Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքը հանրապետության Մայր օրենքի հանդեպ հարգանք է ոչ միայն մեր պետության և պետականության, այլև՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Հուլիս 05,2019 10:18

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Հայ ժողովուրդը հենց այս հավատամքն է ամրագրել 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախաբանում։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երկու անգամ արմատական փոփոխությունների է ենթարկվել` հավատարիմ մնալով այս հավատամքին։

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս պետական կարևորագույն տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը: Սահմանադրությունը, պետական դրոշի, զինանշանի և օրհներգի հետ միասին, ամբողջացնում է պետականության էությունը:

Սահմանադրությունը Հանրապետության Մայր օրենքն է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների պաշտպանության գլխավոր իրավական երաշխիքը: Սահմանադրական մշակույթի ամրապնդումը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սոցիալական պետության համակարգի ձևավորման, կայացման ու զարգացման կարևորագույն նախապայմանն է:

Հենց Սահմանադրության 1-ին հոդվածով է որոշված պետության մեր տեսլականը` հռչակելով Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Այս անփոփոխելի դրույթն իրականում զուտ հռչակագրային բնույթ չունի: Այն ամրագրված է որպես կարևորագույն սկզբունք, արժեք, նպատակ, իրավական և հասարակական իդեալական ստանդարտ, որին շարունակական կատարելագործման միջոցով, առօրյա աշխատանքով և վարքագծով պետք է մշտապես ձգտեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Առհասարակ, սահմանադրական դրույթներում, իրավական բովանդակության հետ մեկտեղ, առկա է նաև փիլիսոփայություն, արժեհամակարգ: Հարգանքը հանրապետության Մայր օրենքի հանդեպ հարգանք է ոչ միայն մեր պետության և պետականության, այլև՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ, մեր և մեր սերունդների հանդեպ, պետության մեր տեսլականի հանդեպ:

Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև: Բոլորս պետականության կրողն ենք, նրա մասնիկը, ուրեմն նաև՝ Սահմանադրության պահապանները մեր գործողություններով, վարքով և մեր մտածելակերպով:

Ընդ որում, կարևոր է ոչ միայն և ոչ այնքան սահմանադրական դրույթների ֆորմալ ձևակերպումը, այլ նաև առաջնահերթ՝ սահմանադրական մշակույթի, սահմանադրական մտածողության ձևավորումը, Սահմանադրության ազնիվ և տրամաբանական մեկնաբանությունն ու կիրառումը: Նույնիսկ ամենակատարյալ ձևակերպումներ պարունակող Սահմանադրությունը կվերածվի լավագույն դեպքում արժեք չունեցող մի փաստաթղթի, եթե այն անբարեխիղճ մեկնաբանվի կամ կիրառվի:

Սահմանադրությունը նաև ժամանակի մարտահրավերների ու հրամայականների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Սահմանադրության ցանկացած վերափոխում, փոփոխություն, կատարելագործում կամ էվոլյուցիոն մեկնաբանություն պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա և բխի իրավունքի ընդհանուր սկզբունքներից՝ դրանով իսկ նպաստելով մեր պետության արագ, անցնցում, բնականոն, կայուն և շարունակական զարգացմանը:

Բոլոր ժամանակներում Սահմանադրությունը պետք է մնա համախմբող առանցք մեր հասարակության, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների համար: Միայն Սահմանադրությամբ լիարժեքորեն ապրող երկիրը, Սահմանադրությունը հարգող իշխանություն և հասարակություն ունեցող պետությունը կարող է զարգանալ և հաստատուն տեղ զբաղեցնել օրեցօր ավելի բարդ ու փոփոխություններով ապրող աշխարհում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031