Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՔԾ-ի պես ծառայությանը ես որպես ի՞նչ պիտի վստահեմ ու տեղեկություններ հայտնեմ»

Հուլիս 05,2019 15:00

Ինչո՞ւ ցուցմունք չի տալիս Մարտի 1-ի սպանության մեղադրանքով կալանավորված Գեղամ Պետրոսյանը՝ պնդելով, թե չի խոսել, չի էլ խոսելու:

2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից 11 տարի անց կարեւոր շրջադարձ եղավ այդ գործում՝ սպանությունների բացահայտման ուղղությամբ: Ինչպես հայտնի է, հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքվ ձերբակալվեց, այնուհետեւ կալանավորվեց առաջին բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Այս բացահայտման հետ կապված մեծ սպասելիքներ կան, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ հույս հայտնեց, որ սա շղթայաբար կբերի նաեւ մյուս սպանությունների բացահայտմանը: Բայց……Մի բայց կա՝ Գեղամ Պետրոսյանը չի խոսում, ցուցմունք չի տալիս, ոչինչ չի ասում:

Այս առնչությամբ «Առավոտը» Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանին հարցրեց՝ Գեղամ Պետրոսյանը շարունակելո՞ւ է այսպես ցուցմունքներ չտալ եւ ինչո՞վ է դա բացատրվում, ինչո՞ւ չի տալիս ցուցմունք: Նա պատասխանեց. «Չի վստահում՝ չի տալիս ցուցմունք վարույթն իրականացնող մարմնին: Եվ առհասարակ չի ցանկանում որեւէ փաստական տվյալ հայտնել՝ նկատի ունենալով, որ էդ փաստական տվյալը վարույթն իրականացնող մարմնից անմիջապես նույն պահին դուրս է գալու ու դառնալու է հանրության սեփականությունը: Ձերբակալեցին, ձերբակալման որոշումը կայացրեցին, դեռ ես ու ինքը արձանագրությունը չէինք հասցրել ստորագրել, արդեն իմացանք, որ լրատվամիջոցներին ՀՔԾ-ն հայտնել է: Էդպիսի ծառայությանը ես որպես ի՞նչ պիտի վստահեմ, կամ իմ պաշտպանյալը ու այդպիսի տեղեկություններ պիտի հայտնենք»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, զուտ գաղտնիության ռեժիմը չպահելու համա՞ր է, որ Գեղամ Պետրոսյանը չի վստահում ու տեղեկություններ չի հայտնում՝ նա պատասխանեց. «Նպատակահարմար չենք գտնում: Եթե ապացույցներ ունեն, թող այդ ապացույցները հավաքեն, բերեն մեզ ներկայացնեն, մենք վերջում կորոշենք, թե ինչ ենք ասելու»:

Պաշտպանը վստահեցրեց, որ Գեղամ Պետրոսյանը լռելու իր իրավունքից շարունակելու է օգտվել ու բառ չասել: Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ լռելու դիրքորոշումը կապված է նախկին իշխանությունների հրահանգների հետ, ասել են՝ լռիր, մի խոսիր, նա էլ չի խոսում՝ Վաղարշակ Գեւորգյանը պատասխանեց. «Չէ, ոչ մեկն իր վրա ոչ ազդել է, ոչ էլ ազդում է, ոչ ճնշել է, ոչ էլ կկարողանա ճնշի: Եթե ինքը ասելիք ունի, ինքն իր ասելիքը կկարողանա հանգիստ, ազատ, նորմալ ձեւով, երբ ցանկանա՝ արտահայտվել: Պարզապես մեզ վերագրվում է մի արարք, որն աբսուրդ են համարում, որն իրականության մեջ տեղի չի ունեցել, այդպիսի դեպք չկա՝ այն, ինչ ասվում է: Այս պայմաններում, երբ այդպիսի արարք չկա, չի կատարվել, ինքը ի՞նչ պիտի խոսի, բարձրաձայնի, անընդհատ ասի՝ ես մեղավոր չե՞մ: Պիտի արարք կատարես, կամ չկատարես, որ ասես՝ մեղավոր չեմ: Դրա համար լռում է, գտնում է, որ անվստահելի է, ոչ մեկի պետք չի վստահել եւ ոչինչ պետք չի ասել»:

Ճշտեցինք՝ այսինքն, վստահաբար Ռոբերտ Քոչարյանը, կամ առհասարակ Մարտի 1-ի գործով անցնող որեւէ մեկը, որեւէ դրվագով չի՞ ազդել լռելու դիրքորոշման վրա, Վահագն Հարությունյանը, ասենք՝ նա պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը մեր հետ ոչ մի կապ չունի: Այս մեղադրանքի հետ կապված որեւէ պաշտոնատար անձի մասին մի խոսեք, մի ասեք, որովհետեւ որեւէ մեկը մեր հետ կապ չունի»:

