Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ Սահմանադրությունը չլուծեց այս ճգնաժամն ու քաոսը, հարգելիներս, եթե քաղաքական գործիչները ապաշնորհ են, այն ոչինչ անել չի կարող». Գեւորգ Դանիելյան

Հուլիս 05,2019 13:12

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, ԲԴԽ նախկին անդամ Գեւորգ Դանիելյանն այսօր «Սահմանադրություն հանուն արարող Հայաստանի» խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում ասաց. «Վերջին քաղաքական իրադարձություները, երբ հռչակվեց, որ հեղափոխություն է, եթե հեղափոխություն է, ուրեմն խախտվեց Սահմանադրությունը: Դա ես չեմ ասում: Լավ, եթե Սահմանադրությունը խախտվեց, ուրեմն հաջորդ քայլը ո՞րն է, պետք է փոխվեր Սահմանադրությունը: Եթե դուք խախտել եք Սահմանադրությունը, տրամաբանական քայլ էր, որ պետք է փոխվեր այն, մանավանդ, որ հետագա քաղաքական գործընթացների արդյունքում պարզ դարձավ, որ Սահմանադրությունը տրամաբանական զարգացումների խոչընդոտում է, այսինքն, հարկ է, որ ԱԺ-ն լուծարվի: Առաջ էր քաշվում այն հարցը, որ պետք է արձակվի, բայց Սահմանադրությունը այդպիսի քայլ չի նախատեսում:

Այնուհետեւ ասեցին, որ մի քանի լուրջ քայլեր են պետք, հարկավոր է դատավորների կազմը փոխել եւ այլն: Սա ինձ համար վկայում է վտանգի մասին, որ Սահմանադրությունը չենք հասկանում, այն պետք է ճանապարհ հարթի, բայց եթե խոչընդոտում է, ուրեմն տանում է դեպի ճգնաժամ:

Ասում են՝ Սահմանադրությունը չլուծեց այս ճգնաժամն ու քաոսը: Հարգելիներս, եթե քաղաքական գործիչները ապաշնորհ են եւ չեն կարող խնդիրները լուծել, Սահմանադրությունը ոչինչ անել չի կարող: Որոգայթ փառաց հասկացությունը պատահական չէ: Իշխանությունները հակված են փառքի եւ պետք են որոգայթներ, որ այդ նկրտումները սահմանափակվեն»:

Նա ասաց, որ Ստամբուլյան կոնվենցիան չվավերացնելու համար մեր Սահմանադրությունը ավելի լավ հնարավորություն է տալիս, քան Բուլղարիայի, ընդ որում, մեր կողմից քննադատված Սահմանադրությունն է դա, որն ասում ենք, թե կեղծիքներով է ընտրված:

Գեւորգ Դանիելյանն անդրադարձավ Սահմանադրության երկրորդ հոդվածին: Այն ասում է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, աշխարհի ոչ մի երկրի Սահմանադրությունում նման ձեւակերպում չկա, սա հակասական մեկնաբանությունների տեղիք է տալիս, որովհետեւ եթե իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն հրապարակը կարող է որոշել ում պաշտոնների նշանակել, ազատել եւ այլն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031