«Վերջերս դեպք ունեցանք, որը շատ ցավալի էր: Բռնության պատճառով կինը կորցրել էր երեխային: Նրա մոտ վիժում էր տեղի ունեցել եւ քննիչն, առանց որեւէ բժշկի փաստաթղթի, որոշել էր, որ գործը պետք է փակվի»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանը՝ անդրադառնալով ընտանեկան բռնության դեմ օրենքին, որը մեր երկիրը 2017 թվականի դեկտեմբերին է ընդունել: Ըստ տիկին Գեւորգյանի, ճիշտ է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը որոշ չափով հանդիսանում է զսպող մեխանիզմ, բայց այն դեռեւս մի շարք բացեր ունի, որոնց առկայության պարագայում ընտանեկան բռնության դեմ պայքարն այնքան էլ արդյունավետ չի լինի:
«Շատ տխուր իրավիճակ է, բոլոր կողմերից, որ նայում ենք` խնդիրներ ունենք թե՛ բժշկական, թե՛ սոցիալական թե՛ իրավական տեսանկյունից:
Ամենամեծ բացն այն է, որ մեր երկրում չունենք մասնագետներ: Մարդիկ, որոնք գիտակցում են ընտանեկան բռնությունը, գենդերային հավասարությունը, գենդերային խնդիրները: Սա ամենակարեւոր ու մեծ բացն է, որովհետեւ այս պահին մենք դաշտում չունենք ո՛չ իրավաբաններ, ո՛չ դատավորներ, ո՛չ ոստիկաններ, ո՛չ քննիչներ, որոնք իսկապես մասնագիտացված են եւ խնդրին մոտենում են ընկալելով, ոչ թե` օրենքն այսպես է պահանջում, մենք այսպես ենք անում: Այս խնդիրը մինչեւ չընկալես, չհասկանաս, որ հավասարության խնդիր է, որի արդյունքում լինում է սա, դու չես կարող լուծում գտնել: Եթե դիտարկես միայն տղամարդ եւ կին հարաբերությունների շրջանակներում, ասես` այ ընտանիքի խնդիր է, եւ շարունակես մեղքը բարդել կնոջ վրա, եւ ասես, որ լավ կին չէր եւ փորձես, այսպես ասած, բռնարարքն արդարացնել»,-ասաց Հասմիկ Գեւորգյանը` նշելով, որ սկսած օրենքի անվանումից, փոփոխության կարիք ունի:
Ըստ նրա, օրենքի վերնագրում առկա «ընտանեկան բռնության կանխարգելման եւ համերաշխության վերականգնման» արտահայտությունն իր մեջ պարունակում է հաշտության տարրը. «Ցավոք սրտի, դեռեւս ե՛ւ ոստիկանական, ե՛ւ քննչական, ե՛ւ դատական համակարգում ունենք այդ խնդիրը, երբ ամեն դեպքում, առաջարկվում է հաշտություն կնքել: Ինչը, պրակտիկան ցույց է տվել, ինչպիսի վտանգավոր հետեւանքներով է հղի»:
Կարդացեք նաև
Հասմիկ Գեւորգյանի խոսքով, երիտասարդ կանանցից մեկը հենց այդ «հաշտեցնելու» հետեւանքով է սպանվել. իրավապահները գործ հարուցելու, բռնարարին պատասխանատվության ենթարկելու փոխարեն, ամուսիններին հաշտեցնելու գործն էին ստանձնել: Ինչից հետո ամուսինը կնոջը սպանել էր:
Օրենքում ներառված չէ նաեւ «զուգընկեր» հասկացությունը, ինչը Հասմիկ Գեւորգյանը, նույնպես խնդրահարույց է համարում: Ըստ նրա, օրենքի բացերից է նաեւ «նախազգուշացման» ու «հաշտության» բաղադրիչը: Մասնագետի խոսքով, չպարզաբանված հարցերից են` երեխաները որտե՞ղ պետք է լինեն, երբ որ բռնություն է տեղի ունեցել, կամ նրանց խնամքի հետ կապված հարցերը. «Դրանք բոլորը շատ լուրջ, խնդրահարույց հարցեր են: Երեխաների կրթության, առողջության, կանանց կրթության առողջության հարցերը: Ներկայիս վիճակը թույլ չի տալիս նաեւ բռնության ենթարկված կնոջը միայն մեկ ատյանով հարցաքննել, մեզ մոտ կինը ոստիկանությունում հարցաքննվում է, հետո` քննիչի մոտ, հետո դատարան եւ այլն, այդ բոլոր ատյաններում զոհականացվելով մենք անցնում ենք առաջ, այնինչ` մեկ ատյանով` միայն քննիչի հարցաքննությամբ պետք է սահմանափակվի, բայց մեր ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս, մարդն անընդհատ պատմում է, անընդհատ վերապրում է այդ ամենը, դեռ մի հատ էլ իրան չեն հավատում ու մեղադրում են»:
Ըստ մեր զրուցակցի, խնդիրներից մեկն էլ այն է, որ բռնարարի հետ աշխատանքը դրվել է աջակցման կենտրոնի վրա, ինչն անընդունելի է. «Որովհետեւ կենտրոնը, որն աջակցում է կնոջը, չի կարող զուգահեռ աջակցել բռնարարին: Անհամատեղելի եւ անընդունելի է, սրանք հարցեր են, որոնք շատ արագ պետք է վերանայվեն` առաջնային փոփոխելու համար»:
Օրենքի բացերից է նաեւ դատաբժշկական փորձաքննությունների հետ կապված հարցերը:
«Հիմնականում դատաբժիշկները տղամարդիկ են: Կամ, եթե ուրբաթ երեկոյան է ծեծվել, ինքը պետք է սպասի մինչեւ երկուշաբթի, որպեսզի ստանա եզրակացություն, այնինչ, ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի հենց բժշկի տվածը հիմք ընդունեն: Խնդիր է նաեւ այն, որ եթե կնոջը պետք է այդ բժշկական հետազոտությունն անվճար արվի, պետք է գնա իր տարածքային պոլիկլինիկա, որտեղ ապրում է բռնարարը: Շատ դեպքեր կան, երբ բռնարարին տեղեկացնում են, որ կնոջը տեսել են այսինչ տեղը եւ բռնարարը հետապնդում է: Նման դեպքերում թե՛ սոցիալական աշխատողի եւ թե՛ կնոջ կյանքին վտանգ է սպառնում»:
Ուստի, ըստ տիկին Գեւորգյանի, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելմանը, նվազմանը մենք կհասնենք այն դեպքում, եթե համակարգային փոփոխությունների գնանք:
Ինչ վերաբերում է իրազեկվածության պակասին, ապա, այս առումով էլ, մասնագետը գտնում է, որ պետությունը լուրջ անելիքներ ունի: Մինչդեռ այս հարցը, նույնպես բաց է, եւ իրազեկման գործը քաղհասարակությունն է ստանձնել. «Իրազեկվածության մակարդակը նույնպես ցածր է: Ցավոք սրտի, պետական մակարդակով իրազեկման աշխատանք, քայլ չի կատարվում եւ, ցավոք սրտի, կանանց մեծ մասը տեղյակ չէ օրենքից, որ մենք արդեն ունենք օրենք եւ որ իրենք օրենքով կպաշտպանվեն: Մարզերում ընդհանրապես տեղեկատվությունն անհասանելի է, այս առումով իսկապես լուրջ խնդիր ունենք: Մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներով տեղեկացնել, բայց սա լուրջ աշխատանք է պահանջում, որը պետք է անի պետությունը` համակարգված»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
07.04.2019
Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ- Հայաստանի տեսակետները: