Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լեւոն Յոլյանը նշանակվել է Սահմանադրության պահանջների խախտմամբ»

Հուլիս 05,2019 13:30

Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը դիմում է ՀՀ նախագահին

Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը հայտարարում է՝ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը նշանակվել է այդ պաշտոնին Սահմանադրության պահանջների խախտմամբ:
Արամ Մամիկոնյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին նամակ է ուղղել՝ ուշադրություն հրավիրելով իր նշած խնդրի վրա:

Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ՝

«Մեծարգո պարոն նախագահ

ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ «Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը»:

Ելնելով վերոգրյալից՝ սույնով իրազեկում եմ Ձեզ, որ Լեւոն Յոլյանը Սահմանադրության պահանջների խախտմամբ է զբաղեցնում Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը:

Մասնավորապես, Լեւոն Յոլյանը 2017 թվականի փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովի ԱԺ Ո-222-Ա որոշմամբ նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահ: Այնուհետեւ, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 2018 թվականի ապրիլի 9-ին Վերահսկիչ պալատը դարձել է Հաշվեքննիչ պալատ:

Սահմանադրության փոփոխությունների 220-րդ հոդվածը սահմանում է, որ Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից: Իսկ Լեւոն Յոլյանը, ի տարբերություն Հաշվեքննիչ պալատի ներկայիս որոշ անդամների, անհատական իրավական ակտով նշանակված է եղել ոչ թե որպես Վերահսկիչ պալատի կամ վերջինիս խորհրդի անդամ, այլ՝ որպես Վերահսկիչ պալատի նախագահ: Ակնհայտ է, որ վերոհիշյալ իրավակարգավորումները որեւէ կերպ վերաբերելի չեն Վերահսկիչ պալատի նախագահ ընտրված պաշտոնատարի կողմից նորաստեղծ մարմին հանդիսացող Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում գործունեությունը շարունակելուն: Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք խնդրո առարկայի նկատմամբ կիրառել «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները եւ դրանց ուժով Վերահսկիչ պալատի նախագահին համարել խորհրդի անդամ, ապա ստացվում է, որ ՀՀ Սահմանադրության 220-րդ հոդվածի իմպերատիվ պահանջներով Լեւոն Յոլյանը պետք է Հաշվեքննիչ պալատում շարունակեր պաշտոնավարել ոչ թե որպես նախագահ, այլ՝ որպես պալատի անդամ: Ավելին, հարց է առաջանում, թե նշված իրավակարգավորումների ներքո ինչու է հենց Լեւոն Յոլյանը շարունակում պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ, այլ ոչ թե Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներից Սահմանադրության նույն 220-րդ հոդվածի ուժով Հաշվեքննիչ պալատի անդամ դարձած մեկ այլ անձ… Հավելեմ, որ գոյություն չունի որեւէ իրավական ակտ, որով նախատեսված է Վերահսկիչ պալատի նախագահի որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ պաշտոնավարումը շարունակելու գործընթաց:

Հետեւաբար, Վերահսկիչ պալատի Հաշվեքննիչ պալատ դառնալուց հետո, Ազգային ժողովում, իրավական առումով, պետք է տեղի ունենար Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրություն՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի մասնավորապես 17-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջներին համապատասխան:

Ուստի, խնդրում եմ Ձեզ հանձնարարել նշվածի առնչությամբ կատարել համապատասխան ուսումնասիրություն եւ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատում փաստացի առկա սահմանադրաիրավական ճգնաժամը վերացնելու ուղղությամբ»:

«Առավոտ» օրաթերթ, 

04.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031