Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թշնամին նահանջի հումանիտար միջանցք է թողնում, իսկ Բաղրամյան պողոտայում Քոչարյանը «կալցո օպերացիա» իրականացրեց»

Հուլիս 05,2019 14:30

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը

– Երկրորդ անգամ կալանավորումից առաջ, իր հարցազրույցում, ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը առաջ քաշեց` «բոլորն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» թեզը եւ հայտարարեց, որ ինքը լինելու է գործող իշխանության թիվ մեկ ընդդիմախոսը: Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ են հնարավոր` այդ համատեքստում:

– Առաջ քաշելով «կոնսենսուս մինուս մեկը»՝ Քոչարյանը հաստատեց, որ բացարձակ պատկերացում չունի երկրի քաղաքական իրավիճակից եւ ահավոր գերագնահատում է իր հնարավորությունները։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ Քոչարյանի հետ քաղաքական ծրագիր չունեն, ի՞նչ է՝ չե՞ն կարող այլընտրանքային բեւեռում լինել, թե՞ Քոչարյանն իշխանական «սեւ ու սպիտակին» հակադրում է իր «սեւ ու սպիտակը»՝ իրենք են՝ համախմբված ու Նիկոլ Փաշինյանը մենակ, ուրիշ ոչինչ։ Կամ էլ, խորհրդարանական ու արտախորհրդարանական որոշ ընդդիմադիր ուժերի, սատարելով Փաշինյանին` նա այդպես էլ կմնա մե՞կ, ոչինչ չի՞ ավելանա։ Հասարակության զգալի մասը չի մասնակցել վերջին համապետական ընտրություններին, իշխանության համակիրները նվազում են՝ նախկիններին մերժելուն զուգընթաց. կնշանակի այլընտրանքային ազդեցիկ բեւեռ ձեւավորելու հասարակական պահանջը հասունացել է՝ խորհրդարանական ընդդիմադիրների հետ միասին լինի, թե՝ արտախորհրդարանական տիրույթում։

Եթե Քոչարյանը ժամանակին իր տարաձայնություններն էր հայտնում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հանդեպ, իսկ այսօր, երբ նեղն է ընկել, բոլոր նախկիններով հավաքվում են՝ ընդդեմ իշխանությունների, ապա ո՞վ ասաց, որ մի շարք հայտնի գործիչներ, վտանգի դեպքում, մի կողմ չեն դնելու տարաձայնություններն ու կոնստրուկտիվ քննադատությամբ կամ բարի խորհուրդներով օգնեն իշխանություններին՝ չձախողվել, իսկ, եթե դա անխուսափելի լինի, ապա իրենց այլընտրանքային ծրագրով հայտ ներկայացնեն, ստանան հանրության վստահության քվեն, ինչով՝ կանխեն նախկինների վերադարձը։

– Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերությունները բավական սրվել են, նաեւ «հայաստանցի-ղարաբաղցի» տարանջատումն է կրկին խորանում. ո՞ւր է տանելու այս ամենը:

– «Սեպը» խրվել է, երբ ղարաբաղցիները բարձր պաշտոններ զբաղեցնելով ՀՀ-ում՝ «ոհմակի օրենքով» իրար թեւութիկունք դարձած թալանում էին երկիրը, պինդ նստած «սեպի» վրա հորդորում՝ տարանջատում չմտցնել հայաստանցիների ու ղարաբաղցիների միջեւ։ Ու հենց Փաշինյանը վերկացրեց նրանց աթոռներից՝ սեպն էլ երեւաց, մնացածն էլ։

Քոչարյանն իր կենսագրական գրքում անդրադարձել է 2003-ի նախագահական ընտրություններին։ Ի դեպ, այդ գրքի շնորհանդեսին մասնակցելու անհատական հրավեր էի ստացել եւ ընդունել այն, միամտաբար կարծելով, թե մարդը բանտում է, նեղության մեջ։ Բայց, երբ հետագայում կարդացի գրքից մի հատված, բարեկամիս հորդորով, շատ զայրացա, եւ վերջնականապես համոզվեցի, որ Քոչարյանն անուղղելի է։ Մի՛ արհամարհական վերաբերմունք ընդդիմության հանդեպ, Բաղրամյան պողոտայի վրա ուժ կիրառելու հետ կապված ժողովրդի ու նրա լիդերների մասին մի՛ հեգնական ձեւակերպումներ… Դե ինչ՝ ես էլ ընկնեմ հիշողության գիրկը։ 2003-ի ընտրությունների արդյունքները Ստեփան Դեմիրճյանը վիճարկեց Սահմանադրական դատարանում։ Փաստարկներն այնքան համոզիչ էին, որ պատեհապաշտ Գագիկ Հարությունյանը որոշում կայացրեց՝ վստահության հանրաքվե անցկացնելու։ Հարցն ընդգրկվել էր ԱԺ նիստի օրակարգ, բայց Քոչարյանը հերիք չի «Արդարություն» դաշինքի վրա քրեական գործ էր «կարել», նրա անդամների տներում խուզարկություններ կազմակերպել, պատգամավորներին էլ թույլ չտվեց՝ մասնակցել նիստին՝ փշալարերով փակելով ԱԺ-ն։

