շատ ավելի մեծ օրինակներ գիտենք, որոնք վերաբերում են դատավորների գործունությանը, այդ թվում՝ ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտմանը: Դուք պարոն Դանիելյանի օրինակն եք բերում, ես էլ կարող եմ ասել դատավորներ Դավիթ Գրիգորյանի եւ Ալեքսանդր Ազարյանի օրինակները: Այն ամենը, ինչ կատարվեց այդ երկու դատավորների հանդեպ, կարծում եմ՝ նույնիսկ անասելի երեւույթներ են: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ երեւույթ է, երբ դատավորի հեռախոսահամարը եւ հասցեն են հրապարակում՝ որպես ազդակ, եւ դա ներկայացնում հանրությանը»:
Արամ Վարդեւանյանի խոսքով՝ հանրությունն ինքը նման դեպքերում պետք է հաղորդում ներկայացնի ոստիկանությանը. «Ինչ վերաբերում է պարոն Դանիելյանին, որեւէ կերպ չեմ կարող խրախուսել դատարանի եւ դատավորի, ցանկացած անձի արժանապատվության հանդեպ ոտնձգությունը, վիրավորական արտահայտությունները, դրանք անընդունելի են: Քննադատությունը, միանշանակ, խրախուսելի է: Կարծում եմ՝ պարոն Դանիելյանի վերաբերյալ քննադատական դիրքորոշումը հասանելի է մասնագիտական հանրությանը»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/656881188149425/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