Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը: Այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին:
Մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները և լիարժեք կյանքի ենք կոչելու Հայաստանի քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