Բարեկամս, որ աշխատում էր ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Դալիբալթայանի աշխատակազմում, զանգեց ինձ, հանդիպեցինք, ասաց, որ զանգել էր Ղարաբաղից իր մտերիմ մի սպա ու ասել, որ իրենց բերում են Երեւան, որպեսզի էնպես դաս տան ցուցարարներին, որ միտինգի մասին մոռանան։ Դե մտածում էր, որ կարող է անկեղծ լինել իշխանության ներկայացուցչի հետ։ Բարեկամիս հետ գնացինք «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ, որպեսզի տեղեկությունը հայտնենք գործիմաց մարդու։ Պատմեցինք կուսակցության ղեկավարներից մեկին, չեմ նշում անունը, քանի որ պատվարժան գեներալի կարծիքը չգիտեմ՝ անձնական խոսակցությունը հանրայնացնելու մասին։

Նա ասաց՝ տեղյակ է, որ Հանրապետական կենտրոնական հավաքակայանում են տեղակայված, բայց փաստ չունի, որպեսզի իշխանությունների դեմը դնելով՝ կանխեն խիստ անցանկալին։ Ուստի, բարեկամիս ասաց, թե՝ պատրա՞ստ է օգնել, բայց պետք է գիտակցի, որ կարող են գործից ազատել, անգամ դատել։ Բարեկամս համաձայնեց։ Գնացինք կենտրոնական հավաքակայան, զուտ տեխնիկական պատճառներով բարեկամիս տեսածն ու լսածը հնարավոր չեղավ ձայնագրել, թեպետ տեղում ավելի մանրամասն տեղեկացավ, թե ինչ են պատրաստվում անել։ Չնայած վստահ չեմ, որ եթե փաստեր լինեին, դա Քոչարյանին հետ կպահեր իր ծրագրից։ Ու այնպես չէ, որ հետագայում մամուլը չի անդրադարձել Արցախից զորք բերելու թեմային, ողջ աշխարհն իմացավ այդ մասին։

2004-ի ապրիլի 12-ի երեկոյան Բաղրամյան պողոտայի փշալարերի մոտ էի, երբ փշալարերին մոտեցավ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Հայկ Գեւորգյանի հետ, շատ չանցած «կարմիր բերետավորները» դուրս եկան ԱԺ անցագրայինից ու հարձակման անցան։ Անգամ թշնամին նահանջի հումանիտար միջանցք է թողնում, իսկ Բաղրամյան պողոտայում Քոչարյանը «կալցո օպերացիա» իրականացրեց, որպեսզի ղարաբաղյան «հրոսակախմբերն» առանձնակի դաժանությամբ ջարդեին ցուցարարներին, ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր առաջնորդներին, ազատամարտիկների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, անվանի հանրային գործիչների։ Այս վիրավորանքը դժվար էր կուլ տալ, բայց ավելի դժվար է հիմա, երբ, փոխանակ կատարվածի համար Քոչարյանը հայցի մեր ներողամտությունը, մի բան էլ իր գրքում հեգնում է մեզ։ Մեմուար գրում են, երբ ավարտում են կարիերան, իսկ Քոչարյանի մոտ հակառակն է. նա իր մեմուարներով քաղաքական հայտ է ներկայացնում, փաստերը նենգափոխում, շատերին նեղացնում, մի բան էլ հավակնում համախմբել բոլորին՝ ընդդեմ Փաշինյանի։

– Նաեւ ա՞յդ իրադարձությունների համար պետք է Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվի: Նիկոլ Փաշինյանը նաեւ դա՞ չի ներում Ռոբերտ Քոչարյանին, թեեւ նրա գեմ գործը հարուցվել է 2008-ի «մարտի 1»-ով:

