Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են կենսաթոշակների հասցեականության բարձրացմանն ուղղված հարցեր

Հուլիս 04,2019 22:35

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի hաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովը Տիգրան Ուլիխանյանի նախագահությամբ հուլիսի 4-ին հրավիրած նիստում քննարկել է կենսաթոշակային ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ, ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամներ, փորձագետներ:

ՀՀ հաշվեքննիչ պալատն իրականացրել է հաշվեքննություն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2017-2018թթ. պետական բյուջեի միջոցների օգտագործման վերաբերյալ:

Կենսաթոշակների վճարման հասցեականության համակարգում հայտնաբերվել են բազմաթիվ անճշտություններ ու թերություններ: Վճարված շուրջ 194 միլիարդ դրամ կենսաթոշակի 80 տոկոսն իրականացվել է կանխիկ եղանակով: Մոտ 617 միլիոն դրամ գումար է տրամադրվել անձանց, ովքեր բացակայել են հանրապետությունից. երկրից 3- 9 ամիս բացակայող քաղաքացիներին տրվել է շուրջ 4միլիարդ դրամ: Խնդիրներ են արձանագրվել լիազորագրով թոշակ ստացողների շրջանում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, քարտեզագրվել են խնդիրները եւ մոտ ապագայում կտրվեն դրանց լուծումներ:

Փոխնախարարը, կարեւորելով թոշակների անկանխիկ վճարման կարգը, նկատել է, որ թոշակառուներից շատերը դեմ են դրան:

Ենթահանձնաժողովի նախագահը կարեւոր է համարել խնդիրներին համակարգային եւ իրավական լուծումներ տալը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը խոսել է տեղեկատվական բազաների խնդիրներից: Ըստ նրա՝ շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով փորձ է արվելու նպաստների բազմաբաղադրիչ համակարգը հստակեցնել՝ դարձնելով պարզ ու թափանցիկ:

Պատգամավոր Արթուր Գրիգորյանը ոլորտի խնդիրները լուծելու գործում կարեւորել է սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը:

Տիգրան Ուլիխանյանը տեղեկացրել է, որ այսօրինակ բազմակողմ քննարկումները լինելու են շարունակական:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031