Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում ապօրինի միգրացիա կազմակերպելու համար դատապարտվածները դիմել էին Վճռաբեկ դատարան

Հուլիս 05,2019 13:00

Հնդկաստանի քաղաքացի Վարինդերին մեղադրվել էր այն բանի համար, որ նա տեղյակ լինելով Հնդկաստանի քաղաքացիների կողմից ՀՀ գալու ցանկությունների մասին, շահադիտական նպատակներով կազմակերպել էր վերջիններիս անօրինական միգրացիա դեպի Հայաստան:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Վարինդերին դատապարտել էր 3 տարի, իսկ հնդկաստանցի Ջահգջիթին 3 տարի 3 ամիս ժամկետներով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման եւ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Այս գործով Հայաստանի քաղաքացին՝ ամբաստանյալներից երրորդը՝ Աննան, դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման եւ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Նրանց երեքի նկատմամբ էլ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված պահանջագրի, Աննան 2014 թվականի դեկտեմբերի 3-ին դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար եւ դատապարտվել է տուգանքի 500.000 ՀՀ դրամի չափով, սակայն նրա դատվածությունը սույն գործով նրան մեղսագրվող հանցանքի կատարման դրությամբ մարված չի եղել:

Դատարանը, իրավական գնահատականների համաձայն, Աննայի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք պետք է համարեր հանցանքը կատարելու ռեցիդիվը: Ի դեպ, հենց Աննան էլ դիմել է Վճռաբեկ դատարան, իսկ հնդիկները, վերաքննիչ դատարանի որոշումից հետո, «Առավոտի» տեղեկությունների համաձայն, հեռացել են Հայաստանից:

Հիշեցնեմ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառեց հնդիկ երիտասարդների նկատմամբ, իսկ Աննայի մասով դատավճիռը թողնվել էր անփոփոխ: «Միգրացիոն սերիալ հնդիկների եւ հայ կնոջ մասնակցությամբ, Ռամն էլ վկա» հրապարակմամբ (մարտ 07, 2019), «Առավոտը» մանրամասն ներկայացրել էր գործի առանձին հանգամանքները:

Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ կացության կարգավիճակ ստանալու համար ինտերնետային կայքի միջոցով վկաներից մեկը ծանոթացել է Վարինդերի հետ: Վերջինս բնակվում էր Հայաստանում, զբաղվում է ներդրումներ կատարելով, բիզնես ծրագրեր է իրականացնում, հողակտոր է գնել:

Վարինդերի առաջարկով հնդիկ երիտասարդը գալիս է Հայաստան: Նա Հնդկաստանում գործող «Պունջ» գործակալության միջոցով գնում է երկկողմանի տոմսեր եւ իր բարեկամ, վկա Ռամի հետ «Զվարթնոց» օդանավակայանով ժամանում Հայաստան, որտեղ նրանց դիմավորում է Վարինդերը: Վերջինիս եւ Ջահգջիթին պատկանող՝ «Գարու սերվիս» ՍՊ ընկերության եւ Ռամի միջեւ կնքվում է ձեւական աշխատանքային պայմանագիր՝ իբրեւ աշխատում է նշված ՍՊ ընկերությունում: Պայմանագրի կնքումից հետո փաստաբանի միջոցով նրանք դիմում են ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչություն, սակայն ստանում են մերժում:
Վարինդերն, ըստ էության, որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել, իսկ երբ կանչել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, նա այդ ժամանակ է իմացել «անօրինական միգրացիայի» կազմակերպման մասին:

Վերաքննիչ դատարանում էլ Վարինդերն ու նրա պաշտպանը՝ փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախաքննությունից սկսած եւ դատաքննության ողջ փուլում «ապօրինի միգրանտներին»՝ ապաստան է տվել Վարինդերը, նա ինն ամիս նրանց կերակրել է, պահել: Փաստաբանը նաեւ հայտնել էր, որ «ապօրինի միգրացիա կազմակերպելու համար իր պաշտպանյալներին դատել էին, իսկ վկայի կարգավիճակ ստացած «ապօրինի միգրանտներին»՝ ոչ»:

Երրորդ ամբաստանյալը՝ Աննան, որի պաշտպանությունն իրականացնում էր ճանաչված փաստաբան Գարիկ Գալիկյանը, ըստ քրեական գործի նյութերի, իրեն պատկանող` «Ազդարար բացահայտ լուրեր» ՍՊԸ-ի միջոցով` Հնդկաստանում գործող ՀՀ դեսպանություն է ներկայացրել «կեղծ տեղեկատվություն», նպաստելով Հնդկաստանի 14 քաղաքացիների կողմից ՀՀ մուտքի արտոնագրի ստացմանն ու ՀՀ մուտք գործելուն:

Այս գործով ամբաստանյալները եւ վկաները ասում էին, որ «պահանջվող տեղեկատվության» մասին դեսպանատունն է տեղեկացնում, իսկ գործով Հայաստան կանչելու մասին որեւէ գրավոր ապացույց չկար:

Հունիսի 14-ին ՀՀ վճռաբեկ դատարանը՝ քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ ամբաստանյալներ Վարինդերի եւ Ջահգջիթի պաշտպան Գ. Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, պարզել է, որ բողոքը պետք է վերադարձվի հետեւյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն` «Բողոքին կցվում են բողոքի պատճենը գործը քննած դատարան եւ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի եւ հետաքննության մարմնի) ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը»:

Մինչդեռ, ըստ դատարանի, բողոքաբերի վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից երեւում է, որ բացակայում է բողոքի պատճենը դատախազին ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթը. «Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.1-րդ մասի պահանջը պահպանված չէ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանում է մինչեւ մեկամսյա ժամկետ՝ ձեւական սխալները շտկելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի ձեւական սխալը շտկելու եւ այն կրկին ներկայացնելու համար պետք է սահմանել 10-օրյա ժամկետ:

Վճռաբեկ դատարանն արձանագրել էր նաեւ, որ նշված որոշմամբ մատնանշված թերությունը վերացնելու միջոցով բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի պահանջներին սահմանված ժամկետում չհամապատասխանեցնելու կամ կրկին ներկայացվող բողոքում նոր ձեւական սխալ թույլ տալու պարագայում այն կդիտարկվի որպես ամբողջությամբ նոր բերված բողոք` դրանից բխող իրավական հետեւանքներով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ Աննայի պաշտպան Գ. Գալիկյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել էր, վճռաբեկ բողոքի ձեւական սխալը շտկելու եւ այն կրկին ներկայացնելու համար սահմանվել էր 20-օրյա ժամկետ` սույն որոշումն ստանալու պահից:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031