– Չեմ կարող ասել: Չգիտեմ նաեւ` ես լինեի վարչապետ՝ կներեի՞, թե՞ ավելի դաժան կվարվեի։ Փաշինյանն այժմ իր վրա է վերցրել բոլորիս վիրավորանքի պատասխանի բեռը, ու եթե չի ստացվում լիովին մնալ օրինականության շրջանակներում, դա էլ մարդկայնորեն հասկանալի է։

Պարբերաբար հռետորական հարց են բարձրացնում, թե՝ Քոչարյանն այդքան կառուցել է, ինչո՞ւ է նրան ժողովուրդն ատում։ Դե, եթե օտար նվաճողի պես ձերոնց բերել ես, որպեսզի գահդ պահելու համար Բաղրամյան պողոտայի բնակչին իր տան դիմաց շանսատակ անեն, քեզ ատելու են, եթե անգամ շենքի տանիքներն էլ ասֆալտապատեիր։ Իսպանացիները Լատինական Ամերիկայում չէի՞ն կառուցում։ Բայց դա չի խանգարել՝ նրանց կոնկիստադոր կոչել, նրանց դեմ ազատագրական պայքար մղել, որոշ ժամանակ ավելի վատ ապրել, քան իսպանացիների լծի տակ, բայց անկախ լինել։ Երբ իր գրքում Քոչարյանը հեգնում է Ստեփան Դեմիրճյանին՝ հորը նմանությամբ միայն, պետք է հասկանար, որ եթե արիստոկրատ Կարեն Դեմիրճյանի ոչ պակաս արիստոկրատ զավակին քո «ռամիկների բանդայի» հարձակումով փողոցում վազացրել ես, ապա քեզ ատելու են անգամ նրանք, ովքեր ձայն չեն տվել հայր եւ որդի Դեմիրճյաններին։

Սիրելի արցախցինե՛ր, ապրիլի 12-ի համար ես ձեզ ներել եմ, բայց դուք ներողություն չեք խնդրել, մենք ձեզ ներել ենք, բայց դուք մեզ չեք ներում, որ մերժել ենք ձեր Սերժին, չեք ներում, որ այսքան տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը ղեկավարում է հայաստանցի։ Թող որ սխալներ թույլ տա, եկեք ամեն մեկս մեր հերթին օգնենք՝ չսխալվի, թող որ իր թիմը կառավարման փորձի պակաս ունենա, օգնենք՝ պակասը լրացնի, որպեսզի ղարաբաղյան կլանը հեռու մնա ՀՀ պետական կառավարումից, թույլ չտանք, որ մեր դեմ նորից «հրոսակախմբեր» հանվեն ու սեպը վերաճի թշնամանքի։ Չհաշտվելով աթոռների կորստի հետ՝ իրենք են վտանգում Ղարաբաղը, սա պետք է գիտակցեն Արցախում, որ պատանդ են դարձել նրանց ձեռքում։ Բռնակալն ազգություն չունի, դա հոգեվիճակ է, թե չէ՝ մենք մի ազգ ենք, անբաժանելի, այդ բաժանարար գծերը մեր միջի ընչաքաղցներն են քաշել, մենք նրանց հարցերը կլուծենք, ասեք դուք կարողանաք նրանցից տարանջատվել, քանի ուշ չէ։

– Բայց չե՞ք գտնում, որ Ռոբերտ Քոչարյանը նաեւ աջակիցների մեծ բանակ ունի:

– Եթե Քոչարյանին ոգեւորել է դատարանների դիմաց իր աջակիցների ակտիվությունը, ապա դրանով քաղաքականության մեջ Սամվել Ալեքսանյանի տրամաչափի գործչին չի գերազանցի, երբ նա օրապահիկով իր «մատյան գունդն» էր հանում Մաշտոցի պողոտայի ցուցարարների դեմ։ Առայժմ քաղաքական լուրջ քայլ չեմ տեսել Քոչարյանի թիմի կողմից։

Իսկ Փաշինյանն իր առաջին փուլի աջակիցների քանակի նվազումը պետք է կոմպենսացնի նոր փուլի աջակիցների որակով։ Վարչապետը դրան գնում է քայլ առ քայլ, գուցե ոչ բոլոր դեպքերում անսխալ, բայց՝ հետեւողական, հուսանք՝ երբ իշխանությունը դառնա ինստիտուցիոնալ, ավելի համարձակորեն իր պրոֆանպիտան թիմակիցներին կփոխարինի բանիմաց կադրերով։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031