Դիտարկմանը՝ ինչպե՞ս չկապենք, այդ սպանություններն անմիջական կապ ունեն Մարտի 1-ի իրադարձությունների հետ՝ պաշտպանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի, մասսայական անկարգությունների ժամանակ հրազենային վիրավորումներ ստացած մարդկանց մասին է խոսքը, նրանցից մեկի մասին է խոսքը, ով որեւէ պաշտոնատար անձի ոչ հարազատ է, ոչ իշխանավորի բարեկամ է, մտերիմ է, ոչ էլ ինքը իշխանավոր կամ պաշտոնատար անձ է եղել, որ էսօր մտածենք՝ կարող է Գեղամ Պետրոսյանի նկատմամբ ճնշումներ լինեն: Գեղամ Պետրոսյանի նկատմամբ որեւէ մեկը ճնշում չի գործադրել, չի էլ կարողանալու գործադրել, բացահայտ հայտարարում եմ»:

Հարցրեցինք՝ ի՞նչ կասեք 2018-ին տված Գեղամ Պետրոսյանի ցուցմունքի մասին, որը վկայակոչում է Սեդա Սաֆարյանը, ցուցմունքում նա ասել է, որ Վահագն Հարությունյանի հետ ապացույցներ են կեղծել, փոխել են փամփուշտներ: Վաղարշակ Գեւորգյանը պատասխանեց. «Թող Սեդա Սաֆարյանը գնա, որպես տուժողի ներկայացուցիչ իրա գործով իր դատողություններն անի: Սեդա Սաֆարյանը թող անտեղի տեղը որպես փաստաբան ուրիշ իրավական դաշտ չմտնի: Նախ՝ դա փաստաբանին հարիր չէ, երկրորդն էլ՝ Գեղամ Պետրոսյանին բոլորովին այլ մեղադրանք են առաջադրել, այդ մեղադրանքը եւ Սեդա Սաֆարյանի հայտարարությունները բացարձակապես իրար հետ որեւէ կապ եւ առնչություն չունեն: Վահագն Հարությունյանի հետ թե ինչ են արել՝ ապացույց են կեղծել, կամ չեն կեղծել, էսօր Գեղամ Պետրոսյանին վերագրվող արարքի՝ սպանության հետ դա կապ ունի՞, հարց եմ տալիս»: Երբ ասացինք, որ գուցե Գեղամ Պետրոսյանը, լինելով այդ շղթայի մի մասը, իր շահն է ունեցել կոծկելու ապացույցները ու այդքանով դա կապ ունի մեղադրանքի հետ՝ պաշտպանն արձագանքեց. «Ի՞նչ շահ, Զաքարին սպանել է, որ կեղծիքները չերեւա՞, ոչ մի շղթայի մաս էլ չի հանդիսանում»:

Դիտարկմանը՝ սպանությունները հրահանգով են, չէ՞, կատարվել, ու հնարավոր է՝ նա այդ շղթայի մի մասն է եղել՝ Գեւորգյանը պատասխանեց. «Սեդա Սաֆարյանի հայտարարությունը ի՞նչ կապ ունի առաջադրված մեղադրանքի հետ, ես ուզում եմ հասկանալ: Բացարձակապես ոչ մի կապ, սեւացնելու ձեւ է: Գեղամ Պետրոսյանը չի խոսում ոչ մի բան, չի էլ խոսելու: Թող հանրապետությունը հավաքվի, Զաքար Հովհաննիսյանի սպանությունն ապացուցող փաստը դնի մեր առաջ, մենք էլ ասենք՝ այո: Չի՛ կարողանալու, որովհետեւ այսպիսի դեպք չի եղել: Որ մի բան չի եղել՝ ո՞նց կարող ես հավաքել ապացույց, կամ ո՞նց կարող ես վկա ճարես»:

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ հենց Գեղամ Պետրոսյանն է այսօր այդ գործով սպանություն կատարելու մեղադրանքով առաջին կալանավորվածը, քաղաքակա՞ն նպատակներ կան՝ նա պատասխանեց. «Էդ հարցն ուղղեք այնտեղ, որտեղից որ էդ ամենը ծնվել է: Ես չեմ կարող ասել՝ ինչու հենց Գեղամ Պետրոսյանը: Իրենց էդպես է երեւի նպատակահարմար եղել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031