Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի՝ 1984 թվականին նկարահանված «Մեր մանկության տանգոն» ֆիլմում Վարդուշի կերպարը մարմնավորած ՀՀ վաստակավոր արտիստ Էլինա Աղամյանն այսօր Գյումրիում Մհեր Մկրտչյանի ծննդյան տոնին մասնակցելիս՝ մի շատ հետաքրքիր դրվագ հիշեց նկարահանումից։
«Մի դրվագ կա, որ Ֆրունզիկը ապտակում էր Վարդուշին։ Ապտակում էր, բայց օդում էր ապտակում, մեկ-երկու անգամ ապտակեց օդում, ասացի՝ Ֆրունզիկ Մուշեղիչ, խնդրում եմ իրական ապտակեք, մի կարգին խփեք, որ ես զգամ ապտակը։ Ասավ ՝ հա՞, ուզում ես իրական խփե՞մ, այնպես զարկեմ, որ աչքերիցդ կրակ թափվի, բայց չզարկեց, նորից օդում էր ու հասկանալի էր, ձեռքը չէր բարձրանում, որ ապտակի։ Դա բարության գերագույն դրսևորում էր»,- ասում է դերասանուհին։
Նա նաև հիշում է, որ մի անգամ նեղացել էր Ալբերտ Մկրտչյանից, թեև նա էր իրեն հրավիրել «Մեր մանկության տանգոն» ֆիլմում խաղալու։ Դերասանուհու ասելով, Գյումրու բարբառն իր համար խորթ էր, գիշեր-ցերեկ աշխատում էր, սակայն իր ձայնը փոխել էին։
«Իր տիկինը՝ Թամարան, ձայնագրեց իմ ձայնը, նա է ֆիլմը ձայնագրել, ես շատ ազդվել էի, Ալբերտ Մուշեղիչից նեղացել էի, որովհետև ես գիշեր-ցերեկ աշխատում էի ամեն բառի վրա։ Շիրակի բարբառով էդքան աշխատանքից հետո, Ալբերտ Մուշեղիչին ասացի՝ ես չեմ մոռանա դա, որովհետև դուք զրկել եք ինձ իմ իսկությունից։ Ֆիլմի կեսը դա դերասանի ձայնն է, խոսքն է, նրա զգացմունքները, հույզերը ձայնով են արտահայտվում, շատ մեծ զենք է ձայնը։ Ալբերտ Մուշեղիչն ասաց՝ Էլինա ջան, քո ձայնն այնքան կիրթ է, այնքան արիստոկրատ է հնչում, այս բառերը մեջտեղ բերեց, ես հասկացա ու հաշտվեցի այդ մտքի հետ։ Չնայած շատ կուզենայի, ձայնը շատ կարևոր է»,- ասաց դերասանուհին։
Կարդացեք նաև
Ֆիլմում Ֆրունզի երիտասարդությունը մարմնավորող Արմենի դերակատարը՝ Սամվել Սարգսյանն էլ ասում է․ «Դժվար էր այնքան, որ դու պիտի խաղաս Ֆրունզի ջահելությունը, մանավանդ ոչինչ չես տեսել, պարզապես լսել ես այդ ամեն ինչի մասին։ Մարդիկ կային, որոնք այդ ժամանակվանից կենդանի էին մնացել և ինչ-որ բաներ էին ասում, թե գիտես Ֆրունզն այսպես, Ֆրունզն այնպես․․ Ֆիլմը, ի վերջո, իրենց ընտանիքի մասին է, վիճակը ծաղկեցրած է, դեպքերը փոխած են, ասենք մարդիկ կային, որոնք այդ ժամակվանից մնացել էին քաղաքում, տեսել էին և՛ Ֆրունզի մորը, և ՛ հորը, ասում էին՝ ըդիկ ըդպես չի եղել։ Ասում էին՝ ճիշտ է, Ֆրունզի մայրը ճաշարան կաշխատեր, աման լվացող է եղել, ինչ-որ կմնար, կբերեր տուն, որ երեխեքն ուտեն։ Եթե Գալյա Նովենցն ու Ֆրունզը չլինեին, այս ֆիլմը մինչև հիմա այդպես հաճույքով չէին նայի»։
Դերասանը հիշում է, որ նկարահանումների ժամանակ գյումրեցիները հավաքվում էին։ «Երբ տեսարանը դրսում էր նկարահանվում, ասենք այգում, այգին այդ օրը ծփում էր խաղաղ բնակչությամբ, ասիստենտներն անընդհատ ասում էին՝ Ֆրունզին մի մոտեցեք, Գալյային մի մոտեցեք, ձեր համար ընդեղ նայեք, տո ըսպես էլ բան էղնի, այ մարդ, խանգարեք գը, ժողովուրդն ուզում էր մոտենար, նկարվեր»,-հիշում է դերասանը։
Հարցին, թե որ դրվանգն է ամենաշատ տպավորվել իր մոտ, Սամվել Սարգսյանը պատասխանեց. «Ես ու Ֆրունզն ենք գարեջուր խմելով, էն որ բուդկի մոտ կանգնած Ֆրունզը ստիպում է ինձ խմել, տեքստն էլ է լավը, ասում է՝ դերասան ես, պիտի խմես։ Ասի՝ ինչի՞, ո՞վ է որոշել, որ սաղ դերասանները խմող են։ Ու ես խմում էի, Ալբերտ Մուշեղիչին զգուշացրեցի, ասացի՝ Ալբերտ Մուշեղիչ, ես պիվա խմող չեմ, ինչքան հնարավոր է, մի երկու դուբլ արեք, դա ձևականություն չէ կամ մոնտաժ չէ, գարեջուրն էլ էնքան տաք էր։ Ասին՝ մի դուբլ էլ էնտեղից պիտի նկարենք, Ֆրունզն էկավ, փրկեց, ասաց՝ այ տղա, ինչ կուզես էս տղուց, հերիք է , լավ է, վերջացավ, Սամվել ջան, գնա, տղեք, տարեք Սամվելին»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