Երեկ Երեւանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համատեղ համակարգող կոմիտեի նիստը, որտեղ քննարկել են մինչեւ տարեվերջ նախատեսված աշխատանքները, Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաեւ մինչեւ 2021թ. միջոցառումների ծրագիրը։
Այս մասին հայտնում են «Ռոսատոմ» ընկերության մամլո ծառայությունից:
Քննարկմանը մասնակցել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման եւ միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը:
Ներկա են եղել նաեւ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, ինչպես նաեւ «Ռուսատոմ Սերվիս» ընկերության, «Ռոսէներգոատոմ Կոնցերն» ընկերությունների ներկայացուցիչներ։
Նիստին ներկա մասնագետները նշել են, որ Ատոմակայանի արդիականացումը իրականացվում է էներգաբլոկի արդյունավետության, հուսալիության եւ շահագործման այլ չափորոշիչների բարձրացման նպատակով:
Կարդացեք նաև
Լ. Բ.
«Առավոտ» օրաթերթ,
05.07.2019