Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության կարեւոր հոդվածը

Հուլիս 05,2019 10:00

Հուլիսի 5-ին, Սահմանադրության օրը մենք՝ լրագրողներս, սիրում ենք խոսել այն մասին, թե ինչպես է ընդունվել 1995 թվականի սահմանադրությունը, ինչպես նաեւ 2005 եւ 2015 թվականների սահմանադրական փոփոխությունները: Այս թեմայով ամեն ինչ կարծես թե ասված է: Հուսանք, որ հաջորդ սահմանադրական փոփոխությունները

ա/ չեն արտացոլի օրվա իշխանությունների «նեղ անձնական» ցանկությունները,

բ/ կընդունվեն արդար հանրաքվեի արդյունքում:

Հասկանալի պատճառներով ինձ առավել «հոգեհարազատ» է գործող սահմանադրության հետեւյալ հոդվածը. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը»: Իհարկե, թղթի վրա գրվածի եւ իրական կյանքի միջեւ երբեմն անանցանելի անդունդ է լինում: Նման ձեւակերպումներ կային ե՛ւ ստալինյան, ե՛ւ բրեժնեւյան սահմանադրություններում եւ, իհարկե, նաեւ՝ անկախ Հայաստանի Հիմնական օրենքում: Բայց թե՛ խորհրդային շրջանում, եւ թե՛ (ավելի մեղմ տարբերակով) Երրորդ հանրապետությունում կային խոսքի ազատության էական սահմանափակումներ: (2018 թվականի հեղափոխությունից հետո այդ սահմանափակումներից շատերը վերացել են՝ չնայած գործընկերներիս մի մասն իմ այս արձանագրման հետ համաձայն չէ):

Բայց ես վստահ եմ, որ մեջբերված սահմանադրական նորմը չի կարող լիարժեք գործել, եթե հասարակության ցանկացած անդամ իր ամբողջ սրտով ու ոգով, անկեղծորեն եւ անվերապահորեն չընդունի, որ «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք»: Այդպես է բոլոր ոլորտներում: Ասենք, ՊԵԿ-ը պետք է հետեւի, որ մարդիկ վճարեն իրենց հարկերը, բայց մինչեւ քաղաքացիները չհասկանան, որ դա անհրաժեշտ է եւ պատվաբեր, իրավիճակն էականորեն չի փոխվի: Ճիշտ նույն ձեւով խոսքի ազատությունը ծաղկում է այն ժամանակ, եթե ոչ միայն պետական մարմինները, այլեւ քաղաքացիները բացառում են կարծիք արտահայտելու հանդեպ որեւէ ճնշում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ ազատ խոսքի նկատմամբ անհանդուրժող էին ոչ միայն իշխանությունները, այլեւ ընդդիմությունը: 1990-ականների առաջին կեսին այդպիսիք էին դաշնակցականները, 2008 թվականից հետո նման դրսեւորումներ ունեին ՀԱԿ-ականները: Ագրեսիվության «էստաֆետն» այժմ վերցրել են քոչարյանականները: Մյուս բեւեռում գտնվող չափից դուրս խանդավառ նիկոլականների հետ միասին նրանք յուրովի «գրաքննում են» լրատվամիջոցները:

Իհարկե, ամեն մի լրատվամիջոց իր մոտեցումն ունի, եւ ես կարող եմ խոսել միայն «Առավոտի» մասին. մենք ոչ մեկի հետ մտերիմ չենք եւ ոչ մեկի հետ թշնամություն չենք անում: Միայն այդպես է, իմ կարծիքով, հնարավոր նորմալ լուսաբանել իրադարձությունները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031