Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրությունից վեր

Հուլիս 05,2019 15:30
Sahmanadrutyun

Հանրահայտ է, որ յուրաքանչյուր պետության Սահմանադրություն ունի բարձրագույն իրավական ուժ: Որքանով յուրաքանչյուր Սահմանադրություն ինքնաբավ է, այսինքն՝ կարիք չունի իրենից դուրս (արտաքին) որեւէ այլ դրույթի, պետք է սահմանափակվի, պարփակվի ինքն իրենով: Միաժամանակ, Սահմանադրությունը, ամրագրելով որոշակի սկզբունքներ, ինքն իսկ դառնում է այդ դրույթների «գերին» եւ պետք է ամբողջովին ենթարկվի դրանց: Այս առումով, Սահմանադրությունը ամրագրելով, որ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է» (հոդված 20), «Հայոց լեզուն եւ մշակութային ժառանգությունը պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են» (հոդված 15), ինչպես նաեւ «ՀՀ միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը» (հոդված 19) դրույթները, միաժամանակ դրանով իսկ դառնում է լեզվին ենթակա, քանզի Սահմանադրությունը պետք է շարադրվի այդ լեզվով եւ, հետեւաբար, պետք է ենթարկվի լեզվական կանոններին: Այս առնչությամբ առաջանում է մի չափազանց կարեւոր հարց. արդյո՞ք մեր Սահմանադրությունն իսկապես համապատասխանում է հայոց լեզվի կանոններին, եւ ինչպե՞ս կարելի է ապահովել այդ համապատասխանությունը:

Ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությունը միշտ չէ, որ շարադրված է հայոց լեզվի կանոններին համապատասխան: Նշեմ մի քանի օրինակ:

Առաջինը վերաբերում է այս հոդվածի սկզբում ընդգծված «իրավական» բառին, որ չգիտես ինչու՝ Սահմանադրությունում դարձել է «իրավաբանական» (հոդված 5):

Այստեղ հավանաբար իր դերակատարությունն է ունեցել ռուս. «юридический» բառը, որը հաճախ թարգմանվում է «իրավաբանական», մոռանալով, որ այդ բառն ունի նաեւ «իրավական» իմաստ:

Անհասկանալի է, թե՛ ի՞նչ սկզբունքով է որոշվում, թե՛ որ բառերը պետք է գրվեն մեծատառերով: Նախկին Սահմանադրությամբ, օրինակ՝ Սահմանադրական դատարանը գրվում էր փոքրատառով, Հանրապետության Նախագահը՝ մեծատառով, գործող Սահմանադրությամբ դրանք փոխվել են, այնինչ գոյություն ունեն հատուկ անունների գրության լեզվական կանոններ: Ստացվում է՝ Սահմանադրությա՞մբ են որոշվում լեզվական գրելաձեւերը, թե՞ Սահմանադրությունը պետք է համապատասխանի լեզվական կանոններին:

Այս ամենից զատ կարեւոր ենք համարում նաեւ բառընտրության եւ եզրույթների համաբանության խնդիրը: Օրինակ, կարծում ենք, համաբանության տեսակետից՝ եթե գրում ենք «մուտք գործելու իրավունք», ապա պետք էր գրել ոչ թե «դուրս գալու իրավունք» (հոդված 40), այլ «ելքի իրավունք», մանավանդ երբ օգտագործում են «ելքի արտոնագիր», «մուտքի արտոնագիր» հասկացությունները: Սահմանադրությունն ունի նաեւ լեզվական խմբագրության կարիք, որին, սակայն, այժմ չենք անդրադառնում:

Խոսելով լեզվի եւ Սահմանադրության փոխհարաբերության մասին, պետք է անդրադառնալ նաեւ այն հարցին, թե ինչպե՞ս են գործնականում կյանքի կոչվում սահմանադրական դրույթների պահանջները, ինչպե՞ս է պետությունը ապահովում իր հոգածությունը հայոց լեզվի նկատմամբ եւ ինչպե՞ս է պաշտպանում այն: Ամենեւին գաղտնիք չէ, որ ամենօրյա եթերը ողողված է ոչնչով չարդարացված՝ հայհոյախոսությամբ ու զազրախոսությամբ, տարատեսակ խոսվածքներով ու բարբառներով, գողական ու փողոցային ժարգոններով, անհարկի օտարաբանություններով, ամենուր տարածված ոչ գրական լեզվով շարադրված գովազդներով: Այսօր իսպառ անհետացել է գրքերի լեզվաոճական խմբագրությունը, սրբագրությունը, ականջալուր ենք բազմաթիվ պետական, քաղաքական այրերի ու հասարակական գործիչների ոչ հայեցի ելույթներին:
Կան իսկապես բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք կարիք ունեն պետական հոգածության: Օրինակ, այժմ խոսվում է արեւմտահայերենի վտանգվածության մասին, կամ օտար բառերի եւ հայերեն բառերի ոչ հայեցի տառադարձման համատարած բնույթի, կամ հայերենի ուղղագրության միասնականացման խնդրի մասին եւ այլն:

Այս ամենը ստիպում է եզրակացնել, որ լեզվի նկատմամբ գոյություն չունի ոչ պետական հոգածություն, ոչ էլ անհրաժեշտ պաշտպանություն: Սահմանադրական այս պահանջները իրագործելու համար ժամանակին ընդունվել է «Լեզվի մասին» օրենքը, որն, ավաղ, չկարողացավ գործնականում լուծել ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ օրենքով առաջադրված խնդիրները: Այստեղ չեմ ցանկանում քննարկել օրենքի լավ կամ վատ լինելը, պարզապես ակնհայտ է, որ կամ օրենքն է վատը, կամ, եթե օրենքը լավն է, ապա պետությունը չի կարողացել ամբողջությամբ ապահովել Սահմանադրությամբ եւ օրենքով նախանշված լեզվական քաղաքականության իրացումը:

Այստեղ չանդրադարձանք, թե ինչ կերպ կարելի է ապահովել պետական լեզվին վերաբերող սահմանադրական պահանջները, քանզի դա կարիք ունի լուրջ քննարկման:

Եզրակացությունը մեկն է. վաղուց արդեն անհրաժեշտ է բավարար եւ լուրջ ուշադրության արժանացնել մեր մայրենի լեզվին, որը մեր պարծանքն ու հպարտությունն է, առանց որի չի կարող լինել ո՛չ հայ մշակույթ, ո՛չ հայ ժողովուրդ, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետություն:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

05.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031