Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք արագ գալու ենք մի իրավիճակի, որ նորից հեղափոխության առաջ կանգնած լինենք, դա շատ հնարավոր տարբերակ է». Լեւոն Զուրաբյան

Հուլիս 05,2019 13:23

«Սահմանադրություն հանուն արարող Հայաստանի». այսօր այս խորագրի ներքո «Հայոց արարման հավաք» ՀԿ-ն խորհրդաժողով էր կազմակերպել, որի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ելույթ ունեցավ:

Նա ասաց, որ Սահմանադրությունը սահմանում է խաղի կանոնները բոլորի համար եւ համեմատեց. «ԱՄՆ-ի սահմանադրությունը բազմաթիվ անգամներ փոփոխվել է, բայց այդ փոփոխությունները չեն վերաբերել կառավարման մոդելին, նախագահի կամ Կոնգրեսի գործառույթները չեն ավելացվել կամ պակասեցվել: Ընդունում են մի սահմանադրական կառավարման մոդել ու դրան մնում են հավատարիմ, որովհետեւ ե՛ւ քաղաքական ուժերի շահարկման ախորժակն է զսպվում, ե՛ւ դեմոկրատական ավանդույթ է ստեղծվում, որ փոխանցվում է սերնդեսերունդ ու քաղաքական ուժերը, սերունդները դա համարում են սրբազան մի բան, որը հնարավոր չէ խախտել»:

Զուրաբյանի խոսքով՝ «Կառավարման մոդելը փոփոխելու մարմաջը բանանային պետություն ունենալու շարժ է: Մեր ազգն ի սկզբանե ընդունել էր նախագահական կառավարման մոդելը, 95-ին մենք ընդունեցինք մի մոդել, որը, ըստ էության, կրկնում է ֆրանսիական հանրապետության մոդելը: 2005-ին Ռոբերտ Քոչարյանն անցկացրեց մի ռեֆորմ, որի իմաստն այն է, որ ինքը ի հաշիվ նախագահի պառլամենտի գործառույթներն ուժեղացներ, որովհետեւ պլանավորել էր վարչապետի պաշտոնի ստանձնումը, բոլորս գիտենք, որ դա նրան չհաջողվեց: Սերժ Սարգսյանը գնաց ավելի ռադիկալ ճանապարհով, որովհետեւ ընդամենը ուզում էր վերարտադրել իշխանությունը»:

Լեւոն Զուրաբյանը մի միտք արտահայտեց, որը հետո ՀՅԴ-ականների կողմից արժանացավ քննադատության: Նա հայտարարեց. «Մենք պետք է վերադառնանք 95-ի կառավարման մոդելին, դա կլինի մանիֆեստ, դրանով մենք մեր հավատարմությունը կհայտնենք այն մոդելին, որն ընդունվել էր ի սկզբանե: Այս մոդելը մեր ժողովրդի հագով չի, մարտահրավերներ կան: Մենք արագ գալու ենք մի իրավիճակի, որ նորից հեղափոխության առաջ կանգնած լինենք, դա շատ հնարավոր տարբերակ է: Կիսանախագահական մոդելը ստեղծում է երկշերտ մի իշխանություն, որում հնարավորություն կա ժամանակ առ ժամանակ լիցքաթափել սոցիալական դժգոհությունը, մի կողմից պահպանել կայունություն»:

ՀՅԴ-ականների կոշտ արձագանքը՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031