Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճ, հյուրասիրություն, պիկնիկ. մեկնարկեց ԼՀԿ առանց փողկապի հանդիպումների շարքը

Հուլիս 04,2019 23:49

Սուրճ, հյուրասիրություն, պիկնիկ և քաղաքական զրույցներ: Երևանի Թումանյանի անվան (Թումոյի) այգում այսօր մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) Երևանի խորհրդի նախաձեռնած  «Հանդիպումներ՝ առանց փողկապի» հանդիպումների շարքը՝ ԼՀԿ պատգամավորների հետ:

Թումոյի այգում ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, Սարգիս Ալեքսանյանը, Կարեն Սիմոնյանը, Հարություն Բաբայանը, ԼՀԿ Երևանի խորհրդի անդամները և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատասխանեցին քաղաքացիների հարցերին:

Aravot.am-ը ԼՀԿ մամուլի քարտուղար Արեն Պետունցից հետաքրքվեց՝ որտեղի՞ց առաջացավ նման հանդիպումների շարք կազմակերպելու գաղափարը: Նա պատասխանեց. «Լուսավոր Հայաստան կուսակցությունը միշտ էլ լսումներ՝ այսպես կոչված listening tour-եր կազմակերպել է նաև տարբեր մարզերում: Այս ձևաչափն էլ ևս մեկ հնարավորություն է քաղաքացիների հետ կենդանի շփվելու, մարդկանց մեջ լինելու, նրանց հետ ծանոթանալու, ինչը պարտավոր են անել պատգամավորները»: Արեն Պետունցն ասաց՝ ամառվա ընթացքում, քանի որ ԱԺ-ում արձակուրդ է լինելու, նման հանդիպումները կլինեն շատ ավելի ակտիվ, հետագայում նախատեսվում են նաև մարզերում հանդիպումներ՝ մարզային խորհուրդների կազմակերպմամբ:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի բնորոշմամբ՝  բավականին ակտիվ էին հատկապես երիտասարդները. «Պատրաստակամ էին զրուցելու, ներկայացնելու խնդիրները: Այդպիսով շատ տեսանելի է դառնում, թե քաղաքացիների համար որ խնդիրներն են առաջնահերթ: Բնական է՝ մենք խնդիրներին տիրապետում ենք, բայց այս հանդիպումների առանցքային օգտակարությունը մեզ համար այն է, որ հասկանում ենք քաղաքացիների համար առաջնահերթությունները»: ԼՀԿ անդամների հետ քաղաքացիները զրուցեցին քաղաքային խնդիրներից մինչև քաղաքական հարցերին առնչվող թեմաներով: Օրինակ՝ մի քաղաքացի Դավիթ Խաժակյանի հետ զրույցում հարց բարձրացրեց քաղծառայության ինստիտուտի հետ կապված. նա սրտնեղում էր, որ կա որոշակի խտրական մոտեցում քաղծառայողների և ասենք տեսչական ղեկավարի պաշտոնի նշանակման ստաժների հետ կապ:

Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցինք՝ իսկ չկայի՞ն քաղաքացիներ, որ ԼՀԿ ներկայացուցիչներին մեղադրում էին կեղծ ընդդիմություն լինելու մեջ, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Մենք չհանդիպեցինք ֆեյսբուքյան էն ֆեյքին, զոմբի են ասում, որոնք մեզ կասեին, թե ինչու եք քննադատում: Մարդիկ գնահատում են մեր մոտեցումները, նույնիսկ եթե չեն կիսում,  համարում են, որ այդ խնդիրները պետք է բարձրաձայնվեն և իրենք էլ են այդ խնդիրները տեսնում: Հաճախ այդ հակաքարոզչությունը, որ ֆեյսբուքում կա, բացասականը, այստեղ՝ իրական կյանքում չենք տեսնում: Ակնկալում էինք, որ գոնե մարդկանց ինչ-որ մի մասը գոնե այդ կարծիքը պետք է արտահայտի, որովհետև ի վերջո մարդիկ կաշկանդվելու բան չունեն, սակայն նման հարցադրում չի առաջացել: Մարդիկ ասում են՝ նորմալ է՝ դուք ընդդիմություն եք և պետք է բարձրաձայնեք այդ խնդիրները»:

Մեր հարցին՝ քաղաքացիների հետ շփումներն ի՞նչ ցույց տվեցին. մարդիկ սկսել են ավելի լա՞վ ապրել, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Բնականաբար, ոչ: Մարդկանց մոտ սպասումներ շարունակում են լինել, բայց այդուհանդերձ այս մեկ տարվա ընթացքում մարդկանց մոտ որոշակի ակնկալիքների փոփոխություն է զգացվում, արդեն սկսում են հարցեր առաջանալ իսկ հնարավոր չէ՞ր արդյոք մեկ տարում այդ խնդիրը լուծել: Այս առումով թե′ իշխանությունը, թե′ ընդդիմությունը լուրջ անելիք ունի, քանի որ քաղաքացիների ակնկալիքները բավարարելը բոլորիս խնդիրն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031