Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական լիգան» վերստին դիմում է ՀՀ իշխանություններին՝ Սահմանադրության շուրջ հրավիրել խորհրդարանական լսումներ

Հուլիս 05,2019 13:45

Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանում պետականորեն նշվում է Սահմանադրության օրը: Պետության և հասարակության համար Սահմանադրության հզորության աղբյուրը դրա հիմքում դրված արդարության համընդհանուր նորմերի պահպանումը և կիրառումն է: Անուրանալի է Սահմանադրության դերն ու նշանակությունը պետության և հասարակության կյանքում: Երկրի հիմնական օրենքը պետք է վայելի հասարակության անդամների հարգանքն ու վստահությունը և ունենա բարձր լեգիտիմության:

Մինչդեռ ՀՀ գործող Սահմանադրությունը զրկված է այդ ամենից. այն ընդունվել և դրանում հետագա փոփոխություններն իրականացվել են ընտրակեղծիքներով ուղեկցվող հանրաքվեների հետևանքով, որոնց արդյունքները եղել են վիճահարույց հանրության համար: Սահմանադրական բոլոր հանրաքվեները, ըստ էության, եղել են իշխանությունների վստահության հանրաքվե, որոնց հանրությունը մշտապես «ո՛չ» է ասել: Այդևայլ իրողությունները ՀՀ Սահմանադրությունը զրկել են լեգիտիմությունից:

Հայկական թավշյա հեղափոխության հաղթականի արդյունքում արատավոր քաղաքական համակարգը փլուզվեց, իսկ նոր քաղաքական համակարգի կառուցումը՝ ազատության, արդարության, ժողովրդավարության հիման վրա, պետություն-հասարակություն նոր իրավահարաբերությունների ձևավորումը պետք է իրականանային նոր Սահմանադրությամբ, ինչը խոստանում էին նոր իշխանությունները: Սակայն հեղափոխությունից մեկ տարի անց այդ խոստումները մոռացվել են, Սահմանադրությունը փոխելու նախաձեռնություն իշխանությունը ոչ միայն չի ցուցաբերում, այլև փորձում է անտեսել նոր Սահմանադրության ընդունման պահանջները:

Հուլիսի 5-ի առիթով «Քաղաքական լիգան» վերստին դիմում է ՀՀ իշխանություններին՝

–         Սահմանադրության շուրջ հրավիրել խորհրդարանական լսումներ,

–         Հանրային հեռուստատեսությամբ ծավալել քաղաքական բանավեճեր,

–         Սահմանադրության նախագծի մշակման համար ներգրավել մասնագիտական խմբերի և խնդրով շահագրգիռ հասարակական-քաղաքական գործիչների:

Մեկ տարի առաջ մեր հասարակությունը առաջադրել է նոր՝ արդար, գործուն, հզոր պետության վերակերտման պահանջ: «Քաղաքական լիգան» համոզված է, որ այդ կարևոր նպատակի իրագործման համար անհրաժեշտ է հրաժարվել հին, կարկատած Սահմանադրությունից և ընդունել ՀՀ քաղաքացու նվիրական ձգտումներից բխող ՆՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔ:

Սահմանադրությունը պետականության կառուցման, ազատության հիմնարար գաղափարի ամրակայման առաջնային իրավաքաղաքական փաստաթուղթն է, և այն պետք է ընդունվի հասարակական մեծ համաձայնության արդյունքում՝ իր կենարար ուժը պահպանելով պատմականորեն երկար ժամանակահատվածում:

Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի քաղաքական մտքի գագաթնակետը, թանկ լինի հասարակության յուրաքանչյուր անդամի համար, հետևաբար՝ նրա դրույթների պահպանությունը, պաշտպանությունը, կիրառումը լինի քաղաքացու ներքին համոզմունքից բխող գործունեություն:

Նո՛ր Հայաստանին՝ Նո՛ր Սահմանադրություն:

 

«Քաղաքական լիգա»

05.07.2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031