Լրահոս
Օրվա լրահոսը

Փոթորիկներ մեկ բաժակ ջրում

Հուլիս 05,2019 12:00

Սահմանադրությունը ճաքեր է տալիս, իսկ մենք համառորեն փորձում ենք փրկել այդ խորտակվող նավը: Առկա է լուրջ սահմանադրական ճգնաժամ, որն անհասկանալի պատճառներով անուշադրության է մատնվել: Եվ ինչ ենք քննարկում` Հրայր Թովմասյանը, թե Վահե Գրիգորյանն է Սահմանադրական դատարանի իրական նախագահը: Անիմաստ վեճ, քանի որ այն ունի մեկ իրավական պատասխան` Հայաստանի Հանրապետությունը չունի Սահմանադրություն, այն ժողովրդից հափշտակել են, ուստի նման դատարան նույնպես գոյություն ունենալ չի կարող: Մենք այժմ անում ենք այն, ինչ արել ենք մինչեւ հեղափոխությունը, անտեսելով գլխավոր խնդիրները՝ փոքրիկ փոթորիկներ ենք ստեղծում նրա շուրջ, հստակ հասկանալով, որ իրական խնդիրն այն չի լուծելու եւ, ինչ ընթացք էլ ստանա Գրիգորյան-Թովմասյան պատմությունը, բոլորիս կոկորդի խորքում առկա տհաճ դառնությունը չի վերանալու:

Իրականում եթե չլիներ քաղաքական գործոնը, հարցը շատ հեշտ կարող էր լուծվել: Որպես օրինակ դիտարկենք ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման գործընթացը, երբ ՀՀ ոստիկանության եւ պաշտպանության նախարարության քննչական ապարատները միավորվեցին մեկ կառույցում, որեւէ խնդիր չառաջացավ, քանի որ բացակայում էին քաղաքական ենթատեքստերը, հրամաններով բոլորին ազատեցին աշխատանքից` կառույցների լուծարման կապակցությամբ, իսկ այլ հրամաններով այդ նույն մարդիկ ընդունվեցին աշխատանքի եւ վերջ: Կարծում եք ներկայիս եւ նախկին իշխանավորները չգիտեն այս ամենի մասին` ինձանից էլ լավ գիտեն, սակայն կողմերը դժվար թե գնան այս քայլին: Ներկայիս Սահմանադրական դատարանի անդամներն ուղղակի հրաժարական չեն տա մինչեւ իրենք երաշխիքներ չունենան, որ կվերանշանակեն որպես դատավոր, իսկ ներկա իշխանությունները չեն գնա այս քայլին, քանի որ, մեղմ ասած, զգուշանում են նրանցից: Այդ պատճառով էլ կողմերը չեն խոսում այս պարզ լուծման մասին: Եթե նրանք սկսեն խոսել այս մասին, մի կողմը ստիպված պետք է մյուս կողմին մեղադրի Սահմանադրական դատարանը զավթելու, իսկ մյուս կողմը նախկին ռեժիմի վերաարտադրման անհնարության մասին եւ, ի հայտ կգա իրական պատճառը՝ աթոռի կռիվը, իսկ ներկա թերի եւ ականներով լի Սահմանադրությունը բոլոր կողմերին ձեռք է տալիս` ժողովուրդը մի կողմ դրած:

Սակայն այստեղ նաեւ լավ լուր կա, փաստորեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը մեզ ապուշներ չեն համարում, նրանք հասկանում են, որ հենց այնպես Սահմանադրություն չես «սղացնի» եւ դա է պատճառը, որ այդ անիմաստ Սահմանադրությունը դեռեւս գոյատեւում է մեր երկրում: Բոլորը գիտեն՝ Սահմանադրությունը գրված է հապճեպ, ներկայումս տապալված կոնկրետ մարդկանց շահերը սպասարկելու համար եւ նրանց հեռացմամբ այն ծառայեցնել ներկայիս իրականությանն անհնարին է` Հայաստանի Հանրապետությունն այլեւս այլ երկիր է եւ որքան շուտ հասկանանք այդ իրողությունը, այնքան քիչ ականներ կպայթեն մեր ոտքերի տակ: Այն, որ նախկին Սահմանադրությունն Աստվածաշունչ չէր, հասկանում են բոլորը, սակայն այն ուներ որոշակի լեգիտիմություն: Ճիշտ է, կուսակցություններից շատերին նույնպես դուր է գալիս պառլամենտական երկիր լինելու գաղափարը, իսկ ժողովրդի կարծիքն էլ հարցնելու ցանկություն չկա: Եվ քանի դեռ այդպես է` ամենուր մեզ սպասելու են ծուղակներ: Ուստի ամենակարեւոր հարցը, որին մենք համառորեն չենք ցանկանում պատասխանել, մնում է օդում կախված՝ երբ ենք հանրաքվեի միջոցով պարզելու՝ ի վերջո, որ քաղաքական ուղին ենք մենք ընտրել: Առաջարկում եմ անտեսել այս հանգամանքը, նշանակել մնացած դատավորներին, ստեղծել իրական հակամարտություն, Սահմանադրական դատարանում վերափոխել նախորդ եւ ներկայիս սահմանադրությունները, ուղարկել երկուսն էլ Վենետիկի հանձնաժողով, ստանալ դրանք եւ դնել հանրաքվեի ու կլուծվի երկրի թիվ մեկ խնդիրը, ժողովուրդը կստանա բացառիկ հնարավորություն իր քաղաքական ուղին ընտրելու: Այս պարագայում մենք ոչ թե որոշակի փոփոխություններ կմտցնենք, այլ կդնենք իրական հեղափոխական բարեփոխումների սկիզբը:

ԺԻՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031